Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ կլինի` «Ալյանսի» թեկնածուն պարզի, թե ովքեր են հերյուրանքներ տպագրողները». «ԳԱԼԱ»-ի պարզաբանումը

Սեպտեմբեր 12,2016 16:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ալյանս» կուսակցության մամուլի պատասխանատու Վարդան Քոչարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակում ընդդիմադիր «ԳԱԼԱ» կուսակցությունն իշխանությանը թիրախավորելու փոխարեն թիրախավորել է «Ալյանսին»:

Այս առնչությամբ «ԳԱԼԱ»-ի վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ալյանս» կուսակցությունը եւ դրա անդամներն իրենց  հավանաբար շատ են կարեւորում, որովհետեւ իրենք իրենցից այդքան չեն ներկայացնում, որ Գյումրիում ինչ-որ մեկի թիրախում հայտնվեն: Մենք ընդհանրապես չենք թիրախավորել ոչ «Ալյանս»-ին, ոչ իրենց ներկայացուցչին: «ԳԱԼԱ»-ն ի սկզբանե հայտարարել է, որ իր թիրախում իշխանություններն են: Թիրախավորումը Սերժ Սարգսյանին եւ նրա «արբանյակ» ուժերին է վերաբերում: Մենք ասել ենք, որ մեր պայքարի տրամաբանությունը դրանում է կայանում: Եթե «Ալյանս»-ից նման հայտարարություն են անում, նշանակում է` «Ալյանսը» ինքնախոստովանում է, որ ինքն էլ է աշխատում ՀՀԿ-ի վերարտադրության համար»:

Նկատենք, որ օրերս Գյումրու քաղաքապետի թեկնածու, «Ալյանս»-ից առաջադրված Արմեն Բադալյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Տեղյակ եմ, որ «ԳԱԼԱ» հեռուստատեսության ղեկավարին ու նույնանուն կուսակցության նախագահին վրդովեցրել է fact.am կայքում տեղադրված Գյումրու քաղաքապետարանի մի աշխատակցի հայտարարությունները իր մասին: Իսկ քանի որ այդ կայքի դոմեյնը գրանցված է իմ անվամբ, ինչը չի նշանակում սեփականության կամ տիրապետման իրավունքի առկայություն բուն կայքի նկատմամբ, այլ այն պարզապես հաշվառված է համացանցային էջերի էլեկտրոնային ռեգիստրում, «ԳԱԼԱ» -ն որոշել է թիրախավորել ինձ: Այդուհանդերձ այդ կայքը թեև ինձ հետ առնչվել է, սակայն, կրկնում եմ, այն ինձ չի պատկանում: Իսկ թե ով է փորձել «պղտորել ջրերն» ու սեպ խրել երկու ընդդիմադիր ուժերի մեջ, կամ ում է դա ձեռնտու, պետք է որ պարզ լինի բոլորին: Առաջարկում եմ համատեղ ուժերով բացահայտել»:

Սրա շուրջ էլ Քրիստինե Մկրտչյանը պարզաբանեց. «Արմեն Բադալյանը մեզ պետք է ուղարկի կայքի առուվաճառքի փաստաթղթերը, քանի որ իր անվամբ կայքում հերյուրանքներ էին հրապարակվել «ԳԱԼԱ» կուսակցության ղեկավարի հասցեին: Նա հայտարարում էր, որ վաճառել է կայքը, ճիշտ կլինի` պարզի, թե ովքեր են հերյուրանքներ տպագրողները: Մինչեւ հիմա մենք սպասում ենք փաստաթղթերին: Քանի որ այդ կայքում հերյուրանքներ են տպագրվում, այդպես վատություն է արվում հենց Արմեն Բադալյանին, որովհետեւ այդ կայքը գրանցված է իր անունով: Նախ, թող Արմեն Բադալյանը պարզի, թե ում է վաճառել կայքը, որը հիմա գոյություն չունի: Նա եկել էր այստեղ, նաեւ նամակ գրել, որ կայքը վաճառել է, բայց չգիտի` ում: Նա խնդիր ունի` թող գնա պարզի, թե ում է վաճառել, գտնի այդ մարդկանց եւ պարզի, թե ովքեր են այդ դեպքում իրեն վատություն արել: Այդ կայքն անհայտացավ, թե ովքեր ոչնչացրեցին` անհայտ է, կարծում եմ` հետագայում կպարզվի: Մենք սպասում ենք առուվաճառքի փաստաթղթերին: Եթե առուվաճառքը բանավոր է եղել, թող ասի, այնուամենայնիվ, սպասում ենք նաեւ փաստաթղթերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930