Երեկ Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կուսակիցները, որպես վարչապետի թեկնածու, առաջադրեցին կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին:
Aravot.am-ը քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե կբավարարե՞ն Նիկոլ Փաշինյանի ունակությունները երկրի վարչապետի պաշտոնում աշխատելու համար:
«Հայաստանում վարչապետի հարցը փակված է, սա նշանակում է, որ անկախ նրանից, թե ո՛ր կուսակցությունը վարչապետի պաշտոնում ո՛ւմ կառաջադրի, այդ հարցը քննարկելը դառնում է անիմաստ, որովհետեւ Հայաստանում, երկար ժամանակով, վարչապետի հարցը փակված է»,-ի պատասխան ասաց քաղտեխնոլոգը:
Այդուհանդերձ պարոն Բադալյանը, որպես փորձագետ նշեց, որ, եթե ուզում ենք պարզել՝ այս կամ այն քաղաքական գործիչը կարող է վարչապետի պաշտոնում աշխատել թե՝ ոչ, դրա համար պետք է ուսումնասիրել տվյալ քաղաքական գործչի նախորդ գործունեությունը,. «Եթե նա զբաղեցրել է գործադիր պաշտոն՝ մարզպետ, քաղաքապետ կամ ինչ-որ ոլորտի նախարար կամ ինչ-որ բիզնես ընկերությունում եղել է ղեկավար, ապա պետք է ուսումնասիրել նրա գործունեությունը: Եթե մարդը ո՛չ այդ, ո՛չ այն պաշտոնն է զբաղեցրել, ապա դուք չեք կարող ասել, որ ինքը կարող է վարչապետ աշխատել թե՝ ոչ, դա արդեն կլինի գուշակություն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
) Միայն ցիգան ու բոմժ վարչապետներն են պակասել Հայաստանին` հատակին հասնելու համար