Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի մասը փողոցներում մարդ է որոնում, մի մասն էլ` տեղը նստած փող է աշխատում»

Սեպտեմբեր 12,2016 17:45

Տաքսի ծառայությունների շուկա «Yandex»-ի մուտք գործելը մի շարք անհատ տաքսու վարորդների դժգոհություն ու զայրույթը հարուցեց: Նախքան այդ էլ նշյալ վարորդները տասնյակ խնդիրներ էին բարձրացնում դաշտը համակարգող տրանսպորտի եւ կապի նախարարության պատասխանատուների առաջ, սակայն, ինչպես նրանք են նշում առցանց աշխատող «Yandex»-ը, որը առավել արտոնյալ, այսինքն` անհավասար պայմաններում է աշխատում իրենց համեմատությամբ, էլ ավելի է խորացրել այդ խնդիրները:

Նախ, անհատ տաքսիստների խոսքերով, նախարար Գագիկ Բեգլարյանը, երբ դեռ նոր էր շուկա մտնում «Yandex»-ը, վստահեցրեց, որ վերահսկելու են, որպեսզի «Yandex»-ը միմիայն լիցենզավորված տաքսիների հետ պայմանագրեր կնքի, սակայն այսօր առցանց աշխատող այս տաքսին ունի պայմանավորվածություններ մի շարք տաքսիների հետ, որոնք գործում են որպես տաքսի, սակայն լիցենզիա չունեն: Այսինքն`լիցենզավորված տաքսիները, որոնք ամսական 12 հազար դրամ են վճարում օրինական դաշտում աշխատելու համար անհավասար պայմաններում են հայտնվում լիցենզիա չունեցողների հետ:

Վարորդների դժգոհությունները լսելու նպատակով նախորդ ուրբաթ, սեպտեմբերի 9-ին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստ էր հրավիրվել, որին մասնակցում էին նաեւ «ՋիՋի» եւ «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ տաքսու վարորդներ: Նրանց պահանջներից մեկը եղել է անհատ տաքսիստների լիզենզավորման կարգը հանելը:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքէջից, աշխատանքային խմբի ղեկավարը` նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը նշել է, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա 15-օրյա ժամկետում կուսումնասիրվեն ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին կներկայացվեն տրանսպորտի եւ կապի ոլորտում լիցենզիաներ տրամադրելու չափանիշներն ու պայմանները վերանայելու եւ հստակեցնելու, ոլորտի օրենսդրական պահանջները հնարավորին կրճատելու եւ գործող մեխանիզմները պարզեցնելու վերաբերյալ առաջարկությունները:

Քննարկմանը ներկա է եղել նաեւ սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանը անհատ տաքսիստների բողոքը արդարացի համարեց. «Անունը դրել են լիբերիզացիա, բայց այդ դաշտում ծայրահեղ վիճակ է»: Նրա խոսքերով, քանի որ դաշտը կարգավորված չէ «մի մասը փողոցներում մարդ է որոնում, մի մասն էլ` տեղը նստած փող են աշխատում»:

Պարոն Պողոսյանի համոզմամբ, տաքսին չի կարող չտարբերվել մնացած փոխադրամիջոցներից, սակայն մեզ մոտ դեղին պետհամարանիշները մեկ պարտադիր էին, մեկ հանեցին. «Իսկ այդ դեղին պետհամարանիշի համար մի մասը ահագին գումարներ վճարեցին ու ստացան, բայց մեկ էլ որոշեցին որ պետք չէ, բայց սպառողը պետք է, չէ՞ ինչ-որ կերպ հասկանա ում հետ գործ ունի, վստահ լինի, որ վարորդը պրոֆեսիոնալ է»:

Ինչ վերաբերում է առցանց աշխատող տաքսի ծառայություններին, ապա պարոն Պողոսյանն ասաց, որ «կյանքը առաջ է գնում եւ այդ ամենի դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ օրենսդրորեն ամրագրել, որ նրանք, ոչ թե տաքսի ծառայություն են, այլ` տաքսի ծառայության եւ պատվիրատուի միջեւ կապ հաստատող»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930