Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեքիաթներ եմ գրում 7-107 տարեկանների համար»

Սեպտեմբեր 12,2016 13:30

Դերասան եւ գրականագետ Էլֆիք Զոհրաբյանը՝
իր հեքիաթների մասին

Վերջին 25 տարիների ընթացքում հրատարակված հեքիաթների բացառիկ օրինակ է 2002թ. լույս տեսած Լեւոն Խեչոյանի «Տան պահապան հրեշտակը» ժողովածուն: Սա մասնագետների կարծիքն է: Սակայն դա չի նշանակում, թե չեն ստեղծվում հեքիաթներ: Բայց հեքիաթն ունի իր ժանրային օրենքները, որոնք միշտ չէ, որ պահպանվում են բոլորի կողմից:

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական թատրոնի դերասան, բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը միակը չէ, որ բեմական գործունեությունը զուգահեռում է «հեքիաթասացության» հետ: Նրա հեքիաթ-պիեսները բազմիցս բեմադրվել են Վանաձորի, Գորիսի, Շուշիի, Երեւանի թատրոններում, մասնավորապես՝ արվեստագետի «Ա՜խ, այդ վհուկը» հեքիաթի բեմադրությունը մինչ օրս սիրով հիշում է հանդիսատեսը: Սակայն ըստ «Առավոտի» հետ զրուցած գրականագետների՝ ոչ պրոֆեսիոնալ հեքիաթագիրների մոտ բացակայում է անհատականության տարրը, շունչը, մոտեցումը, ինչը կար, ասենք՝ Թումանյանի, Աղայանի եւ մեր մյուս մեծերի հեքիաթներում:

elfiq_zohrabyan_4

Տեսարաններ Է. Զոհրաբյանի «Ախ, այդ վհուկը» ներկայացումից, ռեժ.՝ Սարգիս Մանուկյան

elfiq_zohrabyan_1

Մենք ժամանակին անդրադարձել ենք Էլֆիք Զոհրաբյանի այլ գրական ստեղծագործություններին: Հիշեցնենք՝ 2003թ. պետպատվերով տպագրվեց նրա «Հոգեվիճակ 13» պատմվածքների եւ սատիրաների առաջին գիրքը, որը 2014թ. արժանացավ մրցանակի՝ ճանաչվելով լավագույնը 2013թ. արվեստի եւ մշակույթի ոլորտում երիտասարդ ստեղծագործողներին տրվող ամենամյա մրցույթի «Գրականություն» անվանակարգում:

Էլֆիք Զոհրաբյանի մանկական որոշ երկեր 2000 եւ 2008թ. տարբեր գրական մանկական մրցույթներում ճանաչվել են հաղթող, իսկ 2015թ. մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած գրական մրցույթում հեղինակի «Ամոթի գույնը» հեքիաթը ճանաչվեց հաղթող եւ մի քանի այլ գրողների մանկապատանեկան ստեղծագործությունների հետ տպագրվեց «7 գույն» ժողովածուում:
Բեմական, դերասանական գործունեությանը զուգահեռ՝ Էլֆիք Զոհրաբյանը շարունակում է ստեղծագործել մանուկների ու պատանիների համար:

«Իմ հաջորդ գիրքը հեքիաթների ժողովածու է: Գրական գործունեությունս սկսել եմ հենց հեքիաթներով ու պիեսներով, իսկ դահլիճում մշտապես հետեւել եմ կրտսեր հանդիսականի արձագանքին՝ հեքիաթներիս բեմադրությունների ընթացքում: Երբեմն էլ թվացել է, թե դրանք բարդ կընկալվեն փոքրիկների կողմից, բայց գոնե այսօր գալիս է խելացի սերունդ՝ շատ շուտ ընկալող ու հետաքրքրասեր: Դրանք գրում եմ 7-107 տարեկան մեծ ու փոքր մանուկների համար…»,- հայտնեց մեր զրուցակիցը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930