Նախադպրոցական տարիքում երեխաներին շատ խմբակների
մի ուղարկեք
Ծնողները նոր դպրոց հաճախող երեխաների մոտ պետք է զարգացնեն, որ նոր բան սովորելուց հաճույք ստանա` ուսումնական մոտիվացիա: Սա կդառնա խթան, որի համար երեխան պետք է սովորի: Խորհուրդ է տալիս հոգեբան Լիլիթ Խաչատրյանը:
Հոգեբանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ուսումնական մոտիվացիան ամենախրախուսելի մոտիվացիան է, այն երեխաները, որոնք հետագայում դառնում են «մեծ մարդիկ», այս մոտիվացիայով են առաջնորդվում, որը, ըստ հոգեբանի` քչերի մեջ է ձեւավորված:
«Կա մոտիվացիա, որ «ես լավ գնահատական ստանամ», գնահատական ստանալու մոտիվացիան անձի խրախուսում է, որով երեխան հասկանում է՝ ինքը լա՞վն է, թե՞ վատը: Սա էլ է լավ մոտիվացիա, բայց կան երեխաներ, որ լավ գնահատական ստանում են մայրիկին ուրախացնելու, դրանով տանը իրեն առավելություն տալու, կամ էլ՝ մայրիկը խոստացել է ինչ-որ բան գնել: Այսինքն՝ նույն գնահատական ստանալու մոտիվացիան է, որի տակ եւս մի քանի այլ մոտիվացիաներ կան թաքնված»,-նշում է մասնագետը:
Լիլիթ Խաչատրյանի խոսքերով, երբ երեխան լավ է սովորում՝ դրա դիմաց ծնողից ինչ-որ ակնկալիքով, սկսում է գործարքի մեջ մտնել ծնող-երեխա հարաբերությունը:
«Պետք է երեխայի գիտակցության մեջ մտցնել այն, որ ինչ որ անում ես, քեզ համար ես անում: Այսինքն, երեխան պետք է հասկանա, որ ինքը լավ սովորեց, ստացավ լավ գնահատական, դրանով ունեցավ նոր գիտելիք»,-ասաց հոգեբանը:
Ըստ հոգեբանի, այն երեխաները, որոնք ինչ-որ բանի համար են սովորում, հետագայում էլ «կախվում» են նյութական արժեքներից:
«Հատկապես առաջին դասարանի երեխայի հետ շատ զգույշ պետք է վարվել, քանի որ այդ ժամանակահատվածից է որոշվում հետագա ուսումնական ճակատագիրը:
Եթե կիրառեցինք պատժիչ մեթոդները, խրատական մեթոդները` «այ, քո մոտ չի ստացվում, որ չի ստացվում՝ սա սրանից է, նրանից է», մենք երեխային կարող ենք շատ հեշտ կոտրել եւ կորցնել: Սա այն փուլն է, երբ ծնողները պետք է կանգնեն երեխայի կողքին եւ աստիճանաբար հավատ ձեւավորեն սեփական ուժերի նկատմամբ: Ընդհանուր առմամբ` ուսումնական պրոցեսի նկատմամբ: Պետք է լինի, որ երեխան հայտնագործող է` սա էլ սովորեց, սա էլ իմացավ: Կարծես թե մի կերպար է ձեւավորվում, որ դու կարող ես սա անել եւ դրա համար ժամանակ է պահանջվում»,- ասաց Լիլիթ Խաչատրյանը:
Նրա խոսքերով` երեխան առաջին քայլերն անելուց բնական է, որ կարող է իր մոտ ամեն բան չստացվել: Նա պետք է ունենա սխալներ եւ որոնց հետ կարողանա գործ ունենալ: Ըստ հոգեբանի, կան երեխաներ, որ այդպես էլ սխալի հետ չեն կարողանում համակերպվել. տագնապ են ապրում, քանի որ մտածում են, եթե սխալվենք, ապա ի՞նչ կասեն մաման, պապան:
«Հնարավոր է՝ սխալվել, ամենակարեւորը, որ պետք է իմանալ այն է, որ հավատացած եղիր հաջորդ քայլը քո մոտ կստացվի: Մի հատ արի տեսնենք, որ քո մոտ չստացվեց, ինչի՞ համար չստացվեց եւ ի՞նչը չստացվեց»,-նշեց մասնագետը:
Նրա խոսքերով` շատ ծնողներ գիտեն, որ երեխան եթե առաջին դասարան գնաց, ուրեմն «խաղը» վերջացավ: Լարված սպասում են դպրոցից գա ու անմիջապես անցնի դասապատրաստման, բայց չպետք է մոռանան, որ խաղը չավարտվեց եւ շարունակեն խաղալիքներ առնել, անցումները կատարելու հնարավորություններ տան երեխային:
«Շատ երեխաներ հեշտ չեն հարմարվում եւ նստում դաս պատրաստելու: Պետք է նույն գրելը, կարդալը խաղի միջոցով իրականացնել: Օրինակ՝ տիկնիկ, կամ ինչ-որ խաղալիք կարելի է դնել երեխայի կողքը եւ երեխան գրելուց հետո պատմի իր խաղալիքին, թե ինչքան լավ ստացվեց իր մոտ: Այսինքն՝ դերային խաղ ստանձնեն»,- նշեց հոգեբանը:
Գնալով հայ ծնողների մոտ մի սովորույթ է առաջ գալիս, որ երեխան ինչքան շատ բան սովորի նախադպրոցական տարիքում, այնքան մեծ է ծնողի հպարտության աստիճանը: Կամ էլ՝ կարծես իրենց հպարտությունն է հարեւանների կամ բարեկամների շրջանում: Այս մասին Լիլիթ Խաչատրյանը նշեց, որ սա ինչ-որ չափով վտանգավոր է, նախ՝ նախադպրոցական տարիքը երեխայի մոտ պետք է միայն խաղ լինի եւ ինչ էլ սովորի, պետք է միայն խաղի միջոցով կատարվի. «Բայց եթե երեխային խաղից կտրում են եւ ոգեւորված տանում, որ սա էլ իմանա, նա էլ իմանա, ապա որպես կանոն՝ երեխայի մոտ հույզերի անկում է տեղի ունենում եւ երեխան չի կարողանում հասցնել եւ գիտելիքի յուրացումը դառնում է տառապալից ինչ-որ բան: Նաեւ դրանով իմանում է շատ բան, սպառած է լինում տարիքային գիտելիքների շեմը եւ երբ մտնում է դպրոց, այլեւս ոչ մի անելու բան չի ունենում: Սա ամենախորը հիասթափություններից մեկն է դառնում երեխաների համար»:
Ըստ հոգեբանի` երեխան էլ սովորելուց, հետազոտելուց հաճույք չի կարող ստանալ, քանի որ այն ամենը, ինչ-որ արվում է դասարանում, ինքը արդեն գիտի. «Սա այն տարիքն է երեխաների մոտ, որ սպունգի նման ամեն ինչ վերցնելու է: Ուստի վաղաժամ չպետք է ծանրաբեռնել փոքրիկին: Ի վերջո, երեխան ժամանակ չի ունենում խաղալու, լիցքաթափվելու, շփվելու»:
Եվ եթե նույնիսկ տարբեր խմբակների են հաճախում երեխաները, նրանք, ըստ մասնագետի, եւս խնդիր են ունենում` տանը չլինելու. «Շատ երեխաներ կարոտում են ծնողներին, ուզում են տանը լինել: Ի վերջո, միակ վայրը երեխայի համար տունն է, որ իրեն լիարժեք ազատ է զգում: Որեւէ խմբակ տանելուց առաջ պետք է երեխայի կարծիքը եւս հաշվի առնել, արդյոք այդ բոլոր խմբակները նրան հաճո՞ւյք են պատճառում»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
10.09.2016