Սահմանադրական դատարանը քաղաքացու անհատական դիմումով
գործի քննության ընդունումը մերժել է
«Գազի հաշվիչը հանելուց հետո ինձ հրավիրեցին Արմավիրի մարզ, փորձաքննության: Իսկ ես վատառողջ մարդ եմ, իրավունք չունեմ քաղաքից բացակայել: Չգնացի, համոզված լինելով, որ հաշվիչին ձեռք տվող չի եղել, քանի որ իրենց կազմած ակտում թերություններ չէին եղել, կապարակնիքները տեղում էին, պոկված չէին, թելիկը պոկված չէր»,-պատմում է զրուցակիցս՝ Չարենցի փողոցի բնակիչ Հարություն Խաչատրյանը:
Տարեց մարդն ասում է, որ «ՀայՌուսագազարդը» յուրաքանչյուր հինգ տարին մեկ գազահաշվիչը ստուգման տանելու համար հանել է իր հին գազահաշվիչը, ակտ էր կազմել եւ տարել ստուգման:
Առանց քաղաքացու ներկայության Արմավիրի «Գազմաշ» ՍՊ ընկերությունը եզրակացություն է տվել, համաձայն որի՝ կնիքի եզրը քերծված է եղել, գազահաշվիչի սխալանքը կազմել է 0.00%, ինչն ապացուցում է, որ հաշվիչը աշխատել է 100%, չնայած մագնիս է եղել մեջը:
Կարդացեք նաև
Հ. Խաչատրյանն ասում է, որ հաշվիչը հանելուց մեկ տարի հետո է ի վիճակի եղել գնալ Արմավիրի մարզ, ստուգաչափման ժամանակ տեսագրվել է մագնիսը:
«Առկա էր օտար մարմին մագնիս, որը չափագրման ժամանակ տեղ էր զբաղեցրել չափիչ անոթում եւ ավելի մեծ քանակով, փաստորեն, գազ է մղվել իմ գազահաշվիչում»,-դժվարությամբ պատմում է իրեն իրավազուրկ համարող քաղաքացին:
Զրուցակցիս պնդմամբ, եթե որեւէ գազի աշխատող, իրավաբան, դատավոր, քննիչ կարողանա առանց կապարակնիքի թելիկը կտրելու եւ եզրին գիծ քաշելու, առանց կապարակնքիչ սարքի բացել հաշվիչը, մեջը մագնիս դնելով գազ գողանալ, ինքը պատասխանատու է:
Հետագայում կատարված փորձաքննություններն էլ ավելի էին ապացուցում, որ սպառողը չի կարող գազ գողանալ, իսկ գազի գողությունը եղել է այն ժամանակ, երբ հաշվիչը տարվել է՝ նորը բերվելու պատրվակով:
Անցյալ տարվա մայիսին Հ. Խաչատրյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, հայտնելով, որ «Գազպրոմի» աշխատակիցներն «իրենից թաքուն, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ», հանել են իր հաշվիչը, կազմել կեղծ արձանագրություն՝ պահանջելով 191,412 ՀՀ դրամ գումար:
Ըստ սպառողի՝ իրեն պատճառված վնասը կազմել է վեց միլիոն դրամից ավելի:
Դիմել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հետաքննիչ Հ. Ներսիսյանի որոշմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել:
Այդ որոշման դեմ հետեւել են Երեւան քաղաքի դատախազին, ապա ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքները:
Հ. Խաչատրյանի կարծիքով, խախտվել են իր սահմանադրական իրավունքները, քանի որ գլխավոր դատախազն իրավունք չուներ մերժելու իր բողոքը:
ՀՀ վերաքննիչ դատարանն այս տարվա փետրվարի 2-ին նրա բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը:
«Ինձ իրավունք եմ վերապահում հայտարարել, որ եթե ստուգվեն ամբողջ «Գազպրոմի» գազահաշվիչների եզրակացությունները, ակտերի եւ բաժանորդների ամփոփագրերի ստուգումից պարզ կլինի, որ «Գազպրոմը» գազ է ոչ միայն վաճառում, այլ թեթեւ գծիկներ ավելացնելով կապարակնիքների վրա, կոռուպցիայի հսկա բանակ է ստեղծել՝ հացի փշրանքների կարոտ մարդկանցից գումար հայթայթելու համար»,-ասում է դիմողը:
Հ. Խաչատրյանը դիմել էր նաեւ ՀՀ սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի որոշումը նա ստացել էր օրեր առաջ:
Դիմողը բարձրաձայնել էր այն մասին, որ դատարանները չեն կատարել իրենց պարտականությունները, գործի հանգամանքները չեն բացահայտել, խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, կայացվել են սխալ դատական ակտեր: Իսկ Սահմանադրական դատարանը երեք դատավորով՝ Վլ.Հովհաննիսյան, Ա. Գյուլումյան, եւ Հ. Նազարյան կազմով, քաղաքացու անհատական դիմումը մերժելու հիմքերն է գրել, արձանագրելով՝ ակնհայտ անհիմն է դիմումը, քանի որ առկա չեն՝ սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, ի՞նչ անմիջական պատճառահետեւանքային կապ կա վիճարկվող դրույթի եւ դիմողի իրավունքների խախտման փաստի միջեւ. «Դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի իրավաչափության հարցը: Իսկ ՀՀ ՍԴ 17.03.2009թ. որոշման համաձայն էլ, եթե դիմողը բարձրացնում է օրենքի դրույթի իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, այդպիսի դիմումները ենթակա են մերժման»:
Հ. Խաչատրյանը գրում է, որ դատական բոլոր կարգի ծախսերը կատարել է պարտքերով, ակնկալելով, որ դատարանները կվերականգնեն իր իրավունքները: Իսկ ապրուստի միջոցն էլ 29 600 դրամ թոշակն է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
10.09.2016