Ամեն տարի Թուրքիայում կազմակերպվում են միջազգային հարյուրավոր փառատոններ, որոնց մեծ մասը՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում: Կարևոր է, որ հայ երիտասարդությունը Թուրքիան ճանաչի ոչ միայն նրա վարած քաղաքականության շրջանակներում, այլ նաև մշակութային տեսանկյունից: Այս հրապարակման մեջ կներկայացվեն երաժշտության, պարի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում անցկացվող առավել հետաքրքիր ու տպավորիչ միջոցառումներից 6-ը:
1. 2011 թվականից ի վեր Ստամբուլ քաղաքում գարնան կամ ամռան ամիսներին կազմակերպվում է Գնումների փառատոն: Փառատոնի շրջանակներում հայտարարվում են մեծ զեղչեր, խանութներում հնարավոր է լինում առևտուր անել գիշերային ուշ ժամերին, տեղի են ունենում բացօթյա համերգներ: Նպատակը զբոսաշրջության և տնտեսության զարգացումն է: Բացի այդ՝ աճում է աշխատանքով զբաղվածների թիվը, որպեսզի հնարավոր լինի մեծ թվով գնորդներին բարձր մակարդակով սպասարկել:
2. 2007 թվականից ի վեր մայրաքաղաք Անկարայում կազմակերպվում է ֆլամենկոյի միջազգային փառատոն: Այն ամեն տարի իրականություն է դառնում Թուրքիայում Իսպանիայի դեսպանության մշակութային բաժնի և Անկարայի ֆլամենկոյի ասոցիացիայի համագործակցության շնորհիվ: Անկարան հյուրընկալում է փորձառու կիթառահարների, երաժիշտների, պարողների Իսպանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, ովքեր ներկայանում են համերգներով և վարպետության դասերով:
3. 2005 թվականից ի վեր Ստամբուլում գարնան ամիսներին կազմակերպվում է Կակաչների փառատոն: Գլխավոր միջոցառումներն անցկացվում են Էմիրգան զբոսայգում, որտեղ ցուցադրվում են կակաչի տարբեր տեսակներ, վաճառվում են դրանց սերմերը: Այս ծաղիկը համարվում է Թուրքիայի խորհրդանիշը: Պատահական չէ, որ Օսմանյան կայսրության 1718-1730 թվականները պատմության մեջ մնացել են «Կակաչների ժամանակաշրջան» անունով:
Կարդացեք նաև
4. 1994 թվականից ի վեր Իզմիր քաղաքում մարտ ամսին կազմակերպվում է Եվրոպական ջազի փառատոն: Այն նախաձեռնվել է Եվրամիության և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգացնելու և բազմակողմանի դարձնելու նպատակով: Եվրոպայից Իզմիր են ժամանում ջազ երաժիշտներ, ովքեր հանդես են գալիս համերգներով, իզմիրցի երիտասարդներին տալիս են վարպետության դասեր: Սեմինարները հաջողությամբ ավարտած 2 ուսանող արժանանում են կրթաթոշակի և ավելի խորացված գիտելիքներ ստանալու նպատակով մեկնում Իտալիա:
5. 1978 թվականից ի վեր Ռիզե քաղաքում հունիս ամսին կազմակերպում է Թեյի և զբոսաշրջության փառատոն: Ռիզեն Թուրքիայի փոքր գավառներից մեկն է, սակայն մեծ է նրա կարևորությունը, քանի որ այն երկրում թեյի արդյունաբերության կենտրոնն է՝ կանաչ թեյի դաշտերով, մշակման ու փաթեթավորման գործարաններով: Փառատոնի անցկացման նպատակը Ռիզեի թեյը աշխարհին ներկայացնելն ու զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելն է:
6. 1959 թվականից ի վեր Աքշեհիր քաղաքում հուլիսի 5-10-ը կազմակերպվում է Խոջա Նասրեդդինի փառատոնը: Նասրեդդինը ժողովրդական հերոս է` հայտնի է իր արկածներով ու երգիծական պատմություններով: Դժվար է ասել՝ արդյոք նա գոյություն ունեցել է իրական կյանքում, թե ոչ, որտեղ է ծնվել և ապրել, բայց նրան ընդունում են որպես սրամիտ, իմաստուն մարդ ու ամեն տարի հարգում նրա հիշատակը: Աքշեհիր են ժամանում գիտական ու գրական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Աիդա ԳՐԻԳՈՐՅԱՆ
https://grigoryan-aida.blogspot.am/