Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կմասնակցի՞ ՆԱՏՕ-Վրաստան վարժանքներին

Սեպտեմբեր 12,2016 15:39

«Ակնկալում ենք, որ Հայաստանը նոյեմբերին կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան վարժանքներին»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լայհուն`ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» սեմինարի ժամանակ: Այն կազմակերպել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»`Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ:

ՆԱՏՕ-ի պաշտոնյան նկատում է`Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարեւոր գործընկեր է եղել 1990-ականներից. «Գործընկերն ինքն է որոշում ի՞նչ քաղել այդ հարաբերություններից: ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին մեր գործընկերությունը չի խոչընդոտում, քանի որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում ի՞նչ չափով գործակցել»: Դեսպանը տեղեկացրեց, որ անցած տարվանից սկսել են աշխատել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ. արդեն երեք դասընթաց են կազմակերպել:

mats-2Ուիլիամ Լահուն անդրադարձավ ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին`նկատելով, որ այդտեղ վերահաստատվեց ալյանսի անդամ պետություններին ու նրանց քաղաքացիներին պաշտպանելու դիրքորոշումը`հաշվի առնելով առկա մարտահրավերները: «ՌԴ-ն գնալով ավելի ագրեսիվ, միլիտարիստական է դառնում իր հարեւանների համար, ուժ է կիրառում Արեւելյան Ուկրաինայում`քաղաքական նպատակներով, Ղրիմում: Հետեւաբար, ալյանսը պետք է հավաստիացնի իր քաղաքացիներին, որ նրանք անվտանգ են: Հաջորդ ուղղությունը կայունությունն է, քանի որ երկրներն իրենց անվտանգ չեն զգում քաղաքական անկայունության եւ պատերազմների պատճառով»,- մանրամասնեց նա`հավելելով, որ Հունաստանին եւ Թուրքիային աջակցություն կցուցաբերի`միգրանտների խնդիրները լուծելու համար, ՆԱՏՕ-ն հետախուզական տվյալներ կտրամադրի որոշ երկրների`ապօրինի սահմանահատումների թիվը նվազեցնելու համար, քանի որ հազարավոր մարդկանց կյանքեր են վտանգվում այդ ընթացքում: Կովկասում ամենամեծ աջակցությունը Վրաստանին կտրամադրվի, քանի որ այդ երկիրը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի մոտ 17 խորհրդատուներ աշխատում են Վրաստանի ՊՆ-ում: Դեսպանը կարծում է, որ այս համատեքստում Հայաստանը կարող է առավել ակտիվացնել իր փոխգործակցությունները:

matsՀայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերը համաձայն է մինչ այժմ հնչած այն որակումներին, որ Վարշավայի գագաթաժողովը պատմական է: Գագաթաժողովի ամենաէական ամրագրումներից մեկն ըստ նրա, այն է, որ ալյանսում ՌԴ-ի նկատմամբ հակադրություն չեն տեսնում եւ երկխոսության բոլոր դռները պետք է բաց թողնել:

Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Անդրեաս Բոխմանը ևս կարծում է, որ հաջող հարաբերությունների եւ անվտանգության համար շատ կարեւոր է եվրոատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի պաշտպանական ոլորին, ժողովրդավարացմանը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին էլ շեշտադրեց ՌԴ-ի հետ երկխոսության ամրագրումը:

stepan_grigoryan«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ նկատում է`Հայաստան-ԵՄ, Հայաստան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցությունը ոչ մեկի դեմ ուղղված չէ, բայց շատ պետք է Հայաստանին, որպեսզի մեր բանակը զարգանա. «Ժամանակը ցույց է տալիս, որ մարտահրավերները մեծանում են, շատանում են ու եթե դու միայն մեկ երկրի հետ ես աշխատում դու դրանց չես կարող պատասխանել: Ապրիլի պատերազմը մեզ համար դաս պետք է լինի, երբ ստացվեց այնպես, որ մենք ինչ-որ չափով պատրաստ չենք: Այդ դիվերսիֆիկացիան պետք է լինի եւ անվտանգության, եւ տնտեսական համագործակցության եւ այլ ոլորտներում: Մանավանդ, որ Ադրբեջանից եկող վտանգը շատ մեծ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930