ԳՅՈՒՄՐԻԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Սիրելի գյումրեցիներ
Խնդրում ենք ուշադիր կարդալ ներկայացված ծրագիրը եւ կատարել գիտակցված ընտրություն՝ հանուն ձեր իսկ կյանքում արագ եւ դրական փոփոխությունների:
Կարդացեք նաև
ՆՊԱՏԱԿԸ
Մեր նպատակն է Գյումրին նորից դարձնել կենսախինդ, գործունյա, արագորեն զարգացող եւ հպարտ քաղաք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու եւ երջանիկ ապրելու հնարավորություն: Մենք հայտնի ենք «քաղաքային մթնոլորտի» մեր համբավով, որտեղ մարդիկ հոգատար են, և ամուր են համայնքային կապերը: Մեր խնդիրն է՝պահպանել այս ուժը, ամրությունը:
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը Գյումրիի Ավագանու ընտրություններին մասնակցում է պետական մտածելակերպ ունեցող, սկզբունքային, վճռական, գրագետ թիմով, որը գիտի մեր քաղաքի խնդիրները եւ ունակ է լուծել դրանք:
Քաղաքապետի մեր թեկնածուն է Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, ով այս տարիների ընթացքում բազմիցս դրսևորել է իր սկզբունքայնությունը, ուշադրությունը, հոգատարությունը, նվիրումը քաղաքին՝ փորձելով հնարավորինս նպաստել խնդիրների լուծմանը, հոգսերի թեթեւացմանը:
Քաջատեղյակ ենք մեր երկրի, մեր քաղաքի առջև ծառացած խնդիրներին. սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, 88-ի երկրաշարժից 28 տարի անց շարունակում է չվերականգնված մնալ աղետի գոտին… այս ցանկը ինքներդ կարող եք շարունակել:
Քաջատեղյակ ենք այդ խնդիրների կուտակման հիմնական պատճառներին՝ իշխանության բռնազավթում, խաթարված սահմանադրական կարգ, ընտրակեղծիքներ, ապաշնորհ կառավարում, կոռուպցիա, հովանավորչություն, մենաշնորհներ, թալան… այս ցանկը եւս ինքներդ կարող եք շարունակել:
Գիտակցում ենք՝ այս խնդիրները լուծելու համար հարկավոր է, նախեւառաջ, վերացնել պատճառները: Ասել է թե՝ այս խնդիրները լուծելու համար հարկավոր են արմատական փոփոխություններ:
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրությունները կարող են դառնալ առաջին քայլը՝ մեծ փոփոխությունների ճանապարհին:
Այնպես որ, Հայ Ազգային Կոնգրեսը Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելով, ներկայացնում է փոփոխության հայտ:
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ
Հայ Ազգային Կոնգրեսին ընտրելով՝ ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ՝
– Գյումրին որակապես կփոխվի՝ ապահովվելով բազմաթիվ նոր աշխատատեղերով, կհիմնվեն նոր բիզնեսներ:
– Գյումրեցին կստանա քաղաքապետի հոգատար վերաբերմունքը եւ քաղաքապետարանի լիազորությանն առնչվող իր խնդիրների արագ լուծումը:
– Կբարձրանա համայնքային կառավարման որակը:
– Կվերականգնվի Գյումրիի ավագանու եւ քաղաքապետի` պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
– Քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ:
– Կբարձրանա համայնքային խնդիրների, մասնավորապես՝ բյուջեի ծախսերի առաջնայնությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հասարակության ներգրավվածության որակն ու թափանցիկությունը:
– Պետությունը, քաղաքապետարանը, ավագանին կծառայեն մարդուն՝ գերակա համարելով այն փիլիսոփայությունը, որ պետությունն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ պետության:
ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
Ընտրելով Հայ Ազգային Կոնգրեսին՝ ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ՝
Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքապետն ու ավագանին կլուծեն հետեւյալ խնդիրները.
Աշխատատեղերի եւ նպաստավոր բիզնես միջավայրի ստեղծում
– Քաղաքապետը եւ Ավագանին օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում գրավիչ պայմաններ կստեղծեն ներդրումների եւ տնտեսության զարգացման համար:
– Կխստացվի պայքարը տնտեսական մենաշնորհների դեմ։ Գյումրին կհիմնի իր՝ մենաշնորհների դեմ պայքարի և հավասար մրցակցության ապահովման քաղաքային ծառայությունը, որը կհետևի բոլորի կողմից մրցակցային կանոնների պահպանմանը, և ինքը միջնորդություններ կներկայացնի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։
– Կստեղծվի Գյումրիի փոքր և միջին բիզնեսի աջակցման կենտրոն՝ նախատեսված սկզբից 20 մինի ընկերությունների համար, որն այնուհետև կընդլայնվի: Մրցութային կարգով ընտրված, լավագույն ծրագրեր ներկայացրած սկսնակ փոքր ընկերություններին 1-2 տարի ժամկետով անվճար կտրամադրվեն կահավորված, համակարգիչներով և ինտերնետով ապահովված, կոմունալ բոլոր հարմարություններով տարածքներ՝ իրենց բիզնեսը սկսելու համար: Կենտրոնում կգործի անվճար հիմունքներով խորհրդատվական գրասենյակ՝ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար:
– Քաղաքապետարանը, միջազգային ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցություն կառուցելու և համայնքի փոքր և միջին բիզնեսի ընկերություններին խորհրդատվություններ մատուցելու միջոցով, կաջակցի փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված դրամաշնորհների տրամադրմանը և ցածր տոկոսներով վարկերի ներգրավմանը:
– Քաղաքապետը եւ Ավագանին, օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում համագործակցելով համապատասխան կազմակերպությունների հետ, կհասնեն Գյումրիի արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկմանը: Այս միջոցառումների իրականացման արդյունքում Գյումրիում կբացվեն նոր աշխատատեղեր, կնվազի գործազրկությունը:
– Քաղաքը կմասնակցի համաքաղաքային նշանակության բիզնես նախագծերին՝ գնելով դրանց բաժնետոմսերի մի մասը՝ հետագայում պարտադիր կարգով դրանք մասնավոր ձեռներեցներին վաճառելու պայմանով։
– Քաղաքի զարգացման ռազմավարության ներքո իրականացվող համայնքային նշանակության ծրագրերին կտրամադրվեն դրամաշնորհներ:
– Կառաջարկվեն նպաստավոր պայմաններ օտարերկրյա ձեռնարկատերերի և ներդրողների, հատկապես՝ արտերկրում գործունեություն ծավալած գյումրեցիների համար:
– Հաջակցություն մանրածախ առևտրի զարգացմանը` յուրաքանչյուր շաբաթ քաղաքի թաղամասերում կկազմակերպվեն տոնավաճառներ, իսկ շաբաթ և կիրակի օրերին մեքենաների համար քաղաքում անվճար կայանման հնարավորություն կստեղծվի:
Գյումրին տուրիզմի համար գրավիչ դարձնելու միջոցառումներ
– Որ Գյումրին նորից շնչի, ապրի եռանդուն եւ կենսախինդ կյանքով, լցվի գործունյա եւ լավատես մարդկանցով, պետք է առաջին հերթին լուծել աշխատանքի խնդիրը: Օդի պես անհրաժեշտ են հազարավոր աշխատատեղեր: Դրա համար առանցքային դեր կարող է խաղալ տուրիզմի զարգացումը Գյումրիում եւ նրա շուրջը: Տուրիզմը նշանակում է նաև նորանոր հյուրանոցներ, սրճարանններ, ռեստորաններ, խանութներ, կիրառական արվեստ, սպասարկող բազմաթիվ այլ ձեռնարկություններ, այսինքն՝ աշխատանք բոլորի համար:
Մենք պիտի մտածենք, թե ինչպես մեր քաղաքը գրավիչ դարձնենք զբոսաշրջիկների համար: Այդ առումով պիտի հաշվի առնել Գյումրիի և գյումրեցիների առանձնահատկությունները և հարյուրամյակների ընթացքում ձևավորված առավելությունները: Երեք նախագիծ-գաղափարների իրագործումը կարող է լուրջ խթան դառնալ՝ քաղաքը աշխույժ և զբոսաշրջության համար գրավիչ կենտրոն դարձնելու համար:
-«Գյումրին՝ Հայաստանի սպորտային մայրաքաղաք» նախագիծը
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի օրինակով՝ Գյումրին պետք է ձեռք բերի «Հայաստանի սպորտի մայրաքաղաքի» խորհրդանշական կարգավիճակը:
Նախագիծն իրագործելու նպատակով անհրաժեշտ է Ավագանու որոշմամբ մշակել Գյումրին հանրապետության ոչ պաշտոնական սպորտային մայրաքաղաք դարձնելուն ուղղված համալիր ծրագիր և դիմել ՀՀ կառավարությանը՝ այդ ծրագիրն ընդունելու և դրա իրագործմանը մասնակցելու համար: Ծրագրով պետք է նախատեսվի, մասնավորապես, բազմազան սպորտային և մշակութային միջոցառումների կազմակերպման համար նախատեսված համալիրի կառուցում, որի բազայի վրա ժամանակի ընթացքում կզարգանան համապատասխան ենթակառուցվածքներ:
Համալիրի կառուցումը թույլ կտա ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում նախատեսվող կարևոր միջազգային սպորտային միջոցառումների մեծ մասը Գյումրիում անցկացնելու համար: Նույն համալիրի տարածքում հիմնել «Հայաստանի Սպորտային նվաճումների» թանգարան, որը կդառնա մարզասեր զբոսաշրջիկների այցելատեղի:
Համալիրը կունենա նաև տարբեր մարզաձևերի համար նախատեսված մի շարք փոքր դահլիճներ, ինչպես, օրինակ՝ ծանրամարտի, ըմբշամարտի, բռնցքամարտի, արևելյան մարզաձևերի, մարմնամարզության, սեղանի թենիսի և այլն:
-Գյումրին՝ «Հայաստանի հումորի մայրաքաղաք» նախագիծը
Գյումրին հայտնի է իր հումորով: Բուլղարական Գաբրովո քաղաքը համարվում է այդ երկրի հումորի կենտրոնը, եւ դրա շուրջ զբոսաշրջության մի ամբողջ ինդուստրիա է կառուցվել: Այդ քաղաքի օրինակով, Ավագանու որոշմամբ՝ քաղաքում պետք է հիմնել «Հումորի ու երգիծանքի կենտրոն»՝ իր յուրահատուկ թանգարանով, որը մեկ այլ գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար: Թանգարանում կարող են տեղադրվել հումորին ու երգիծանքին առնչվող եւ արվեստի, մշակույթի կամ քաղաքական գործիչների, պատմվածքների և անեկդոտների հերոսների հետ կապված արձանիկներ և պատկերներ: Այդ հիմքի վրա Գյումրիում ամեն տարի կկազմակերպվի հումորի փառատոն, կհիմնվի հումորի եւ երգիծանքի գործիչների համար մրցանակաբաշխության հանդիսություն, պարբերաբար կանցկացվեն այլ միջոցառումներ: Այդ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև դեպի թանգարան զբոսաշրջության հոսքը եկամտի կարևոր աղբյուր կդառնա թե՛ Գյումրիում գործող ձեռնարկությունների, թե՛ համայնքային բյուջեի համար:
-«Հյուսիսային Հայաստանի պատմամշակութային վայրերում տուրիզմի զարգացման» նախագիծը
Հյուսիսային Հայաստանը հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող վայրերով՝ տասնյակ եկեղեցիներ, Գյումրիի հինավուրց քաղաքային մշակույթին առնչվող շինություններ, բնության չքնաղ վայրեր: Պետք է մշակել տուրիզմի ենթակառուցվածքի զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան այդ վայրերն այցելող զբոսաշրջիկներին՝ որպես կայանավայր ընտրել հենց Գյումրին: Այդ հարցում պետք է ջանալ համագործակցել Վանաձորի և Գյումրիին հարակից համայնքների տեղական իշխանությունների հետ եւ համատեղ ջանքերով զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները:
– Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Գյումրիի պատմաճարտարապետական տեսքի պահպանմանը: Համայնքային բյուջեից կտրամադրվեն անհրաժեշտ միջոցներ Կումայրի արգելոց-թանգարանին՝ պատմական հուշարձանների պահպանման ու վերանորոգման համար:
– Նախագիծը կյանքի կոչելու նպատակով՝ քաղաքի բյուջեից կնախատեսվի ֆինանսական աջակցություն՝ այցելուների համար գրավիչ վայրերը բարեկարգելու և պահպանելու համար:
Սոցիալական, մշակութային և կրթական ծրագրեր
– Բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին և հաշմանդամներին կտրամադրվի ամենամսյա դրամական կամ նյութական օգնություն: Յուրաքանչյուր տարի այդ նպատակով տրամադրվող գումարի չափը կավելացվի:
– 2018թ. սկսած՝ քաղաքապետարանը 50 տոկոսի չափով հավելավճար կսահմանի պետության կողմից տրամադրվող՝ երեխաների ծնունդի միանվագ նպաստին։
– 2018-2019 թթ. քաղաքապետարանը կսկսի իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության ծրագրեր։ Բնակարանները առանց վարձի, «բենեֆիցիարի» (շահառուի) սկզբունքով կտրամադրվեն առանց բացառության բոլոր երիտասարդ ընտանիքներին, բնակարան չունեցող կամ շատ ցածր բնակարանային ապահովվածությամբ ընտանիքներին։ Ավագանու որոշմամբ կսահմանվեն նման բնակարանների տրամադրման պայմանները, չափերը, ժամկետները և դրանք համայնքին վերադարձնելու սկզբունքները։
– Կմշակվի հատուկ ծրագիր՝ սոցիալապես խոցելի խմբերին քաղաքային տնտեսությանն անհրաժեշտ աշխատանքներում որպես ժամանակավոր աշխատակիցներ վարձավճարով ներգրավելու համար՝ այդպիսով նրանց համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր:
– Կհաշվառվի երկրաշարժից տուժած անօթևանների իրական թիվը, և այդ հիմքի վրա կմշակվեն բնակարանների արդար բաշխման սկզբունքներ:
– Մշտապես ուշադրության կենտրոնում կպահվեն կրթական, մշակութային եւ սպորտային ոլորտի տաղանդավոր երեխաներն ու երիտասարդները: Յուրաքանչյուր տարի կֆինանսավորվեն գերազանցությամբ դպրոցն ավարտած և ԲՈՒՀ ընդունված գյումրեցի 5 լավագույն ուսանողների ուսման ծախսերը:
– Չորս տարվա ընթացքում կիրականացվի «Համակարգիչն ու ինտերնետը՝ յուրաքանչյուր տանը, ուր կա գեթ մեկ սովորող երեխա կամ երիտասարդ» քաղաքային ծրագիրը։
– Մենք նաև կաջակցենք այն ծրագրերին, որոնք ապահովում են համակարգչային, ինտերնետային հասանելիություն և ուսուցում՝ այն մարդկանց, ովքեր զրկված են այդ հնարավորությունից:
– Կստեղծվի համաքաղաքային ինտերնետային գրադարան, գիտելիքների շտեմարան՝ մոբիլ կրիչների հիման վրա։
– Հատուկ ուշադրություն կդարձվի համայնքային ենթակայության հիմնարկների՝ մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների, գրադարանների պայմանների բարելավմանն ու անհրաժեշտ գույքով ապահովելուն:
– Քաղաքապետարանը կկազմակերպի ժողովրդական հրապարակային թատրոններ,
տարածքներ կտրամադրի բացօթյա երաժշտություն, փոքրիկ ներկայացումներ, մշակութային և սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար։
Կառավարման նոր որակ և նոր մշակույթ
Քաղաքային խնդիրների լուծման և քաղաքի սեփականության տնօրինման արդյունավետության բարձրացման համար շատ կարևոր է, որ քաղաքացիների մեջ ձևավորվի այն գիտակցությունը, որ համայնքն իրենց սեփականությունն է, և նրանք տեր կանգնեն իրենց սեփականությանը: Իսկ դրա համար, նախևառաջ, քաղաքային իշխանությունները պետք է հաշվետու լինեն քաղաքի բնակչության առջև, բնակչությանը ուղղակիորեն մասնակից դարձնեն կարևոր խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը, հաշվի առնեն քաղաքացիների արտահայտած տեսակետները, աշխատեն թափանցիկ և հրապարակային: Այս սկզբունքները ապահովելու համար Հայ Ազգային Կոնգրեսից ընտրված Ավագանու անդամները հետամուտ են լինելու որ՝
-Ամեն տարի կազմակերպվի համայնքի ղեկավարի հաշվետվության ներկայացում համայնքի բնակչությանը: Հաշվետվությունը ներկայացնել քաղաքացիների համար մատչելի ձևով, որպեսզի ձևական բնույթ չկրի:
-Ավագանուն ներկայացվող՝ քաղաքի բյուջեի կատարողականի եռամսյակային հաշվետվություններին վերաբերող Ավագանու նիստերը հեռարձակվեն համացանցով՝ քաղաքապետարանի կայքում:
-Քաղաքի ինտերնետային կայքում մշտապես թարմացվի բյուջեի մուտքերի և ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, փոխվի այդ տեղեկատվության ձևաչափը և քաղաքացու համար դառնա ավելի մատչելի:
-Քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումները դարձնել արդյունավետ՝ ներկայումս գործող ձևականի փոխարեն:
Կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար՝
-Կբացառվի շահերի բախման դեպքում շահը հօգուտ օգտագործելը, այդ նպատակով կմշակվի ներքին կանոնակարգ՝ հիմք ընդունելով օրենսդությամբ նախատեսված դրույթները:
-Կբացառվի հովանավորչությունը, կադրային քաղաքականություն իրականացնելիս հաշվի կառնվեն միայն անձի մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
-Խստորեն կպահպանվի օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու արգելքը:
-Քաղաքացու հետ փոխհարաբերություններում նվազագույնի կհասցվի նրան ծառայություն մատուցող աշխատակցի անձնական գործոնը՝ ներդնելով համապատասխան մեխանիզմներ:
-Կիրականացվեն հստակ, կոնկրետ քայլեր, որպեսզի՝ ա) գործարարությունը տարանջատվի համայնքային կառավարումից, և բ) քաղաքային իշխանությունում պաշտոն ստանձնած յուրաքանչյուր գործարար ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։
Թափանցիկություն եւ հանրային վերահսկողություն
– Քաղաքի ե՛ւ հիմնական, ե՛ւ երկրորդային փողոցների հիմնանորոգման, բարեկարգման, ձնամաքրման աշխատանքների, լուսավորության ապահովման, աղբահանության իրականացման համար կատարվող ծախսերը կլինեն հանրային վերահսկողության ներքո: Առանձնահատուկ հետեւողականություն կցուցաբերվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունների ընտրության հարցում: Այդ ընկերությունները կընտրվեն իրապես բաց-թափանցիկ մրցույթի միջոցով, ինչը հնարավորություն կտա ապահովել ցածր գին ու բարձր որակ: Միաժամանակ, խստորեն հսկողություն կսահմանվի, որպեսզի հատկացված միջոցները, մինչեւ վերջին լուման, ծախսվեն ըստ նպատակի:
– Աղետի գոտու անօթեւանների հաշվառումից մինչեւ բնակարանների բաշխման գործընթացում կապահովվի լիակատար թափանցիկություն: Միաժամանակ, այս աշխատանքներում կներգրավվեն շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները, որոնք հնարավորություն կունենան այդ գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնել:
– Պարտադիր կկազմակերպվեն օրենքով նախատեսված հանրային լսումներ և ֆորումներ՝ տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես `
-համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի,
-համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների,
-համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ:
– Քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումները կդարձվեն արդյունավետ՝ ներկայումս գործող ձևականի փոխարեն: Քննարկման ժամանակ արտահայտված բոլոր տեսակետները անպայման կարձանագրվեն և կներկայացվեն այդ հարցի վերաբերյալ ավագանու քննարկմանը:
– Գյումրիում պրակտիկա կդառնա համայնքային նշանակության հարցերի վերաբերյալ տեղական հանրաքվեների կազմակերպումը:
– Քաղաքապետը պարբերաբար (տարեկան առնվազն երկու անգամ) հանդես կգա հաշվետու ասուլիսով՝ պատասխանելով ոչ միայն լրագրողների, այլեւ համաքաղաքացիների՝ օնլայն ռեժիմով հնչեցրած հարցերին:
– Կներդրվի ժամանակակից համակարգչային ֆինանսական համակարգ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին ցանկության դեպքում իրականացնել բյուջեի եկամուտների եւ ծախսերի առցանց մշտադիտարկում:
Տրանսպորտի աշխատանքի բարելավում
– Կկարգավորվի ներքաղաքային տրանսպորտի խնդիրը՝ բարձրացնելով սպասարկման որակը և ապահովելով երթևեկության ցանցի կայուն գործունեությունը: Քաղաքի ծայրամասային թաղամասերը կապահովվեն տրանսպորտով: Երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն բաց-թափանցիկ մրցույթների արդյունքում, ինչը հնարավորություն կտա մատուցել որակյալ ծառայություն:
– Կկատարվի ներքաղաքային և միջհամայնքային տրանսպորտի գործունեության պլանավորում, ըստ որի՝ քաղաքի տրանսպորտային ցանցը կընդլայնվի և կբավարարի հետագա պահանջները: Աշխատանք կտարվի տարածքային տրանսպորտային ցանցերի մասով որոշումների վրա ազդեցություն ունենալու ուղղությամբ:
– Մենք կբարելավենք քաղաքի ուղևորատրանսպորտային համակարգը՝ շեշտը դնելով փոքր ավտոբուսային պարկերի վրա:
– Ավտոմեքենաների կայանատեղերով (փողոցում և փողոցից դուրս) կապահովվեն քաղաքի կենտրոնը և բնակելի գոտիները:
– Նկատի ունենալով Գյումրու նպաստավոր լանդշաֆտը՝ տրանսպորտային խնդրի լուծման լավագույն միջոցներից ենք համարում աշխարհի բազմաթիվ քաղաքներում լայն տարածում ստացած՝ հեծանիվների օգտագործման էկոլոգիապես մաքուր և առողջարար մշակույթի խթանումը: Քաղաքի ներքին ճանապարհները աստիճանաբար կվերակառուցվեն՝ ապահովվելով հեծանվաուղիներով:
Քաղաքաշինական օրինական եւ ճիշտ պլանավորում
Մենք ցանկանում ենք Գյումրին տեսնել որպես «ինքնատիպ վայր» ընկալվող, ավելի համապարփակ, բանուկ, լավ հանգուցված, բարգավաճ, մրցունակ և նորարարական քաղաք:
– Քաղաքը կունենա զարգացման բազմամյա ծրագիր և նոր գլխավոր հատակագիծ: Ուշադրություն դարձնելով Գյումրիի պատմական կենտրոնին, միաժամանակ՝ կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը՝ միջոցներ ներդնելով ծայրամասային թաղամասերում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման համար:
– Շենքերի և շինությունների ընդհանուր տեսքին, ինչպես նաև հանրային օգտագործման տարածքներին վերաբերող չափանիշները կբարձրացվեն: Բացի այդ, քաղաքի կառուցապատված միջավայրն ավելի հստակորեն կարտացոլի մեր ինքնությունը և կընդգծի Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի կարգավիճակը:
– Մենք նախատեսում ենք իրականացնել մի քանի ծրագրեր՝ բարելավելու Գյումրու արտաքին տեսքը, որպեսզի այն ավելի լավ արտահայտի քաղաքի կերպարը: Այս նպատակով կմշակվեն նոր ուղեցույցներ, որտեղ կպարզաբանվի, թե ինչպես կարող են շենքերն արտացոլել քաղաքի ինքնատիպությունը: Ուղեցույցներում կներառվեն նաև կառավարական շենքերի շրջակայքում քաղաքի գլխավոր թաղամասի զարգացման առաջարկներ:
– Գործնական քայլեր կձեռնարկվեն քաղաքի՝ պատմական արժեք ներկայացնող շենքերի պահպանության ուղղությամբ: Այն կներառի փորձագիտական գնահատումներ երկրաշարժի նկատմամբ զգայունության վերաբերյալ, համագործակցություն շենքերի և շինությունների սեփականատերերի հետ և աջակցության հիմնադրամի ստեղծում՝ շենքերի անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ կատարելու ուղղությամբ:
– Պետական գերակա շահի կամայական կիրարկումը իշխանությունների կողմից կարգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (առնվազն թաղի, իսկ խոշոր նախագծերի դեպքում՝ ամբողջ քաղաքի մասշտաբով) անց է կացվել հանրաքվե։ Կառուցապատողը պետք է բանակցի և քաղաքացիների հետ համաձայնեցնի վերջիններիս գույքի տնօրինման (իրացման) հետ կապված խնդիրները։
Բնապահպանություն, մաքրություն և կանաչապատում
– Առանձնահատուկ հոգածություն կցուցաբերվի քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը: Կիրականացվեն կանաչապատման ծրագրեր՝ հիմնելով պաշտպանիչ անտառաշերտեր, փոքր այգիներ ու ծառուղիներ, միաժամանակ՝ քաղաքապետի անձնական ակտիվ մասնակցության օրինակով խթանելով ծառատունկերը բնակչության կողմից:
– Կսահմանվեն խստագույն տուգանքներ քաղաքն աղտոտելու, բակերում և հանրային վայրերում ապօրինի ավտոտնակներ կառուցելու, ապօրինի շինարարություն իրականացնելու համար։
– Քաղաքի բանուկ վայրերում կտեղադրվեն հասարակական զուգարաններ:
Առողջապահություն
– Գյումրիում կներդրվի առողջապահական «հիմնական ծառայությունների փաթեթից» (անվճար բուժօգնությունից) օգտվելու և անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տվող` էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի համակարգ: Համակարգը կապահովի բժշկական հաստատությունների արդյունավետ ֆինանսավորումը և կբացառի ֆինանսական միջոցները վատնելու հնարավորությունը: Իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան արժանավայել վարձատրել բուժաշխատողներին ` իրենց կողմից մատուցված ծառայություններին համարժեք:
– Երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար կստեղծվեն
հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ (հոսպիսներ):
– Տեղաշարժման դժվարություններ ունեցողների համար մարդաշատ փողոցների մայթերը կվերակառուցվեն թեքահարթակներով:
Գյումրիի ֆինանսական ինքնուրույնության ապահովման քայլեր
Մեր խնդիրն է՝ որդեգրել քաղաքականություն և ձեռնարկել քայլեր՝ աստիճանաբար ձերբազատվելու ֆինանսական կախվածությունից կենտրոնական բյուջեից և ձևավորելու քաղաքի եկամուտների ավելացման սեփական աղբյուրները:
– Նախևառաջ, կվերացվեն անարդյունավետ ծախսերը, գումարների անտեղի վատնումը, ատկատները, կոռուպցիան, կբարձրացվի եկամուտների հավաքագրման աստիճանը:
– Ավագանու որոշմամբ՝ հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ՝ համայնքների տարածքում հավաքագրվող եկամտահարկի և շահութահարկի գումարներից մինչև 40 տոկոս մասնաբաժին հատկացնելու տեղական բյուջեներին:
– Քաղաքի զարգացման կենտրոնական գոտում կսահմանվի շինարարության հարկ՝ բնեղենով (հանձնված մակերեսով), միջինը 10% (տարբերակված ըստ տարածքային սկզբունքի)։ Անշարժ գույքի այդ մակերեսները կգրանցվեն որպես համայնքային սեփականություն և կհանձնվեն քաղաքապետարանի տնօրինմանը: Քաղաքապետարանը դրանք կարող է կամ վաճառել՝ ապահովելով բյուջեի եկամուտներ, կամ ծառայեցնել սոցիալական խնդիրների լուծմանը:
– Քաղաքի տարածքում կվերացվեն բոլոր տեսակի ոչ պետական վիճակախաղերը,
խաղարկությունները, լոտոները և այլն։ Սրանք բոլորը պետք է լինեն պետության կամ համայնքի մենաշնորհը։
– Սեփականաշնորհված խոշոր արտադրական համալիրների սեփականատերերը կվճարեն լրացուցիչ դրույքներով ունեցվածքի հարկ՝ ավելի քան երկու տարի չօգտագործվող գույքային համալիրի 1 քառ. մետրի հաշվարկով: Շեշտակիորեն կբարձրացվեն մուծումները քաղաքային բյուջե՝ երկար ժամանակով դադարեցված անավարտ խոշոր շենքերի ու կառույցների դիմաց։
– Սկսած 2018թ.՝ քաղաքային ծախսերի մեծ մասը կիրականացվի ծրագրային բյուջետավորման տեսքով, նախահաշվային ֆինանսավորումը կհասցվի նվազագույնի։
– Գյումրիում կարգելվեն մասնավոր ավտոկայանատեղերը: Դրանք պետք է լինեն միմիայն քաղաքապետարանի ենթակայության: Կավելացվի կայանման համար գանձվող որոշ գումարների չափը, միաժամանակ՝ կսահմանվի կանոնների համապատասխանության վերահսկողություն, որպեսզի բոլորը կարողանան հավասարապես օգտվել կայանման հրապարակներից: Տաքսիների համար կսահմանվեն հատուկ թույլտվություններ:
Կոմունալ ոլորտ և համատիրությունների աշխատանքների բարելավում
– Ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Գյումրիում համատիրություններն այսօր վերածվել են օրվա իշխանություններին ձայն բերող եւ հաճախ նաեւ ընտրակաշառք բաժանող ստորաբաժանումների: Ուստի՝ հարկավոր է մեկընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին եւ վերահսկել, որպեսզի համատիրություններն իրականացնեն ՀՀ օրենքներով իրենց վերապահված լիազորությունները, հատկապես ֆինանսական միջոցների հավաքագրման ու ծախսման հարցում գործեն թափանցիկ՝ հաշվետվություն ներկայացնելով բնակիչներին:
– Քաղաքացիների հետ հետևողական աշխատանքի արդյունքում կհասնենք նրան, որ համատիրությունների գործադիր մարմինները պարտադիր ներկայացնեն կիսամյակային հաշվետվություններ՝ կատարած աշխատանքների և ֆինանսական հոսքերի վերաբերյալ:
– Քաղաքապետարանը կհետևի, որ համատիրությունները կազմավորվեն ոչ թե պարտադրանքի, այլ կամավոր միավորումների ձևով: Վստահելիության, թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով քաղաքային իշխանությունը կխրախուսի փոքր համատիրությունների ձևավորումը՝ «վճարում եմ ինձ համար» կարգախոսով:
– Կներդրվի քաղաքապետարանի և համատիրությունների համագործակցության հատուկ ծրագիր՝ քաղաքային բյուջեից մասհանումներով և համատիրությունների անդամների աշխատուժով կոմունալ և բակերի բարեկարգման խնդիրները լուծելու համար:
– Կբարելավվի քաղաքի էներգետիկ համակարգի կառավարման արդյունավետությունը, քաղաքային տնտեսության և քաղաքացիներին որակյալ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար կկիրառվեն էներգախնայողություն և շենքերի լայնածավալ ջերմամեկուսացում ապահովող նոր տեխնոլոգիաներ՝ նպատակ ունենալով աստիճանաբար անցում կատարելու էկոլոգիական մաքուր համակարգի` կանաչ էներգետիկայի: Դրա արդյունքում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր:
Քաղաքացիների ազատությունների, իրավունքների, սեփականության և օրինական շահերի պաշտպանություն
– Գյումրեցիները կձերբազատվեն պետական չինովնիկների, օլիգարխների և նրանց մերձավորների, ինչպես նաև տարբեր տեսակի «զորքերի» կամայականություններից: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական կարգը պահպանող համապատասխան ծառայությունը սեղմ ժամկետում` քաղաքացիների համակեցության կանոնների համաձայն, օրինականություն, կարգ ու կանոն կհաստատի Գյումրիի փողոցներում, հասարակական վայրերում՝ քաղաքը անվտանգ և ապահով դարձնելով գյումրեցիների և հյուրերի համար:
– Այլևս երբեք Գյումրիում չի արգելվի կամ չի խոչընդոտվի ոչ մի հանրային հավաք: Ոչ ոք և ոչ մի պարագայում չի հետապնդվի իր քաղաքական հայացքների, համոզմունքների կամ մասնագիտական գործունեության համար: Կձևավորվի նոր հասարակական-քաղաքական մշակույթ:
– Բոլոր քաղաքացիները վստահաբար կապավինեն քաղաքային իշխանությունների աջակցությանը՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում: Այդ նպատակով քաղաքապետարանում կբացվի Իրավական աջակցության կենտրոն:
– Կկատարվի համայնքապատկան հիմնարկների կոլեկտիվների ապակուսակցականացում: Կբացառվի համայնքապատկան հիմնարկների կոլեկտիվներին օրվա իշխանությանը ծառայեցնելու արատավոր պրակտիկան, պարտադիր կուսակցականացումը, քաղաքական գործընթացներին ստիպողաբար մասնակցությունը:
– Կճանաչվի տասը և ավելի տարի հողը և դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետողների, մասնավորապես՝ նախկին այգեգործական ընկերությունների անդամների սեփականության իրավունքը:
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՅՍ ԱՄԵՆՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ
– Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող Գյումրիի քաղաքապետը եւ Ավագանին կօգտագործեն իրենց լիազորությունները, բայց նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների առաջ հետեւողականորեն բարձրացնելու են քաղաքի առաջ ծառացած խնդիրները եւ իրենց իրավասությունների շրջանակներում հասնելու են բարձրացված հարցերի լուծմանը: Այս առումով, հանձին Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության՝ արդեն իսկ ունենք Գյումրիի մասին մտահոգ եւ Գյումրիի խնդիրները բարձրացնող գործընկեր, որը տարբեր առիթներով արդեն միջամտել է, եւ հարցերը դրական լուծում են ստացել: Հետայսու եւս պատրաստվում ենք համագործակցել ԱԺ-ում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հետ, միաժամանակ՝ պահանջատեր ենք լինելու օրենսդիր ու գործադիր իշխանության մյուս մարմինների մոտ:
– Ընտրություններում մեր հաղթանակի արդյունքում հնարավոր կլինի քաղաքում էապես փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, վերացնել հուսահատությունն ու ընկճվածությունը, վաղվա օրվա հանդեպ թերահավատությունն ու անվստահությունը: Սա հնարավորություն կտա կասեցնել արտագաղթը եւ քաղաքացու մեջ հույս ծնել իր պետության, իր քաղաքի վաղվա օրվա հանդեպ: Սա հնարավորություն կտա, որ քաղաքացին իրեն զգա երկրի, իր քաղաքի լիարժեք տերը:
– Քաղաքային իշխանությունը կլինի քաղաքացու կողքին, նրա խնդիրները լուծողը: Քաղաքացին կզգա քաղաքապետի եւ Ավագանու անդամների մշտական հոգածությունը, ուշադրությունը, նվիրումը:
– Այս ծրագիրը կարող է թվալ հավակնոտ, բայց այն միանգամայն իրատեսական է: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար հարկավոր է միմիայն քաղաքական կամք: Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա քաղաքապետի թեկնածու Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանն ունեն քաղաքական կամք` նշված խնդիրներն իրագործելու համար, եւ այս տարիների ընթացքում ձեր առաջ ի ցույց են դրել անհրաժեշտ սկզբունքայնությունն ու համառությունը:
– Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Գյումրիի Ավագանին բյուջեն հաստատելիս պետք է իր առջև խնդիր դնի տարեցտարի ավելացնել համայնքային բյուջեի մուտքերը՝ միաժամանակ՝ խիստ վերահսկողություն սահմանելով ծախսերի նկատմամբ:
– Ստեղծելով նպաստավոր միջավայր օտարերկրյա ներդրումների եւ բիզնեսի համար՝ հնարավոր կլինի թափ հաղորդել տնտեսության զարգացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի նաեւ համայնքային բյուջեի մուտքերի ավելացման:
ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ Գյումրիում կփոխվի իշխանությունների վերաբերմունքը ժողովրդի հանդեպ: ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ Գյումրիում կփոխվի ժողովրդի վերաբերմունքը իշխանության հանդեպ:
Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի Ավագանու թիմն ունակ է լուծելու այս խնդիրները:
Հայ Ազգային Կոնգրես