Aravot.am-ին էր դիմել «Օհանյան» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտներից մեկի մայրը՝ Գոհար Դիլանյանը: Նա դժգոհում էր, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին իրեն զանգել ու կանչել են կրթահամալիր եւ առաջարկել, որ որդուն հանի դպրոցից՝ պատճառաբանելով, «որ երկու դասարան միացրել են՝ մեկում հավաքելով 17 աշակերտ, եւ քանի որ իրավունք չունի 15 աշակերտից ավել պահել դասարանում, երկու հոգու պետք է հեռացնեն, որից մեկը իմ տղան է՝ շեշտը դնելով նրա ցածր առաջադիմության վրա»:
Ծնողը հարցնում էր՝ ի՞նչ իրավունքով եւ հիմքով է տնօրենն իրեն այդ մասին հայտնել սեպտեմբերի 6-ին, եթե այդ որոշումը կայացվել է անցած ուսումնական տարվա արդյունքների հիման վրա: Նա նաեւ ասում է, որ իր երեխան անակնկալ լուրից սթրես է տարել, բացի այդ իրենք խնդիրներ ունեն՝ տղային այլ դպրոցում տեղավորելու առումով:
«Ինչ վերաբերվում է երեխայի առաջադիմությանը, այն փայլուն չէ, բայց կարող եմ բերել մի քանի փաստ նրա անցած ուսումնական տարվա արդյունքներից, որի գնահատականները անկախ են. երեխան դիմել է ֆիզմաթ դպրոց՝ վաստակելով ընդունելության քննություններին 9 միավոր անցողիկ 10 միավորից՝ համենայն դեպս 1 կամ 2 միավոր չէ: Մասնակցել է «Շիրակացի» ճեմարանի առարկայական բաց օլիմպիադաներին՝ շահելով III կարգի դիպլոմ հայոց լեզվից եւ գովասանագիր անգլերեն լեզվից, մնացած գնահատականներին կարող եք ծանոթանալ հենց դպրոցի կողմից տրամադրված նյութերից»,- գրել է Գոհար Դիլանյանը:
Aravot.am-ի հետ զրույցում «Օհանյան» կրթահամալիրի փոխտնօրեն Սոնա Միսկարյանը հայտնեց. «Իրական խնդիրը բարձրաձայնելը, խիստ հակամանկավարժական է: Իրականության հիման վրա ասել, թե ինչու առաջարկեցինք երեխային տանել, ճիշտ չի լինի: Իմիջիայլոց, երեխան հեռացված չէ, ուղղակի ծնողին առաջարկվել է տանել, եւ երեխայի թղթերի մեջ էլ գրված է՝ ծնողի ցանկությամբ: Այո, առաջարկողը մենք ենք եղել, բայց հեռացում ձեւակերպում, որպես այդպիսին, չկա: Իրական պատճառը ծնողն էլ շատ լավ գիտի, բայց բարձրաձայնելը, երեխայի ճակատագրի վրա ազդելը հակամանկավարժական է, ծնողն էլ պետք է նման բան չաներ»:
Կարդացեք նաև
Փոխտնօրենը նաեւ հավելեց, որ ծնողին ավելի վաղ են տեղեկացրել այդ մասին, ու ընդհանրապես նախորդ ժողովներին եւ մանկավարժական խորհրդի նիստերին քննարկվել տղայի հարցը: Միսկարյանի ասելով, տարեվերջին արդեն որոշումը կայացվել էր, բայց կրթահամալիրը հստակ տեղեկություններ ուներ, որ երեխան տեղափոխվելու է «Քվանտ» վարժարան, որտեղ քննություններ է հանձնում: «Սեպտեմբերի սկզբին, որ տեսանք չի տանում երեխային, տեղեկացրինք: Այնպես որ, մենք ծնողին շատ վաղուց ենք ասել, պարզապես ինքն է ուշ եկել՝ ասելով, որ ժամանակ չունի»,- նշեց փոխտնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ