Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Եթե օլիմպիական մեդալ չկա, Ռիոյում մեր ձյուդոիստի մասնակցությունը գնահատում եմ վատ»

Սեպտեմբեր 12,2016 13:00

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը
«Առավոտի» հետ զրույցում օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Դավթյանի մրցելույթը Ռիոյում չկարողացավ բավարար գնահատել:

– Ի՞նչը կարող էր վատ հանդես գալու պատճառ դառնալ: Հովհաննեսից ի՞նչ սպասելիքներ ունեիք, որոնք նա չարդարացրեց:

– Ձյուդոն աշխարհում լինելով մասսայական, մրցակցության առումով էլ բավականին բարդ մարզաձեւ է: Հետեւաբար, կոնկրետ կանխատեսումներ անելը շատ դժվար կլիներ: Հենց միայն Ռիոյի արդյունքները նայելով՝ կտեսնենք, որ օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոններ անգամ մրցանակային տեղեր չեն գրավել: Հովհաննես Դավթյանը կարող էր մեդալի հավակնել, դա միանշանակ է: Բայց ասել, որ չի պայքարել, կարծում եմ՝ ճիշտ չի լինի: Նա առաջին գոտեմարտում մաքուր հաղթանակ տարավ եւ երկրորդում միավորների չնչին տարբերությամբ պարտվեց իր քաշային կարգում չեմպիոն Մուդրանովին:

Մուդրանովը դրանից առաջ եւ հետո բոլոր գոտեմարտերը ավարտել է մաքուր հաղթանակով եւ միայն Դավթյանն է, որ նրան զիջել է միավորների չնչին տարբերությամբ: Ձյուդոյում կանոններն այնպիսին են, որ Հովhաննեսը պետք է հասներ քառորդ եզրափակիչ, որպեսզի սփոփիչ գոտեմարտերում բրոնզի համար պայքարելու հնարավորություն ունենար: Ի դեպ, Դավթյանը նույն Մուդրանովի հետ մինչ այդ հանդիպել էր հինգ անգամ, որոնցից երեքում պարտվել էր, երկուսում՝ հաղթել: Նրանք հավասարազոր մարզիկներ են: Ափսոս, Ռիոյում հաղթանակը ժպտաց Մուդրանովին:

– Հնարավո՞ր է, որ նախապատրաստության փուլում է ինչ-որ բան բաց թողնվել:

– Նման բան չկա: Այն պահից սկսած, ինչ մարզչական շտաբը Խաղերին նախապատրաստվելու ռազմավարություն է մշակել, ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը եւ նախարարությունը բոլոր ծրագրերը լիարժեք իրականացրել են: Չի եղել որեւէ բան, որ կատարված չլինի:

– Նախորդ օլիմպիական խաղերում մենք երկու ձյուդոյիստ ունեինք՝ Հովհաննես Դավթյանը եւ Արմեն Նազարյանը, որը մարզիկի կարիերան ավարտել է ու անցել մարզչական աշխատանքի: Ռիոյում միայն Հովհաննեսն էր: Ի՞նչ պետք է անել, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր վարկանիշերն ավելանան: Ունե՞նք հեռանկարային ձյուդոյիստներ:

– Հավաքականում էական սերնդափոխություն է սպասվում: Ֆեդերացիան դեռ 2013 թվականին հայտարարել է, որ սկսվում է, այսպես ասած, փնտրտուքի տարի: Այսինքն, պետք է գտնել այն շնորհալիներին, ովքեր հնարավորություն կունենան պայքարել վարկանիշի համար: Անցած տարիները ցույց տվեցին, որ մենք ունենք այդպիսի չորս մարզիկ՝ Հովհաննես Դավթյանը, Ժաննա Ստանկեւիչը, որը մարզվում է դրսում, Ֆերդինանտ Կարապետյանը, որը հրավիրվել է Վլադիկավկազից եւ մեր Արսեն Ղազարյանը: Ստացվել էր այնպես, որ մեր հիմնական հույսը դեռեւս երիտասարդ Արսեն Ղազարյանն էր, որը բավականին վարկանիշային միավորներ հավաքեց: Ուղղակի, վերջին փուլում նրա մոտ քաշ գցելու հետ կապված խնդիրներ առաջացան: Ի վերջո, մարզիկը տեղափոխվեց մեկ աստիճան բարձր քաշային կարգ ու մինչ այդ վաստակած վարկանիշային միավորները զրոյացան:

Ինչ վերաբերում է հաջորդ օլիմպիական շրջափուլին, անկեղծ պետք է ասեմ. մեզ բավականին դժվար ճանապարհ է սպասվում: Բայց մենք թեւաթափ չենք լինում ու այժմվանից սկսում ենք աշխատել, թեեւ ավելի շատ վարկանիշ նվաճելն այնքան էլ իրատեսական չեմ համարում:

– Համապատասխան մակարդակի մարզիկնե՞ր չկան:

– Խնդիրը ձյուդոյում վարկանիշային միավորներ հավաքելու համակարգի մեջ է, որը էականորեն տարբերվում է մյուս մարզաձեւերից: Մեր մարզաձեւում վարկանիշային միավորները հաշվարկվում են բավականին հաճախ կազմակերպվող համապատասխան մրցաշարերի մասնակցելով: Դա նշանակում է, որ պետք է տարվա մեջ 10-15 հոգով մասնակցենք գոնե ութ այդպիսի մրցման: Մենք այսօր չունենք ոչ այդ 10-15 հոգին, որոնք պատրաստ են վարկանիշային միավորների համար պայքարել, ոչ էլ համապատասխան ֆինանսական միջոցներ: Կարծում եմ՝ նոր շրջափուլում խոսքը լինելու է էլի 4-5 ձյուդոիստի մասին, որոնցից մաղվելով կրկին կմնա մեկ-երկուսը: Սա իմ անձնական գնահատականն է:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

10.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930