Օգոստոսի 21-ի առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղի սահմանագոտում, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում հակահետեւակային ականների վրա 7 կով է պայթել: Դրանք պատկանում էին Ոսկեպարի 3 բնակչի:
Կովատերերից մեկին հաջողվել է Ոսկեպար գետն անցնելով՝ վիրավոր կովերից մեկին հանել եւ սպանդի ենթարկել: Վիրավոր կովը ականի վրա պայթելով՝ զառիվայրից գետի ափն է գլորվել: Եւս մեկ կով վիրավոր վիճակում կարողացել է ականապատ դաշտից դուրս գալ: Այդ անասունը եւս սպանդի է ենթարկվել: Մնացած կովերը ականապատ տեղանքում սատկելով՝ վայրի գազանների եւ թռչունների բաժին են դարձել; Նշենք, որ այդ հատվածում փշալար կա եւ ականապատ դաշտի մասին ցուցանակ:
Ոսկեպար համայնքից տեղեկացանք,որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եղել են սահմանամերձ Ոսկեպարում, զրուցել ականների վրա պայթած կովերի տերերի հետ, նրանց հարցրել կովերի կաթնատվության, ընտանիքների ապրուստի մեջ կովերի տված եկամտի չափի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև