Քիչ առաջ տեղեկացանք, որ Ապարանի գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, որը նաեւ թեկնածու է, իր մրցակցի՝ Ապարանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Է. Փարվանյանի քարոզչական պաստառը փակցնելու խոչընդոտը վերացրել է: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Է. Փարվանյանի իրավաբան Հայկուհի Սեդրակյանը, Գոռ Աբրահամյանի հետ երեկ արդեն եկել էին համաձայնության, սակայն քանի որ դեռեւս քարոզչական պաստառը չէր փակցվել, այդ մասին ծանուցում չեն արել:
Հիշեցնենք, որ երեկ Հայկուհի Սեդրակյանն ահազանգել էր, որ Ապարանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանը, որն արդեն իսկ փակցրել էր իր քարոզչական պաստառը, խոչընդոտում է Է. Փարվանյանին փակցնելու նրա քարոզչապաստառը: Քաղաքապետ թեկնածուն վկայակոչել էր ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, այնինչ հիշատակված հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ «Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում սույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը»:
Ըստ Հայկուհի Սեդրակյանի, քարոզչական պաստառը փակցնելու համար ձեռք է բերվել շինությունը տիրապետող անձի /սեփականատիրոջ/ համաձայնությունը, ուստի պահպանվել էր օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև