Օրերս մամուլը գրել է, որ Վանաձորի հրապարակներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավ իրականացնելու համար ՀՀԿ-ն արդեն իսկ ամրագրել է բոլոր օրերը: Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվելու առաջիկայում հավաքներ իրականացնել:
«Մենք ավելի համառ ձեւով ենք զբաղվելու դրանով: Փաստացի, մեր յուրաքանչյուր հայտին ի պատասխան` ասում են, որ այդ օրը այդ ժամին միջոցառում կա ամրագրված: Միեւնույնն է` մենք օրն ու ժամը կորոշենք, կներկայացնենք ի գիտություն: Կընդունվի այն, թե ոչ, մենք մեր հանրահավաքը կանենք: Սա իրենց կողմից արված «ահաբեկչական ակտ» է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն ամրագրել է մասնավորապես 14:00-21:00-ն ընկած ժամանակահատվածը: Հարցին՝ եթե իրենց եւ ՀՀԿ-ի հավաքների ժամերը համընկնեն, ինչպե՞ս են վարվելու, Սիմոնյանը պատասխանեց. «Համընկնի, թե ոչ, հանրահավաք անելու ենք: Ինչքա՞ն հանրահավաք է եղել, որ արտոնված չի եղել: Թող իրենք մտածեն: Եթե ուզում են կոնֆլիկտ ստեղծել եւ սադրանք անել, մենք դրան չենք տրվի, բայց դա մեզ չի կանգնեցնի: Դա չի նշանակում, որ նրանք ամեն օր բոլոր այդ ժամերին 3 հրապարակներում էլ հավաք են անելու… Միակ հանրահավաքը, որ եղել է, «Լուսավոր Հայաստանինն» է եղել` հենց քարոզարշավի առաջին օրը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ