Լրահոս
Օրվա լրահոսը

Սերմացուի և պարարտանյութի համար Քաշաթաղում վարկեր չեն տրամադրվի

Սեպտեմբեր 12,2016 11:47

Հացահատիկի բերքահավաքը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում նոր է սկսվել, իսկ հարավում արդեն հողը պատրաստում են աշնանացանի համար: Վերջին մի քանի տարիներին շրջանում ավելացել են հացահատիկի ցանքատարածքները, որոնք էլ ապահովում է մեր երկրի պարենային անվտանգությունը:

Աշնանացանը ժամանակին և ագրոտեխնիկական կանոնները պահպանելու նպատակով Իշխանաձոր գյուղում կայացավ շրջխորհրդի հերթական նիստը, որը վարեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Մասնակցում էին հարավային թևի համայնքների ղեկավարները և գյուղոլորտի պատասխանատուները:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ անցած աշնանը և այս տարվա գարնանը կատարվել է 8535հա ցորենի, 7895հա գարու և 1108հա հաճարի ցանքս՝ ընդհանուր՝ 17538հա: Հնձվել է 17065հա տարածք՝ 24,5ց/հա բերքատվությամբ (համախառն բերքը կազմել է 41825տ, որից ցորեն 22216տ, գարի՝ 17954տ, հաճար՝ 1656տ): Հյուսիսային թևի Հակ, Մոշաթաղ և Լեռնահովիտ համայնքների ցանքատարածքներում հնձելու է մնացել 342հա, որից գարի՝ 20հա, մնացածը՝ հաճար: Կարկտահարության պատճառով շրջանում, հիմնականում՝ հարավային թևում, չի հնձվել 120հա գարի:

qashatax_2

Այնուհետև բանախոսը դիմեց համայնքների ղեկավարներին՝ հորդորելով, որ ժամանակին կատարեն հերկն ու ցանքսը՝ նշելով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ լավ բերք կստացվի, եթե ժամանակին իրականացվի հացահատիկի ցանքսը և պահպանվեն ագրոտեխնիկական կանոնները: Կարևորեց նաև, թե որ տարածքում աշնան որ ամիսներին պետք է կատարվի ցանքսը: Տեղեկացրեց, որ սերմի ծլումից մինչև թփակալումը բույսին անհրաժեշտ է 45-60 օրվա տաք եղանակ: Իսկ սերմը ծլակալում է հողին հանձնելուց 15-20 օրվա ընթացքում՝ 15 աստիճան տաքության պայմաններում: Այս առումով անհրաժեշտ է Հակարիի արևմտյան սարահարթերում՝ շրջանի միջին գոտում, ցանքսը կատարել հոկտեմբերի սկզբից, իսկ հարավային մասում՝ Արաքսի ձախակողմյան հարթություններում ու Կովսականի սարահարթում, հոկտեմբերի կեսերից և ավարտել մինչև նոյեմբերի սկիզբը:

qashatax_3

Լ. Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ համայնքային և պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) հողատարածքներում սեպտեմբերի 10-ի դրությամբ աշնանացանի նպատակով կատարվել է ընդամենը 4000հա հերկ, որը 1650հա-ով ավելի է անցած տարվա համեմատ: Հարավային թևի համայնքներից առայժմ հերկի տվյալներ չեն ներկայացրել միայն Տիգրանավանը և Ուռեկանը:

Համայնքների ղեկավարները հետաքրքրվեցին հերկ ու ցանքս կատարող տեխնիկաների առկայությամբ, նշեցին, որ չոր եղանակի պատճառով հնարավոր չէ հերկ իրականացնել: Կարևորեցին, որ սերմացուի և պարարտանյութի համար վարկեր հատկացվի:

Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ շրջանում կա 100 անիվավոր, 30 թրթուրավոր տրակտոր և 25 հացահատիկացան տեխնիկա: Բացի այդ՝ Սյունիքի մարզի վարձակալներն աշխատանքները կատարելու են իրենց տեխնիկաներով՝ 50 հերկող և 30 ցանք կատարող: Ինչ վերաբերում է վարկերին ասաց, որ չի տրամադրվի:

Անդրադառնալով հողատարածքների վիճակին՝ շրջանի գլխավոր գյուղատնտեսը նշեց, որ հողը գնալով աղքատանում է, հատկապես՝ ազոտից և ֆոսֆորից, ուստի անհրաժեշտ է պարարտացնել՝ օգտագործելով նաև շրջանի տարածքում կուտակված գոմաղբը: Կարևորեց այն, որ շրջանում կա ցորենի «Կրասնոդար-99» բարձրորակ սերմացու՝ 1կգ-ի գինը 150դ.:

Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս տարվա գարնանը շրջանում կատարվել է նաև 2475հա այլ մշակաբույսերի ցանքս: 200հա եգիպտացորենից սիլոսի համար հնձվել է 166հա, ստացվել է 3520տ կանաչ զանգված, որն ամբողջությամբ հանձնվել է «Վա-Մաքս» ընկերությանը 8-12 դրամով՝ կախված սիլոսի մեջ եգիպտացորենի տեսակարար կշռից:

Ներկաները հետաքրքրվեցին եգիպտացորեն հավաքող տեխնիկայի առկայությամբ: Մնացած եգիպտացորենը պետք է հնձվի հատիկի համար: Սիլոսի նպատակով կատարվել է նաև 44հա արևածաղկի ցանքս, ստացվել է 250տ բերք: Ցանված 184հա ձմերուկից ու սեխից օրվա դրությամբ իրացվել է 3400տ բերք: 241հա այլ բանջարաբոստանային մշակաբույսերից իրացվել է 650տ բերք:

Խորհրդակցության երկրորդ հարցի՝ Ստեփանակերտում կայացող Բերքի տոնին շրջանի մասնակցության մասին անդրադարձավ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը: Կարևորեց, որ համայնների ղեկավարները ժամանակին տեղեկություն տան, թե քանի տնտեսություն է մասնակցելու բերքի տոնին, ներկայացնեն բերքի տեսականին, մեքենաների քանակը, որպեսզի հայտ ներկայացվի վառելիքի համար, ճշտվի՝ քանի տաղավար է պետք: Կարևորեց նաև, որ տոնի օրը ժամանակին տեղ հասնեն: Հույս հայտնեց, որ այս տարի ևս մեր շրջանը կներկայանա գրեթե բոլոր համայնքներով: Հայտնեց նաև, որ սեպտեմբերի 17-ին «Գինու փառատոն»-ին նույնպես որոշ համայնքներ պետք է ներկայանան Հադրութի շրջանի Տող գյուղ:

qashatax_4

Հաջորդ հարցը վերաբերում էր համայնքներում մշակութային կյանքի զարգացմանը: Այս առումով Ա. Մխիթարյանը կարևորեց ակումբավարների դերը:

երջում համայնքների ղեկավարները ներկայացրեցին շուտափույթ լուծում պահանջող խնդիրները: Որոտանի քաղաքային համայնքի ղեկավար Վրույր Ասրյանին անհանգստացնում է աղբահանության խնդիրը, անհրաժեշտ է հատկացվի մեքենա: Բացի այդ, քաղաքում պետք է մանկապարտեզ կառուցվի: Այստեղից 13 ուսուցիչ և դպրոցականները՝ 75 աշակերտ, քաղաքում գործող զորամասին պատկանող ավտոբուսներով հաճախում են հարևան Հայկազյանի Հ. Խաչատրյանի անվ. միջն. դպրոց: Իսկ մոտ 50-ից ավելի նախադպրոցականները մնում են տանը, այն դեպքում, որ մեծ մասը զինվորականների երեխաներ են:

Հայկազյանի գյուղական համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը տեղեկացրեց, որ իրենց համայնքի կազմում գտնվող Դարբնոց գյուղից 13 աշակերտի տեղափոխումը դպրոց դժվարանում է Որոտան գետի վրա գտնվող կամրջի պատճառով: Նշեց նաև՝ դպրոցի համար կառուցվում է նոր շենք, և հույս հայտնեց, որ եկող սեպտեմբերի 1-ին դպրոցի 123 աշակերտները նոր դպրոց կունենան:

Ինչպես միշտ՝ այս անգամ էլ բոլորին հետաքրքրող կարևոր հարցը շինանյութի հատկացումն է բնակիչներին: Որոշ համայնքներում կա ոռոգման ջրատարների մաքրման ու նորոգման խնդիր:

Ա. Մխիթարյանը տեղեկացրեց, որ մոտակա օրերին Իշխանաձորում կսկսի գործել աշնանացանին աջակցող օպերատիվ շտաբ: Խորհրդակցությունից հետո Ա. Մխիթարյանի ու Լ. Սիմոնյանի հետ բարձրացանք Թովմասարի տարածք, որտեղ արդեն սկսվել են հերկի աշխատանքները: Ծանոթացանք նաև Բերձոր-Կովսական ճանապարհի բարեկարգման աշխատանքներին: «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ին պատկանող տեխնիկաներով այս տարվա մառանը բարեկարգվել են շրջանի ճանապարհները. աշխատանքները շարունակվում են Հակարի-Ծաղկաբերդ գյուղերի տարածքում:

 

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930