Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սկզբունքներից հետ կանգնելով՝ գնացինք այս քայլին. պատրաստ ենք որոշ բաներ զիջել». Հովհաննես Սահակյան

Սեպտեմբեր 12,2016 17:10

Օրեր առաջ ընդդիմության, իշխանության եւ քաղհասարակության որոշ ներկայացուցիչների կողմից Ընտրական նոր օրենսգրքի շուրջ նոր համաձայնագիր է նախաստորագրվել, որից կարծես թե գոհ են բոլոր կողմերը:

Ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ այս օրենսգրքով էապես կկրճատվեն ընտրակեղծարարության ծավալները:

Այս առնչությամբ մենք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչը ստիպեց իշխանությանը ընդդիմությանն այսպես ընդառաջ գնալ եւ կատարել բոլոր պահանջները, ընդդիմությունից ասում են, որ ԵՄ-ից լուրջ ճնշումներ կան, իշխանություններին այլեւս փող չեն տալիս, արդյոք դա՞ է պատճառը՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Խնդիրը դա չէ: 2017-ին մենք ունենք բավականին լուրջ համապետական ընտրություն: Նոր Սահմանադրության, նոր կառավարման ձեւի խորհրդարանի առումով: Խորհրդարանը պետք է ձեւավորի իշխանական ամբողջ բուրգը: Վարչապետն ընտրվելու է ԱԺ-ից, երկրի նախագահը նույնպես ընտրվելու է ԱԺ-ի կողմից, դատական իշխանության բուրգի վերեւի հատվածը նույնպես ընտրվելու են ԱԺ-ից: Մյուս վերահսկողական գործառույթները եւ սահմանադրական մարմինների պաշտոնյաների ընտրությունը նույնպես ԱԺ-ում է լինելու: Այդ առումով կարեւոր է, որ ունենանք ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Դա կարելի է ապահովել, երբ մենք կունենանք համապատասխան վստահության մթնոլորտ»:

Մենք հիշեցրինք, թե ինչպես էր ԱԺ-ում Դավիթ Հարությունյանը կատեգորիկ մերժում ընտրացուցակների հրապարակումը՝ համարելով դա անձի գաղտնիության բացահայտում, ասում էր՝ ոստիկանական պետությու՞ն ենք դառնալու, ընդդիմությունը մեզ չի կարող պարտադրել իր պահանջները: Հիմա ստացվում է, որ ընդդիմությունը կարողացա՞վ պարտադրել՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ պարզապես առաջնային խնդիրները երկրորդայինից վեր են դասել. «Մենք մեր ժողովրդի շահերից ելնելով՝ անպայման հետքայլ կարող ենք անել»:

Մեր հարցին՝ դա վտանգ չի՞ ստեղծի իշխանության համար, եթե ընտրակեղծիքները բացառվեն, ՀՀԿ-ն գուցե չընտրվի՝ նա պատասխանեց. «Ես անձամբ մնում եմ այն տեսակետին, որ ընտրացուցակները հրապարակելը սխալ է, կարող է առաջացնել այլ խնդիրներ, դրա հետեւանքները հետագայում վերացնելը կարող է ավելի դժվար ու ծանր լինի: Բայց դե, հիմա եթե եկել ենք այն եզրակացության, որ դրա արդյունքում մենք վստահություն կունենանք, ինչու չէ, մենք էլ պատրաստ ենք որոշ բաներ զիջել ու գնալ ընդառաջ: Եթե մի բան անում ես՝ պետք է մյուսը զոհաբերես: Եթե մենք կունենանք ավելի վստահելի ընտրություններ, մեր երկրի շահերից է դա բխում»:

Մենք եւս մեկ անգամ ճշտեցինք՝ այդ քայլին գնալը վտանգավոր չէ՞ իշխանության համար, մտավախություն չունե՞ք, որ չեք ընտրվի՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Մշտապես ընտրություններից հետո պարտվող կողմը մեղադրանքներ է ուղղել դեպի իշխանություն, որ կեղծել են եւ այլն: Հիմա մեր սկզբունքներից հետ կանգնելով՝ գնացինք այս քայլին, հիմա տեսնենք ինչ կասեն: Եթե էլի կասեն, որ ընտրությունը կեղծել են, արդեն չգիտեմ: Մենք վտանգ չենք տեսնում եւ մտավախություն չունենք, որ չենք ընտրվի, որովհետեւ ժողովուրդը գիտի ու կգնա, կընտրի իր համար 5 տարվա համար իշխանություններին»:

ԱԺ-ում ասում էիք, որ եթե անգամ մատները թանաքոտեն, ինչ ուզում է անեք, եթե ուզենան, պոզ ու պոչ կպցնել ամենաթափանցիկ, ամենաարդար ընտրություններին՝ էլի կկպցնեն: Հիմա էլ արդեն քննարկվում է, որ ՀՀԿ-ականները անպայման կունենան մի պահեստային քայլ, մի մեխանիզմ, որով կկարողանան բոլորին մատների վրա խաղացնել, ուրեմն ինչո՞ւ եք վստահ, որ այս քայլով հասարակության վստահությունը կմեծանա՝ նա պատասխանեց. «Կան մարդիկ, ուժեր, անհատներ, որոնց ձեռնտու չեն նորմալ ընտրությունները: Մնացել էր վերջին կետը՝ ցուցակների հրապարակումը: Եթե հիշողությունը լարենք, կհիշենք, որ 4+4+4 ձեւաչափում ընդդիմադիր ուժերը նշում էին, որ այն, ինչի շուրջ բանակցում ենք, երկրորդային են, առաջնայինը ցուցակների հրապարակումն է, մնացածը կեղծ են: Հիմա տեսենք, թե մյուս քաղաքական ուժերը ոնց են իրենց դրսեւորում: Այդ խոսքերը, որ պահեստային տարբերակներ կունենանք, դրանք ուղղորդված են եւ մթնոլորտը կեղտոտելու համար են: Ուզում են մի իրավիճակ ստեղծեն, որ նորմալ ընտրություններ չիրականանան»:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ ստորագրությունները հրապարակելուց հետո էլ մտավախություն կա, որ էլի կբողոքեն ու կասեն՝ կեղծեցին. «Հիմա ամբողջ ՀՀ-ով մեկ եթե հանկարծ տեխնիկայի հետ կապված կամ ընտրացուցակների հետ կապված խնդիրներ առաջանան՝ չի բացառվում, որ դա շահարկման լուրջ առարկա կդառնա: Դրա համար պետք է իշխանությունը կրկնակի ուշադրությունը լարի, որ որեւէ խախտում չլինի: Եթե խափանումներ էլ նկատվեն՝ արագ փոխարինվեն, որ հետագայում շահարկումների առիթ չլինի: Երեւանի մատույցներից դուրս գանք՝ գյուղական բնակավայրերում այդ տեխնիկան աշխատեցնելը ռեալ խնդիրներ կարող է առաջացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930