Ըստ պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ եթե սա անձերի փոփոխություն է, ոչնչի չի բերելու
«Եթե դիտարկենք խնդիրն ամբողջությամբ` Սերժ Սարգսյանի արտահայտած դիտարկումները, բոլոր հանրապետականների արձագանքները, ապա ես կասեի՝ դա ավելի շատ եղել է քննարկված խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետի պաշտոնից հրաժարվելը Հովիկ Աբրահամյանի անձնակա՞ն որոշումն էր, ինչպես նա էր ներկայացրել իր բացատրությունում: Ըստ մեր զրուցակցի՝ եթե դա անգամ Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել, ապա ավելի վաղ է եղել, քանի որ վերջին շրջանում արդեն իսկ խոսվում էր այդ հրաժարականի մասին, ինչպես նաեւ տրվում էր ՀՀԿ-ի կողմից նախօրեին առաջադրված վարչապետի անունը. «Ամեն դեպքում, նախապատրաստական աշխատանքներ եղել են: Մանավանդ խոսվում է, որ Կարեն Կարապետյանի հետ երկար են խոսել, տեսլականներ են քննարկվել»:
Ինչեւէ, այս պարագայում, ըստ մեր զրուցակցի, անգամ մի քիչ երկրորդական է, թե որոշումն ումն է. «Որոշումը եղել է, եւ ամենակարեւոր ակնկալիքը, որը մենք հիմա պետք է ունենանք եւ պահանջատեր լինենք` իրականում համակարգային փոփոխություններն են»: Հարցին՝ արդյոք հերթական անգամ վարչապետ եւ կառավարության կազմ, թեկուզ ութսուն տոկոսով, փոխելով՝ մենք կունենա՞նք փոփոխություններ, եւ արդյոք Հովիկ Աբրահամյանի կառավարության ձախողումները պայմանավորվա՞ծ էին հենց Հովիկ Աբրահամյանի վատ աշխատանքով, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ես քանիցս եմ առիթներ ունեցել ասելու, որ մեր երկրում ձեւավորվել է այնպիսի համակարգ, որտեղ ով էլ գտնվի ու ինչքան էլ փորձի միայնակ բան փոխել՝ չի ստացվելու: Համակարգն իրեն ավելի շուտ է կլանելու: Այս պարագայում էլ անձերի փոփոխությունը ոչ մի բանի չի բերելու:
Մենք պետք է ունենանք համակարգային փոփոխություններ, որոնք միտված են լինելու ինստիտուտների, խաղի կանոնների փոփոխության եւ համապատասխան բարելավումների պետական կառավարման մեջ, միտված են լինելու այնպիսի գաղափարների փոփոխության, ինչպիսին է, օրինակ, «Գնումների մասին» օրենքը, որը պետական բյուջեն ամբողջությամբ տանում է ատկատների կամ այլ տեսակի կոռուպցիոն գործողությունների, միտված են լինելու արդարադատության հանդեպ վստահության բարձրացման, իրական մեղավորներին պատժելուն եւ այլն: Եթե այս տեսակի պարտադիր, խորքային փոփոխություններ չեն լինելու, ապա միայն անձերի փոփոխությամբ կունենանք ընդամենը չնչին ազդեցություն, որն էլ մեկ-երկու ամիս հետո այլեւս գոյություն չի ունենա, ու նորից կհայտնվենք նույն կոտրած տաշտակի առաջ»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը` երկու տարի առաջ, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց համակարգային փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին. այս օրերին էլ խոսակցություններ են պտտվում, որ Կարեն Կարապետյանի հետ որոշակի պայմանավորվածություններ կան, որ նա գալիս է իր թիմով, իր տեսլականով եւ այլն, ու հարցին` ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին հնարավորություն չտրվեց իրագործել իր տեսլականը, բայց Կարեն Կարապետյանին տրվելու է, մեր զրուցակիցն արձագանքեց. «Իսկ ո՞վ է ասել, որ տրվելու է: Դրանք խոսքեր են, որոնք այն ժամանակ էլ են ասվել: Վստահ եմ, որ բոլոր տասներեք վարչապետների ելույթներում էլ համանման բաներ կարելի է գտնել, բայց քանի որ հայտարարելուց հետո չեն եղել ինստիտուցիոնալ փոփոխություններ` համակարգն ամեն ինչ իր տեղն է վերադարձրել: Ուստի հիմա պետք է հասկանանք, որ նմանատիպ իրավիճակ այլեւս չի կարելի թույլ տալ: Օրինակ՝ ես ցավում եմ, որ քսանչորս ժամից ավելի է անցել վարչապետի հրաժարականից, բայց որեւէ այլ փոփոխություն մենք դեռ չենք տեսել: Իսկ դա նշանակում է, որ նախօրեին հնչած բոլոր հայտարարությունները, թե շտապում ենք, ժամանակ չունենք, նույնպես փաստացի դեռ խոսքեր են: Եթե ամեն ինչ պայմանավորվել են, ի՞նչն էր խանգարում, որ այսօր լսեինք նոր թիմի անունները: Արդյո՞ք խոսքերը գործի կվերածվեն` ժամանակը ցույց կտա»: Այս ամենի համատեքստում Թեւան Պողոսյանը հիշեցնում է հայտնի անեկդոտը` «Է, դուք էլ ասեք», ու հավելում, որ մնացյալը գործով ու արդյունքով է ապացուցվելու:
Ինչեւէ, այս ամենին երկար չենք սպասելու, մոտ ապագայում հստակ կերեւա` սա անձի՞ փոփոխություն էր, թե՞ համակարգային փոփոխություն, եւ ի՞նչ արժեք ունեն իշխանավորների խոսքերն այն մասին, որ շտապում ենք, սպասելու ժամանակ այլեւս չունենք:
Իսկ այն, որ տարբեր տրամաչափի պաշտոնյաները ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարության տարիներին բավական կրավորական կեցվածք ունեին, իսկ նրա պաշտոնանկությունից անմիջապես հետո սկսեցին խոսել նրա բացթողումների, չկատարած խոստումների մասին, Թեւան Պողոսյանին չի զարմացնում: Նա անգամ այլեւս լուրջ չի վերաբերվում դրանց: Ավելին՝ քանի որ տարին նախընտրական է, եւ Թեւան Պողոսյանի կարծիքով՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը բավական հարմար առիթ էր շատերի համար սեփական PR-ով զբաղվելու: Նույն տրամաբանության մեջ է նա դիտարկում Կարեն Կարապետյանի նկատմամբ դրվատանքի դրսեւորումները, ու կարծում է, որ այս իմաստով էլ նոր մշակույթ ձեւավորելու խնդիր ունենք՝ այն համատեքստում, որ մինչ գովեստներ շռայլելը սպասենք գործունեությանը եւ արդյունքներին: Այլապես, ըստ մեր զրուցակցի, այս ամենին տասներեք անգամ ականատես ենք եղել եւ էլի քանիցս ականատես կլինենք, եթե գոնե այս անգամ խնդիրներին համակարգային լուծումներ չտրվեն:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
10.09.2016