Լրահոս
Օրվա լրահոսը

Աղոթք հղեցին առ Աստված՝ սահմանում կանգնած հայ զինվորի համար (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 12,2016 11:19

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է, որն ընկած է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սեպտեմբերի 11-ին, ինչպես Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում (կառուցվել է 1996-98թթ.) մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:

Առավոտյան շրջանի հոգևոր հովիվ Հայր Աթանաս վարդապետը սարկավագի և օգնականի հետ սկսեց հոգևոր արարողությունը: Հնչեցին եկեղեցու զանգերը, և հավատացյալները մոմեր վառեցին ու մասնակիցը եղան Սուրբ խաչին նվիրված տոնին, որն սկսվեց Տերունական աղոթքով: Եկեղեցու երգչախմբի ուղեկցությամբ հնչեցին շարականներ ու տաղեր:

qashatax_srbxech_1 qashatax_srbxech_2

Ընթացքում հոգևոր հայրը ներկայացրեց տոնի խորհուրդը՝ նշելով, որ Խաչվերացը կամ Սուրբ Խաչը-Սբխեչը-Սբխաչը Քրիստոսի Խաչափայտին նվիրված տոներից ամենակարևորն է: Անդրադառնալով 1402 տարի առաջ կատարված պատերազմական իրադարձությանը՝ ասաց, որ Պարսկաստանի թագավոր Խոսրովը 614թ. մեծաքանակ զորքով հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, կոտորում ժողովրդին, շատերին գերեվարում և որպես անարգանք քրիստոնյաներին՝ Սուրբ Հարության տաճարից Պարսկաստան է տանում նաև Տիրոջ խաչափայտը, որի զորությամբ Պարսկաստանում շատերը մկրտվում և դառնում քրիստոնյա:

Տեղեկացրեց նաև, որ պարսից թագավորի հրամանով Խաչափայտը տեղադրվել էր պատվավոր տեղում, և նրա մոտ կերոններ էին վառվում: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը: Կայսեր բանակի կազմում էր նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Խաչը տարվում է Երուսաղեմ` անցնելով նաև Պատմական Հայաստանով: Կարնո (Էրզրում) լեռների ստորոտներից մեկում՝ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Այստեղ կառուցվել է Խաչավանքի եկեղեցին: Հերակլը երեք տարի կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում պահելուց հետո կառքի մեջ ծնկած՝ Խաչափայտը ձեռքերում բռնած, հասցնում է Երուսաղեմ և իր ուսի վրա դրած՝ հանում է Գողգոթայի գագաթը և բարձրացնում Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ օրից սկսվեց մեծ շուքով տոնվել Խաչի բարձրացման հիշատակը՝ Խաչվերացը:

qashatax_srbxech_3 qashatax_srbxech_4

Հոգևոր հայրը նշեց նաև, որ Փրկչի խաչափայտը՝ սկզբում մահվան գործիքը, Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Խաչը նաև Սիրո խորհրդանշան է, ունի ժողովուրդներին համախմբելու զորություն: Հայ ժողովրդի համար Խաչը նաև հարատևության խորհրդանիշ է:

Ավարտելով հոգևոր արարողությունը՝ Հայր Աթանասը ներկաներին հորդորեց լինել միաբան, հավատալ Խաչին, ապավինել Աստծո զորությանը, սիրել միմյանց: Աղոթք հղեց առ Աստված սահմանում կանգնած հայ զինվորի համար, որ խաղաղությունը տիրի աշխարհում, որ Տիրոջ Աջը զորավիգ լինի մեր ժողովրդին:

qashatax_srbxech_5 qashatax_srbxech_6

Տեղեկացրեց նաև, որ երկուշաբթի՝ Խաչվերացի հաջորդ օրը, մեռելոց է: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

qashatax_srbxech_7

Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում մատուցվեց մատաղ ու կարմիր գինի: Շրջանի հոգևոր հայրը օրհնեց սեղանը, ներկաներին, որոնց մեծ մասը երեխաներ էին, և շնորհակալություն հայտնեց Սուրբ Համբարձման եկեղեցուն կից գործող ծխական խորհրդի անդամներին, ովքեր աջակցել են հինգերորդ տաղավար տոնի կայացմանը: Տոնին ներկա էին բերձորցիներ, հարևան բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաև հյուրեր, նրանց թվում՝ սփյուռքահայեր, երևանցիներ:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930