Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ կառավարությունն իր քաղաքացուն պետք է արժանապատվություն նվիրի». գերմանահայ փիլիսոփա Վազրիք Բազիլ

Սեպտեմբեր 12,2016 11:30

Գերմանահայ փիլիսոփա և ճառագիր Վազրիք Բազիլն այն սփյուռքահայերից է, որ չի ապրել հայրենիքում, բայց ճանաչում է այն ամբողջովին: (Բուն ազգանունը, որ արդեն երկու սերունդ է ինչ չեն կրում, Տեր-Բարսեղյան է: Նախնիները Անիից գաղթել են Պարսկաստան և Ջուղայի վանքում քահանաներ են եղել: Հայրը` նշանավոր կոմպոզիտոր և ջութակահար Լյուդվիգ Բազիլը, ծնվել է Համադանում, հետո տեղափոխվել է Իտալիա ուսանելու, հաստատվել Մյունխենում: Ինքը Մյունխենում է ծնվել, այնուհետև մի քանի տարի Պարսկաստանում ապրել, ուսանել է Մխիթարյանների մոտ, ապա կրթությունը շարունակել Մյունխենում: Այժմ ապրում է Բեռլինում):

Վազրիք Բազիլը վեց տարի շարունակ Գերմանիայի ճառագիրների միության նախագահն է եղել, աշխատել է Բունդեսթագում` որպես խորհրդական և ճառագիր: Հիմա Գերմանիայի նախարարներից մեկի խորհրդականն է և հաղորդակցական գիտություններ է դասախոսում Ֆրանկֆուրտ, Կարլսրուհե, Մաննհայմ քաղաքների համալսարաններում:

Իմ զրուցակիցը Գերմանիայի հայկական համայնքները և նրանց առջև ծառացած խնդիրներին նույնպես քաջատեղյակ է: Լուծումներ հաճախ է առաջարկել, բայց ապարդյուն:

«Գերմանական համայնքը մեծ չէ: Այստեղ կան միայն հատուկենտ նվիրյալ անձինք, որ գիտեն իրենց անելիքը: Աշխատանքներ պետք է տարվեն համայնքներում, որ մարդիկ իմանան, թե ինչպես պետք է աշխատեն հատկապես տեղական ուժերի հետ: Գերմանական համայնքի թերություններից մեկը, իհարկե շատ թերություններ ունի, հենց դա է: Այսօր հայ երիտասարդը գնա Բեռլինի հայ համայնք ի՞նչ անի, ի՞նչ տեսնի, իրեն համապատասխան ծրագրեր չկան: Իրավիճակը նաև հոգեբանական տեսանկյունից է պետք վերլուծել: Այդ ամենը կարևոր է հայապահպանության համար»,- նշում է պարոն Բազիլը:

Զրուցակիցս պատմում է, որ Գերմանիայում առանց հանրային կարծիքի հնարավոր չէ աշխատել: Քաղաքական գործիչները միշտ լսում են նաև ոչ բարձր մակարդակ ունեցող հաղորդումներն ու կարդում թերթերը, որովհետև դրանք ժողովրդի բնազդային կրքերն են արտահայտում, և դրա հետ հաշվի են նստում:

Վազրիք Բազիլի գնահատմամբ Գերմանիայում մի խելացի բան կա. այստեղ հնարավոր դժվարությունները կանխելու հակումն է արտահայտիչ:

«Այստեղ ապրելով գերմանացուց էլ լավ գերմաներեն պիտի իմանաս, որ հարցեր լուծես: Դրա համար մարդ պիտի միշտ հարցականներով քայլի և ոչ թե վերջակետ դնի, ինչպես որ Հայաստանում է: Սա ենք մենք` վերջակետային: Հայաստանում չկա հարցականը և դա անդրադարձման առաջն առնում է, ու ամեն բան փչանում է: Հայաստանում այն նյութը, ինչը ավանդականից մի քիչ շեղվում է, չի ընդունվում: Մարդ պետք է իր ակունքներն իմանա ու հաշվի առնի, բայց նորարարական գաղափարներով առաջնորդվի: Սա սովետական մտածելակերպն է, որ կասեցնում է շատ բաներ: Դժբախտաբար, այսօրվա շատ հայ պաշտոնյաներ սովետական շնչով են քայլում: Ես չգիտեմ, արդյոք Սփյուռքի նախարարությունը իմանում է` ինչ է Սփյուռքը: Եկեղեցին ինքնաթանգարանացումով է զբաղված, իսկ դա նշանակում է, որ մեռած է: Այս նոր աշխարհին հարկավոր է նոր մշակույթ, անհրաժեշտ է, որ հայ հին մշակույթը նորից դառնա մտածելակերպի նորարարության ատաղձ»,- համոզված է պարոն Բազիլը:

Սկսած 1968-ից նա պարբերաբար այցելել է Հայաստան: Կարծում է, որ գաղափարական տեսանկյունից գրեթե բան չի փոխվել երկրում, նորից նույն մտածելակերպն է:

«Օրինակ` հիմա արդեն ՀՀ-ն 25 տարեկան է: Այդ թեմայի վերաբերյալ մի հանդիպում անգամ չկազմակերպվեց այստեղ, Հայաստանից, Սփյուռքից հայ բերեն, խոսեն, թե որո՞նք են մեր ակնկալիքները, սպասումները, հույսերը, ինչպե՞ս ենք տեսնում զարգացումները և այլն: Ժամանակին առաջարկել եմ Եվրոպայում միջհամայնքային կապերը զարգացնել, եվրոպահայերի դերը քննարկել, ակտիվացնել: Հարկավոր է, որ բոլորը մեկ ծրագրի շուրջ համախմբվեն»,- կարծում է զրուցակիցս:

Գերմանահայ փիլիսոփայի համոզմամբ այս պարագայում ՀՀ կառավարությունը պետք է Սփյուռքի հետ կապը սերտացնի` փորձելով ներգրավելու ոչ թե նյութականը, այլ մտավոր ուժը: Արդյունքում Հայաստանի մտավոր ուժը կծանոթանա Արևմուտքին, որպեսզի կարողանա ռեալ մտածել: Նրա համոզմամբ միայն դրա պակասն է, որ չենք կարողանում օգտվել Սփյուռքից, և նույնիսկ Սփյուռքն էլ չի օգտվում Սփյուռքից. «Համընդհանուր գաղափարը չկա, միայն մանր-մունր ծրագրեր, պարել, շքանշան տալ, ու ինչ-որ նման բաներ, դրանք էլ են կարևոր, բայց դա չի կարևոր գործը: Գոյություն ունի մեկ հատ հարց` «Համայնացում և հայ մշակույթ»: Ո՞վ է այս հարցով զբաղվում, Էջմիածի՞նը: Որտե՞ղ է Էջմիածնի պաշտոնական կարծիքը համայնացման մասին: Արդյոք հայ եկեղեցին ունի՞ պաշտոնական հանձնաժողով այս հարցերով զբաղվող: Կարևորը դարձել է չորրորդական: Մեզ մոտ մտավոր աշխատանք` անդրադարձում չկա»:

Զրուցակիցս կարծում է, որ Հայաստանը չի հասկանում Սփյուռքին և չի ըմբռնում, որ շատ տարբեր են իրարից հայրենիքից դուրս ապրող հայերը: Նրանք բոլորը սփյուռքահայեր չեն, մի մասը պարզապես արտասահմանցի է: Եթե այդ բոլոր նրբությունները չեն նկատվում, շատ բաներ կորցնում ենք:

«Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենք անտեսված չեն, քաղաքացու նամակին պետք է պատասխանել 24 ժամվա ընթացքում, հեռաձայնին անմիջապես, սրանից է պետք սկսել բարեփոխումները: ՀՀ կառավարությունն իր քաղաքացուն պետք է արժանապատվություն նվիրի: Դրամը դեռ կարևոր չի, արդարությունն է կարևոր: Մնացածն ինքնին կկարգավորվի»,- վստահեցնում է պարոն Բազիլը:

 

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աստղիկ says:

    Իմ ճանաչած եզակի այն մարդկանցից, ով խոսել ու մտածել գիտի, մարդուն հարգել ու գնահատել: Երանի մեր ղեկավարներն ու քաղաքացիները գոնե մի քիչ այս մարդու հետ շփվեն ու վարակվեն, կամ լսեն ու հետևեն:

  2. Roubina Ohanian says:

    Նրա մայրը եզակի ուսուցիչ էր Թեհրանում: Տիկին Ցողիկ Պուլուզյանը հայերենի ուսուցիչ էր, օրինակելի անձնավորություն: Տիկին Պուլուզյանը հիմա ապրում է Երևանում: Ինքն էլ ասելիքներ կունենա մանկավարժական իր բեղուն գիրծունեությունը նկատի ունենալով: Օգտվեք բոլորից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930