Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Սասնա ծռեր» խումբը իր հուսահատ եւ վիճելի քայլով ազդարարեց Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամի ծայրահեղ բնույթը. (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2016 22:48

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 10-ին Ազատության հրապարակում հնչած ելույթն ամբողջությամբ

Իսկապես քաղաքական թեժ ամառ ունեցանք այս տարի: Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը ավարտվեց ընդդիմության բնույթի եւ էության մասին բուռն քննարկումներով, իսկ «Սասնա ծռեր» խումբը իր հուսահատ եւ վիճելի քայլով ազդարարեց Հայաստանում հաստատված վստահության ճգնաժամի ծայրահեղ բնույթը:

Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է, եւ ունենք այն, ինչ ունենք. Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլեւ նրա եղբայր Լեւոնը Գյումրիի ավագանու որոշմամբ հռչակվել է հանրապետության երկրորդ քաղաքի պատվավոր քաղաքացի:

Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ Սարգսյան եղբայրներից առնվազն Սերժն ու Սաշիկը Հայաստանի տարածքում ոչ թե ստանային, այլ զրկվեին քաղաքացիությունից, մի պարզ հիմնավորմամբ. հենց նրանց գործունեության արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ դե ֆակտո, կամ դե յուրե դադարել են անկախ Հայաստանի քաղաքացի լինել: Միլիոնավոր հայեր սկսել են մտածել, կասկածել, թե ի՞նչ է ի վերջո Հայաստանի Հանրապետությունը իրենց համար. հայրենի՞ք, թե պատիժ ու պատուհաս:

'Civic Union' party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

‘Civic Union’ party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

Այս իմաստով պատեհ եմ համարում անդրադառնալ հանրության շրջանում եւ սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող մի հարցի, թե Հայաստանի ղեկին կանգնած անձանցից ո՞վ է ամենամեծ պատասխանատուն Հայաստանի այսօրվա հուսահատ վիճակի, միլիոնների հասնող արտագաղթի համար:

Մեր պատասխանը միանշանակ է. Հայաստանի այսօրվա վիճակի թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետեւ վերջին 23 տարում նա մշտապես եղել է Հայաստանում որոշումներ կայացնող իշխանական «էլիտար պոլիտբյուրոյի» անդամ: Այդ պոլիտբյուրոն սկզբում բաղկացած էր հինգ հոգուց, հետո դարձավ եռյակ, հետո զույգ, դրա կազմը անընդհատ փոփոխվել է, բայց Սերժ Սարգսյանը Հայաստանի ճակատագիրը որոշած իշխանական թոփ վերնախավի միակ անփոփոխ անդամն է՝ սկսած 1993 թվականից, երբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար: Դրանից հետո Սերժ Սարգսյանի զբաղեցրած ամենացածր պաշտոնը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը, որը միայն ժամանակավոր կարգավիճակ էր ու տեւել է ընդամենը 7 ամիս: Սարգսյանը Երրորդ հանրապետության պատմության միակ գործող անձն է, ով թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին վայելել է վերջիններիս անվերապահ վստահությունը, ունեցել է իրական եւ աճող իշխանություն եւ ի վերջո՝ դարձել է եթե ոչ ավելի, ապա նույնքան ազդեցիկ որքան պետության առաջին դեմքերը: Իսկ 2008 թվականից իշխանության միակ իրական կրողն է:

Եւ ուրեմն, Սերժ Սարգսյանը ուղիղ առնչություն ունի Հայաստանը բնականոն զարգացման հունից դուրս նետած առանց բացառության բոլոր ցնցումների հետ:

1996 եւ 1998 թվականների նախագահական կեղծված ընտրությունների եւ դրանց կապակցությամբ ընդդիմադիր քաղաքական գործիչներին հետապնդումների ենթարկելու ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը ղեկավարում էր ազգային անվտանգության պետական վարչությունը, ապա Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար էր:

'Civic Union' party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

‘Civic Union’ party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարար էր, երկրի ղեկավարության անվտանգության թիվ 1 պատասխանատու: 1995-ից 1999 թվականներին, երբ նա ղեկավարում էր Ազգային անվտանգության համակարգը, Հայաստանը միայն նախագահի՛ սպանությունից է զերծ մնացել, գուցե նաեւ այն պատճառով, որ այդ ընթացքի մեծ մասում նախագահ չի էլ ունեցել Հայաստանը: Այդ ժամանակահատվածում սպանվել են՝ ԱԺ նախագահ, վարչապետ, ԱԺ փոխնախագահներ, գլխավոր դատախազ, նախարար, Ներքին զորքերի հրամանատար, փոխնախարար, ԱԺ պատգամավոր: Եթե սրան գումարենք 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը «ձեզ հայտնի ուժերի պահանջով»՝ պատկերը կդառնա ավելի ամբողջական:

Սերժ Սարգսյանի դերակատարումը առավել վճռական է եղել 2003, 2008, 2013 թվականնների նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընդդիմադիր գործիչներին քաղաքական հետապնդումների ենթարկելու, 2008 թվականի մարտիմեկյան սպանդը կազմակերպելու գործում: 2003-ին նա Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետն էր, Պաշտպանության նախարար եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2008 թվականին վարչապետ եւ նախագահի իշխանական թեկնածու, ով ԿԸՀ կողմից հռչակվել էր ընտրված նախագահ, 2013-ին արդեն երկրի դե ֆակտո առաջին դեմք, ով մինչեւ օրս շարունակում է բանտերում պահել բազմաթիվ քաղաքական գործիչների:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտանական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց Սերժ Սարգսյանը արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի, 2000-ից 2007 թվականներին, եղել էր պաշտպանության նախարար: Վերջերս, ի դեպ, հաճախ է քննարկվում հարցը, թե Սերժ Սարգսյանը հող հանձնո՞ղ է, թե ոչ: Կներեք, բայց հող հանձնելը պոզով պոչո՞վ է լինում: Եթե երկար տարիներ առաջնագծի կենսական պահանջները ոչ միայն չեն լուծվում, այլեւ բացահայտորեն արհամարհվում են, դա հանուն ինչի՞ է արվում, եթե ոչ հող հանձնելու:

Ամփոփելով Սերժ Սարգսյանի գործունեության հետ ուղղակի առնչություն ունեցող ցնցումների շարքը, ընդգծենք. երբ 2016 թվականի հուլիսի 29-ին Սարիթաղում տեղի ունեցավ ցուցարարների եւ լրագրողների ուղղորդված ջարդ, Սերժ Սարգսյանը Հայաստանի դե ֆակտո ղեկավարն էր: Երկար տարիներ նրա վարչախմբի թույլ տված ապօրինությունները, կոռուպցիան, քաղաքական հետապնդումներն էին, որ հանգեցրին Ոստիկանության Պարեկապահակային գնդի շուրջ ողբերգական իրադարձությունների ծավալմանը եւ անձամբ Սերժ Սարգսյանն է տեղի ունեցածի թիվ 1 պատասխանատուն:

Սարգսյանի հետ կապված հակապետական երեւույթների թվարկումը կարելի է դեռ երկար շարունակել: Եւ սա չեմ անում պատմական ակնարկի համար: Սա անում եմ ցույց տալու, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական մետաստազները հեռացված չեն իշխանությունից, Հայաստանի Հանրապետության պատմությունը հարստանալու է նոր ցնցումներով, նոր կորուստներով, նոր անկումներով:

Սերժ Սարգսյանի եւ նրա քաղաքական մետասատազների հեռացումը կառավարման ղեկից՝ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար եւ բխում է մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերից: Սարգսյանի հետ գործակցության, կուլիսային բանակցության, քաղաքական եւ քաղաքագիտական խաղերի ցանկացած դրսեւորում, անկախ նրանից, թե ի՞նչ քողի տակ է արվում՝ ազգային համաձայնության կառավարության ձեւավորմա՞ն, թե հայրենիքի գլխին կախված վտանգի՝ անընդունելի եւ դատապարտելի է մեզ համար:

Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժել է սահմանադրական փոփոխությունները քննարկելու Սերժ Սարգսյանի հրավերը:

Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորինս հեռու է մնացել 4+4+4 ձեւաչափի մարիոնետային բանակցություններից, որովհետեւ բանակցողներն իրականում նրանք չէին, որ նստում էին տեսախցիկների առաջ, եւ բանակցությունների ամենակարեւոր նյութն էլ ամենեւին Ընտրական օրենսգիրքը չէր:

Այս է պատճառը, որ մենք խստորեն քննադատել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հուլիսի 22-ի խայտառակ հայտարարությունը:

Այս է պատճառը, որ խստորեն քննադատել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ինչպես իրենք են ասում, թեկուզ պայմանականորեն, թեկուզ ժամանակավորապես հրաժարվելու «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռեր» խմբի քաղաքական ղեկավարության գործելակերպը:

Ոմանք համարում են, թե մենք դա արել ենք ամենաանհարմար պահերին, բայց մենք չենք գործել եւ չենք գործելու սոցիալական ցանցերին կամ որեւէ մեկի հաճոյանալու տրամաբանությամբ: Մենք գործելու ենք հանրության հետ անկեղծ եւ ազնիվ լինելու, մեր քաղաքական սկզբունքներն ու ինքնությունը արձանագրելու եւ այդ ամենը ժամանակին ու տեղում անելու տրամաբանությամբ:

Սիրելի ժողովուրդ.

Առաջին անգամը չէ, որ Ազատության հրապարակի այս հարթակից խոսվում է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու կենսական անհրաժեշտության մասին: Բայց մենք պետք է նոր խոսակցություն ունենանք, նոր բովանդակություն ստեղծենք՝ իշխանափոխության ծագումնաբանության, մեթոդների եւ սկզբունքների վերաբերյալ:

Մեր կարծիքը միանշանակ է. քաղաքական որեւէ ուժ, որեւէ քաղաքական առաջնորդ չի կարող որոշում կայացնել Սերժ Սարգսյանին կամ որեւէ մեկին իշխանությունից հեռացնելու մասին: Քաղաքական ուժը կարող է ձեւակերպել, հիմնավորել տվյալ որոշման, փոփոխության անհրաժեշտությունը, բայց բուն որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, իր սահմանադրական բարձրագույն ուժով:

Քաղաքական ուժը, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ժողովրդի կողմից որոշումը կայացվելու դեպքում, պետք է լինի այն ի կատար ածելու կազմակերպիչը, երաշխավորը: Եւ նրա գործողությունները պետք է հիմնված լինեն ժողովրդի կամարտահայտման լեգիտիմ հենքի վրա:

Այս իմաստով ոմանք թյուրիմացության մեջ են, մտածելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության փոփոխության միակ մեթոդ ու եղանակ համարում է ընտրությունները: Մեր կուսակցության ծրագրում հստակ ամրագրված է նաեւ Թավշյա հեղափոխությունը, որպես երկրում իշխանափոխություն իրագործելու ընդունելի մեխանիզմ: Բայց որեւէ իշխանափոխություն մենք անհնար եւ անընդունելի ենք համարում առանց ժողովրդի հստակ, տեսանելի եւ ապացուցելի կամարտահայտման:

Հետեւաբար, մեր քաղաքական գործունեության գաղափարական հիմքը ոչ թե ընտրություններն են կամ թավշյա հեղափոխությունը, այլ ժողովրդի կամարտահայտությունը: Ընտրությունները մեզ հետաքրքրում են միայն ու միայն որպես ժողովրդի կամքի արտահայտման հնարավորություն, որովհետեւ միայն ժողովրդի տեսանելի, ստուգելի եւ չափելի կամքն է, որ պետք է որոշի, թե ինչ պետք է անենք մենք՝ գնանք Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանից ազատելու՞, թե պետք է գնանք տներով, սպասելով ժողովրդի կամարտահայտման հաջորդ պատեհ առիթին՝ աշխատելով ամեն ինչ անել, որ այդ հերթական կամարտահայտումը լինի մեր քաղաքական պատկերացումներին համապատասխան:

Ահա այս արձանագրումն ակնհայտ է դարձնում, թե որը պետք է լինի իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն համարող քաղաքական ուժի՝ տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անելիքը:

'Civic Union' party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

‘Civic Union’ party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

Մեր խնդիրն է, ըստ այդմ, ձեւավորել ժողովրդի կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները, այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն ենթադրաբար, այլեւ տեսանելի եւ ապացուցելի կերպով արձանագրել ժողովրդի կամքն ու ցանկությունը, եւ այդ կամքը վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի՝ այն չափերով եւ ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը: Ուշադրություն դարձրեք՝ այն չափերով եւ ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը:

Այս մեխանիզմի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, ուրեմն, 6000 վստահված անձ նախագիծն է: Գաղափարը հետեւյալ է. Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրական տեղամասի հաշվարկով ունենալ առնվազն երեքական վստահված անձանց թիմեր, մի համակարգ, որ չի ունեցել Երրորդ հանրապետության եւ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ: Թյուրիմացության մեջ են բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են թե 6 հազար վստահված անձ նախագիծը միայն ընտրական իշխանափոխության համար նախատեսված մեխանիզմ է:

Այո, ընտրությունների ժամանակ այս մարդիկ դառնալու են փաստահավաք այն թիմը, որի գործունեության արդյունքում է պարզվելու, թե ի վերջո ի՞նչ որոշեց ժողովուրդը, որովհետեւ ինչպես ասացի, մենք կարող ենք ու պիտի գործենք բացառապես ժողովրդի կայացրած որոշման, այսինքն՝ տրված մանդատի շրջանակներում: Եթե ժողովուրդը կայացրել է իշխանափոխություն անելու որոշում, կամ ժողովրդի հավաքական կամքի արտահայտման վրա բռնացել են ու մենք դա կարող ենք ապացուցել, ուրեմն մեր խնդիրը կլինի անցնել թավշյա հեղափոխության ռեժիմին, որի կարեւորագույն կոմպոնենտը ժողովրդի կամքի ցուցարդրումն է փողոցներում եւ հրապարակներում, ապա եւ՝ ժողովրդական զանգվածների կենտրոնացումը Երեւան քաղաքում՝ 24 ժամվա ընթացքում իշխանափոխությունը կյանքի կոչելու համար:

Ահա, այս ժամանակ է, որ 6000 վստահված անձինք լինելու են քաղաքական պրոցեսի առավել վճռական գործոն, դառնալով մոբիլիզացիայի, ժողովրդի կամարտահայտման հավաքները կազմակերպողների համահայաստանյան մեխանիզմ: Սա կարեւոր է, որովհետեւ ժողովուրդը միայն Երեւան քաղաքը եւ Երեւան քաղաքի կենտրոնը չէ: Ժողովուրդը այն մարդիկ են, որոնք ապրում են ողջ հանրապետության տարածքում, եւ նրանց կամքը, այդ կամքի արտահայտումն է վճռական գործոնը՝ իշխանափոխություն իրականացնելու համար: 6000 վստահված անձինք այն մարդիկ են, ովքեր դառնալու են ժողովրդական կամքի ցուցադրման վճռական գործոնը անկախ նրանից ներքաղաքական պրոցեսները ի՞նչ սցենարով կզարգանան՝ ընտրակա՞ն, թե թավշյա հեղափոխական:

Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ իշխանափոխություն է պետք անել, ի՞նչ վստահված անձ, հաստատաբար չեն հասկանում՝ ինչ ասել է իշխանություն, ի՞նչ ասել է իշխանափոխություն եւ ինչ ասել է քաղաքականություն: Եւ ուրեմն, զարմանալի չէ, որ նրանց գործունեության արդյունքը միայն հուսալքությունն է, հիասթափությունը, պարտությունը: Իսկ մենք ասել ենք՝ ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն:

Սիրելի հայրենակիցներ.

Ժողովրդի կամարտահայտման հաջորդ ինստիտուցիոնալ մեխանիզմը այն է, ինչ վերջին ամիսներին թեժ կրքեր է բորբոքել Հայաստանի քաղաքական կյանքում, Ազգային ժողովում եւ դրա պատերից դուրս: Մենք ասել ենք եւ ասում ենք՝ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն:

Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու՞ ենք այդքան կարեւորում 1 ընդդիմության գաղափարը եւ այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին:

Այդպես ենք վարվում, որովհետեւ համոզված ենք՝ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու գործիքն է, եւ եթե այդ գործիքը խափանված է, իշխանափոխության մասին խոսակցությունները հավերժ մնալու են խոսակցություն: Եթե ընդդիմությունը մեկը չէ, ուրեմն՝ իշխանափոխության հույսերը սին են, որովհետեւ իշխանությունը մեկն է եւ կոնկրետ, նրա դեմ կռիվ կարող է տալ այն ընդդիմությունը, որ նույնքան կոնկրետ է, նույնքան ինստիտուցիոնալ եւ նույնքան մոբիլ:

Հայաստանի քաղաքացին ունի 1 ձայն, եւ նա պետք է հստակ իմանա, թե ում պետք է տա այդ ձայնը, որպեսզի դա նշանակի, որ ինքը քվեարկում է հօգուտ իշխանափոխության: Մեկ ընդդիմությունը հանուն իշխանափոխության տրվող ձայները չփոշիացնելու միակ մեխանիզմն է:

Բայց սա կարեւոր է ոչ միայն ընտրական տեղամասի այլեւ թավշա հեղափոխության, այսինքն՝ հանրահավաքային պրոցեսի դեպքում: Քաղաքացին պետք է իմանա, թե ո՞վ, քաղաքական ո՞ր սուբյեկտն է իշխանափոխության պատասխանատուն, պրոցեսի ընթացքի վերաբերյալ ովքե՞ր են որոշում կայացնում եւ ինչպե՞ս:

Մեկ ընդդիմության ձեւավորման անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական կյանքում ներկա է եղել միշտ, պարզապես այն ձեւակերպվել է որպես ընդդիմության միավորման՝ հայաստանյան պայմաններում հակաքաղաքագիտական խնդիր:

Ինչու՞ է այս խնդիրը հակաքաղաքագիտական. մի պարզ պատճառով. ինչքան էլ դու համախմբես ընդդիմադիր դաշտը, իշխանությունը կբուծի նոր ընդդիմադիրներ եւ ընդդիմության համախմբման խնդիրը գործնականում կլինի անլուծելի: Կամ համախմբումների մեջ անպայմանորեն կսողոսկեն ուժեր, որոնց միակ խնդիրն ու նպատակը պրոցեսը ձախողելը կլինի:

Հետեւաբար, ժողովուրդը պետք է ոչ թե ընդդիմադիրներին համախմբելու խնդիր դնի, այլ որոշի, թե ո՞վ է այն մեկ ընդդիմությունը, որի հետ ինքը կապում է իշխանափոխության հույսեր, եւ պատրաստ է նրան իշխանափոխություն իրականացնելու մանդատ տալ: Ուզում եմ մեկընդմիշտ պարզաբանել. «Քաղաքացիական պայմանագիրը», այո, հավակնում է մեկ ընդդիմության կարգավիճակին: Բայց ժողովուրդը, միայն ժողովուրդը պետք է որոշի, թե ու՞մ է համարում մեկ ընդդիմություն:

Եւ ու՞մ էլ համարի այդպիսին, հենց նրանից, միայն ու միայն նրանից պետք է ակնկալի փոփոխությունների իրագործումը: Հին եւ բոլորին հայտնի ընդդիմադիր աջաբսանդալների մեխանիզմը մեզ համար անընդունելի է, եւ ուզում եմ հստակ ասել. մենք չենք լինելու այն քաղաքական հարթակներում, որոնք ժողովրդին տանում են ակնհայտ պարտության եւ հուսահատության, մենք չենք կանգնելու այն ուժերի կողքին, որոնց սկզբունքներն անընդունելի են, որոնց նպատակները մութ են, որոնք գաղտնիքներ ունեն ժողովրդից եւ հնարավոր են համարում Սերժ Սարգսյանի հետ թաքուն բանակցություններ վարելը, որոնց բովանդակությունը գաղտնի է ժողովրդի համար:

Բոլոր նրանք, ովքեր մեզ կոչ են անում մի կողմ դնել սկզբունքները, համոզմունքները, ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները՝ նմանվում են բռնամուսնություններ, օժիտով ամուսնություններ, խաբեությամբ ամուսնություններ քարոզողներին: Մեզ քաղաքական «Խաթաբալայի» մեջ ներքաշելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

Բայց մյուս կողմից, եթե դաշտում կան քաղաքական ուժեր, խմբեր որոնց հետ մենք ունենք ռազմավարական եւ մարտավարական հեռանկարի, սկզբունքների, համոզմունքների եւ տեսլականի ընդհանրություններ, մենք նրանց հետ պիտի քննարկենք ոչ թե իրենց դարն ապրած նախընտրական եւ հետեւաբար ժամանակավոր դաշինքներ կազմելու, այլ մեկ ընդհանուր քաղաքական ուժ դառնալու, մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը: Համագործակցության այլ ֆորմատ մեզ համար առնվազն դժվար պատկերացնելի է:

Մեզ համար դժվար պատկերացնելի է նաեւ քաղաքական գործակցությունը այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն Սերժ Սարգսյանի ապօրինի վարչակազմի ծագումնաբանության հետ:

Ընդհանրապես անհասկանալի է, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպես ՕԵԿ-ն ու Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնք Սերժ Սարգսյանին իշխանության բերած գլխավոր գործող անձանցից են, այսօր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող են ներկայացնել: Մեր դիրքորոշումը այս սուբյեկտների վերաբերյալ միանշանակ է. նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան:

Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին, եւ ոչ միայն Գագիկ Խաչատրյանին ու Սամվել Ալեքսանյանին ենք համարում Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեության մետաստազ, այլեւ մուրաբայի եւ տուկի թելի դիմաց կամ անողնաշարության բերումով Հայաստանի պետականությունը Հյուսիսում եւ Արեւմուտքում վաճառքի հանած՝ թոշակառու, արձակուրդ վերցրած, գործող եւ նորակոչիկ հաճախորդներին:

Սիրելի ժողովուրդ.

Հարկ եմ համարում առանձնահատուկ ընդգծել. մենք պակաս վտանգավոր չենք համարում քաղաքական դաշտը հեղեղած պրոամերիկյան, պրոռուսական, պրոեվրոպական ուժերին, որոնք հայաստանյան իրականությունը տեսնում են պետդեպարտամենտի, Կրեմլի կամ եվրախորհրդարանի պատուհաններից: Սա վտանգավոր, եւ սեփական ուժերի նկատմամբ մեր ժողովրդի հավատը խաթարող գործելակերպ է, ու մեր կարծիքով պետք է արմատախիլ արվի Հայաստանից: Մեր երկրում չպետք է լինեն պրոռուսական քաղաքական ուժեր, որովհետեւ պրոռուսականությունը հակահայկականություն է: Մեր երկրում չպետք է լինեն պրոամերիկան քաղաքական ուժեր, որովհետեւ պրոամերիկյանությունը հակահայկականություն է, մեր երկրում չպետք է լինեն պրոեվրոպական քաղաքական ուժեր, որովհետեւ պրոեվրոպականությունը հակահայկականություն է:

Միեւնույն ժամանակ, սակայն, մենք ոչ պակաս վտանգավոր ենք համարում հակառուսականությունը, հակաեվրոպականությունը, հակաամերիկյանությունը, որովհետեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից է բխում աշխարհքաղաքական այդ բեւեռների հետ արժանապատիվ, աշխատանքային, միմյանց շահերի նկատմամբ հարգալից հարաբերությունների հաստատումը եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ բեւեռների հետ երկխոսություն ծավալելու համար:

Սիրելի ժողովուրդ.

Այն ինչ ասվեց ընդդիմության դաշտի մասին, իրականում ասելիքի մի մասն է միայն: Մենք հասկանում ենք, որ ասվածը շփոթեցնող է, զայրացնող երբեմն նույնիսկ հուսահատեցնող: Բայց մենք պետք է հասկանանք խնդրի լրջությունը, հարցի գինը եւ կարողանանք խուսափել նոր ձախողումներից: Մենք պետք է փոխենք Հայաստանում հաստատված ավանդական ընդդիմադիր ընկալումները:

Հին ընդդիմադիր աշխարհայացքը քաղաքացուց պահանջում է հավատալ ու վստահել եւ այսպիսով հեշտ է ընկալման համար, մանավանդ երբ ասելիքը զուգորդվում է համախմբվելու, իրար գլխի հավաքվելու, ազգը փրկելու լալահառաչ կոչերով:

Մեկ ընդդիմությունը քաղաքացուն կոչ է անում ոչ թե հավատալ եւ վստահել, այլ հասկանալ եւ գնահատել:

Հին ընդդիմադիր աշխարհայացքը տուկի թել ու մուրաբա է բաժանում ժողովրդին, կամ օլիգարխ է փնտրում ֆինանսավորում ստանալու համար, Մեկ ընդդիմությունը հանրությունից է ակնկալում իր գործունեության ֆինանսավորումը եւ հանրությունը պետք է գնա այդ քայլին, որպես երկարաժամկետ ռազմավարական ներդրում, որ արդարացվելու է՝ ապագա ունեցող պետության տեսքով:

Հին ընդդիմությունը պարծենում է, թե պահելու է ժողովրդի ձայները եւ չի անում դա, Մեկ ընդդիմությունը 6000 քաղաքացու օգնություն է ակնկալում ժողովրդի կամարտահայտումն ապահովելու համար:

Հին ընդդիմությունը խոստանում է իշխանափոխություն եւ չի անում դա, Մեկ ընդդիմությունը քաղաքացուն առաջարկում է կառուցել այդ իշխանափոխությունը, մասնակցել եւ հետեւել դրա կառուցման ընթացքին, տեսնել եւ գնահատել այդ ընթացքը, ազդել դրա վրա:

'Civic Union' party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

‘Civic Union’ party started the pre-election campaign on Freedom Square in Yerevan, Armenia

Հին ընդդիմությունը պարծենում է, թե հիմա, էսօր, վաղը քշելու է Սերժ Սարգսյանին եւ չի անում դա, Մեկ ընդդիմությունն ասում է, որ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու կոնկրետ գործողության կդիմի միայն ժողովրդի կամարտահայտման, ժողովրդից մանդատ ստանալու դեպքում:

Հին ընդդիմությունը տեր է եւ փրկիչ ժողովրդի համար, Մեկ ընդդիմությունը գործընկեր է ու սպասավոր:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Դուք արդեն լսեցիք, այստեղ ընթերցվեց որոշումը, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ինձ առաջադրել է վարչապետի թեկնածու եւ լիազորել սկսել ստվերային կառավարության ձեւավորումը:

Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: Մեխանիզմը հետեւյալն է. որպես վարչապետի թեկնածու պետք է բանակցեմ կոնկրետ անձանց հետ, նրանց առաջարկելով ընդգրկվել ստվերային կառավարության կազմում եւ այդ անձանց մի մասը կարող է եւ չլինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Հիմա հարց կարող է ծագել. ինչու՞ ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող նման փորձի: Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամարտահայտում ապահովելու համար: Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ-չունենալը վճռական գործոն է գործող իշխանությանը հեռացնելու համար:

Ժողովուրդը պետք է ունենա ներքին վստահություն, որ հնարավորություն ունի իշխանության բերել մարդկանց, ովքեր կկարողանան երկիրը կառավարել անցնցում եւ առնվազն շատ ավելի հաջող քան այսօրվա իշխանավորները: Նոր իշխանության մասին ամբողջական պատկերացումների բացակայությունը այն վճռական գործոններից է, որ իշխանափոխության՝ թվում է լայնորեն պահանջված գործընթացը ձախողել է մի քանի անգամ:

Ստվերային կառավարության բարեհաջող ձեւավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է, եւ այսօրվանից այս գործընթացը կարող ենք համարել մեկնարկած: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի ձեւավորել վստահելի կառավարություն, որը կունենա Հայաստանը ստեղծված վիճակից հանելու իրականանալի եւ ժողովրդին հասկանալի ճանապարհային քարտեզ, չնայած հասկանում եմ, որ դա հեշտ լուծվող խնդիրներից չէ: Մեր նպատակը այնուամենայնիվ հետեւյալն է. ստվերային կառավարության կազմում ընդգրկել կարող ուժերի ոչ միայն Հայաստանից այլեւ Սփյուռքից: Սա հատուկ նշանակություն ունեցող սկզբունք է, որովհետեւ ինչպես գիտեք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանցքային անելիքը Մեծ հայրենադարձության հարուցումն է, որի արդյունքում առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը կհասնի 4-5 միլիոնի, իսկ նման բան տեղի կունենա միայն Հայաստանում խորքային տնտեսական, քաղաքական, իրավական փոփոխություններ իրականացնելուց հետո, սա էլ նշանակում է մանրամասն մշակված եւ քննարկված ծրագրի առկայություն:

Հարկ եմ համարում այսօր արդեն արձանագրել մի քանի կետ, որ սկզբունքային են ապագայի մասին մեր պատկերացումների համար. մենք Հայաստանը տեսնում ենք որպես բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր, որի տնտեսության հենասյուներից մեկը ռազմարդյունաբերական համալիրն է, որը երկրի անվտանգության կարիքների ապահովման ավելի ու ավելի մեծ չափաքանակ է վերցնում իր վրա: Հիմա ակնհայտ է, որ մոտակա ապագայում Հայաստանը պետք է ի վիճակի լինի արտադրել հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքեր եւ վերգետնյա հրաձգային հեռակառավարվող եւ ինքնակառավարվող սարքեր, որոնք ամենավտանգավոր հատվածներում կկարողանան կրակային գործառույթներ իրականացնել եւ խնայել մեր զինվորների կյանքերը. սա մեր երկրի անվտանգության մարտահրավերներից բխող անհրաժեշտություն է:

Մեզ համար հաջորդ կարեւորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ ինչպես հայտնի է՝ հատել է հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը, եւ 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիադ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ եւ փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքը արդյունավետ օգտագործվել: Ընդ որում՝ այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարեւորագույն հարցերից մեկը հետեւյալն է. ինչքանով են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը, եւ որքանո՞վ են վարկատու կազմակերպությունները վարկը տալու կամ դրանք ծախսելու ընթացքում տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին, որքանո՞վ են ներգրավված եղել կոռուպցիոն համակարգի մեջ: Եթե վերջին հանգամանքն ապացուցող փաստեր ի հայտ գան, շատ հստակորեն Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի եւ բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջության վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը: Բայց սա ամենը չէ. մենք պետք է ամեն ինչ անենք օֆշորային գոտիներում կուտակված հայաստանյան ծագմամբ ապօրինի փողերը հայտնաբերելու եւ դրանք Հայաստան վերադարձնելու համար:

Հաջորդ կարեւոր դրույթը, որ ցանկանում եմ ընդգծել. մենք հայտարարում ենք, որ իշխանական լծակների տիրապետելու դեպքում տարեկան մինչեւ 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններին (նկատի ունեմ՝ գործող եւ նոր հիմնարվող) երեք տարով ազատելու ենք բոլոր տեսակի հարկերից եւ լրջորեն քննարկելու ենք գոտիական հարկային քաղաքականություն որդեգրելու հարցը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող Ղարաբաղի հարցին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր դիրքորոշումը արտահայտել է դեռեւս ս/թ մայիսի 30-ին ընդունած հայտարարության մեջ: Այդ հայտարարության ամբողջական տեքստը կարող եք հեշտությամբ գտնել համացանցում, իսկ այս պահին ընդգծեմ հետեւյալը:

Մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չենք բանակցի՝ եթե գործընթացից բացակա է Արցախի հանրապետության ներկայացուցիչը: Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում:

Մեզ հաճախ մատուցում են, թե Հայաստանը նույնիսկ առանց Ղարաբաղի մասնակցության պետք է բանակցի Ադրբեջանի հետ, որովհետեւ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Իրականում, սակայն, պատերազմները սկսվում են ոչ թե բանակցային գործընթացի բացակայության, այլ ռազմական հավասարակշռության խախտման հետեւանքով: Խաղաղության երաշխավորը ոչ թե բանակցություններն են, այլ ուժեղ հասարակությունը, որ կանգնած է մարտունակության ժամանակակից պահանջներին բավարարող բանակի թիկունքին: Բանակցությունները խաղաղության երաշխիք համարողները պարզապես ուշադրություն են շեղում այն փաստից, որ իրենք ձախողել եւ շարունակում են ձախողել խաղաղության ներքին, ներհայաստանյան երաշխիքների ձեւավորման գործընթացը:

Եւ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Երեւանն ու Սեւանա լիճը իրենը լինելու մասին, պաշտոնական Երեւանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են քան կապիտուլյացիոն ձեւակերպումներ:

Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել: Ու եթե ապրելու, մեր պատմական ճակատագրի կրկնվող ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել. Աղդամը մեր հայրենիքն է: Իսկ եթե չունենք այդ կամքը Երեւանի ադրբեջանական լինելու մասին Բաքվի հայտարարություններին պիտի պատասխանենք փոխզիջման պատրաստակամության մասին թուլամորթ ձեւակերպումներով, ինչպես վարվում են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը եւ նրանց սատարող ձեզ հայտնի ուժեր:

Պաշտոնական Բաքվի հոխորտալից հայտարարութուններին մեր պատասխանը պետք է լինի Մեծ հայրենադարձությունը, Հայաստանի բնակչության թվի հարաճուն մեծացումը, բանակի, տնտեսության եւ ռազմարդյունաբերական համալիրի հզորացումը, Հայ ժողովդրդի համախմբումը Հայաստանի եւ Ղարաբաղի հզորացման օրակարգի շուրջ: Իսկ նման բան հնարավոր է միայն Հայաստանից կառավարման սաշիկամիշիկական համակարգը արմատախիլ անելու եւ օրինական, իրավական, ժողովրդավարական հասարակություն կառուցելու դեպքում: Ազգային միասնության դեկլարատիվ կոչերը չեն աշխատել ու չեն աշխատելու: Տեւական եւ իրական ազգային միասնականություն կարող է լինել միայն օրինականության, միայն իրավական պետության շուրջ, մի բան, որ հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում եւ հենց դա պետք է լինի իշխանափոխությունից ակնկալվող ամենակարեւոր արդյունքը:

Սիրելի ժողովուրդ.

Ելույթիս նախորդ հատվածում անդրադարձա այն ներքաղաքական նպատակներին եւ խնդիրներին, որ դրել ենք մեր առաջ: Պակաս սկզբունքային չէ սակայն դրանց հասնելու միջոցների գործիքակազմը: Մենք ամենեւին այն կարծիքին չենք, թե նպատակներն արդարացնում են միջոցները: Մենք այն կարծիքին ենք, որ միջոցները խոսում են նպատակների մասին: Մեր նպատակը եղել եւ շարունակում է մնալ ներդաշնակ, համերաշխ եւ հոգատար հանրություն ունենալը, որտեղ ժողովրդավարությունն ու օրինականությունն են ազգային միասնության հենքն ու էությունը, որտեղ հարգվում են խոսքի, կարծիք արտահայտելու, չհամաձայնվելու եւ անհամաձայնությունն արտահայտելու իրավունքը:

Այո, նման վիճակի համար նախեւառաջ անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, բայց նաեւ պետք է խոստովանել, որ սա չի նշանակում, թե իշխանափոխության հաջորդ օրվանից մենք ինքնաբերաբար դառնալու ենք այդպիսի հանրություն: Ոչ ամենեւին, հետեւաբար մենք այսօրվանից ինքներս մեզ պետք է պատրաստենք ապրել համերաշխ եւ ներդաշնակ հանրությունում, որքան էլ այսօրվա մեր իրականությունը կիլոմետրերով հեռու է դրանից:

Եւ ուրեմն՝ մեր պայքարի մեթոդաբանությունը պետք է արտահայտվի այն սիմվոլի մեջ, որ ինքնաբուխ ծնվեց Երեւանի Խորենացի փողոցում, հուլիսի 20-ին: Բաց եւ վեր պարզած ձեռքեր. ահա այն սիմվոլը, որը արտահայտում է եւ մեր նպատակները եւ այդ նպատակներին հասնելու միջոցների մասին մեր պատկերացումները:

Ոչ բռնի, ֆիզիկական ագրեսիվության նշույլ անգամ չպարունակող քաղաքական պայքար է լինելու սա եւ համոզված եմ, որ սա է մեր պայքարի հաջողության հնարավորությունը մեծացնող կարեւորագույն գործոններից մեկը:

Շատերը տարակուսում են, թե բա այդ դեպքում ինչպե՞ս ենք ճեղքելու բռնապետության պատը: Եթե բռնապետության պատը ճեղքելու համար ֆիզիկական ուժի կարիք ունես, ուրեմն այդ ճանապարհով իշխանության հասնելուց հետո «բռնապետության վհուկներին» որսալու պատրվակով շարունակելու ես ուժ կիրառել, որ լռեցնես քո հակառակորդներին, որովհետեւ նրանք պահանջելու են «հանուն ազատության» հեղված արյան գինը:

Մենք վեր ենք բարձրացնում եւ բացում ենք մեր ձեռքերը ոչ թե հանձնվելու համար, այլ կանգնեցնելու ինքնակործանման այն խելահեղ մեքենան, որ վաղուց գործարկված է Հայաստանում: Մենք վեր ենք բարձրացնում մեր ձեռքերը, որովհետեւ գիտենք արյունով քանդված բռնապետությունների տեղը կառուցվում են նոր բռնապետություններ: Մենք վեր ենք բարձրացնում մեր ձեռքերը, որովհետեւ թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը իր եւ իր վարչակարգի դեմ մեր պայքարը վերածի մեր եւ ոստիկանների միջեւ պայքարի: Մենք թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը կարողանա ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի աչքերում մեզ դարձնել պետության թշնամի, եւ թույլ չենք տալու, որ ոստիկանությանը, ԱԱԾ-ին ու բանակին մեր աչքերում դարձնի մեզ թշնամի:

Մեր քաղաքական մարտավարությունն ու ռազմավարությունն է. պայքարել օրենքի եւ իրավունքի շրջանակներում, եւ ցուցաբերել 0 ֆիզիկական ագրեսիվություն: Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում վենդետաներ չեն լինելու, կախաղաններ չեն լինելու, վհուկների որս չի լինելու, քաղբանտարկյալներ չեն լինելու:

Մեր պատկերացրած իշխանափոխության արդյունքում լինելու է օրինականություն, բայց ուզում եմ էլի կրկնել. բացառում եմ, որ որեւէ պաշտոնյայի, օլիգարխի ընտանիքի անդամ հետապնդվի միայն այն պատճառով, որ տվյալ պաշտոնյայի կամ օլիգարխի ընտանիքի անդամ է: Սա չի նշանակում, թե որեւէ մեկի կատարած հանցանքի նկատմամբ աչք է փակվելու, սա նշանակում է, որ կախաղաններ եւ գիլյոտիններ չեն գործարկվելու: Լինելու է լուրջ, մեծ, կարեւոր խոսակցություն, որտեղ ամեն մեկը խոսելու, պարզաբանելու, բացատրելու հնարավորություն է ունենալու: Այն ինչ հնարավոր է վերականգնել, փոխհատուցել՝ պիտի փոխհատուցվի, պիտի վերականգվնի: Այն ինչ հնարավոր չէ փոխհատուցել, հնարավոր չէ վերականգնել, ուրեմն պետք է պատժվի խստագույնս, օրենքով նախատեսված խստագույն, բայց միեւնույն ժամանակ քաղաքակիրթ ձեւերով: Սա է մեր համոզմունքն ու հավատամքը:

Իհարկե, կարող են լինել մարդիկ, ովքեր սրա հետ համաձայն չեն: Դա իրենց իրավունքն է: Բայց այդպիսով պետք է արձանագրել, որ մենք համախոհ չենք եւ ուրեմն չունենք եւ չենք կարող ունենալ ընդհանուր քաղաքական ճանապարհ: Մեզ համար միջոցները նույնքան կարեւոր են, որքան նպատակները, որովհետեւ նպատակները թելադրում են միջոցներ, միջոցները բացահայտում են նպատակները:

Սիրելի ժողովուրդ.

Մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանի ապօրինի եւ կոռումպացված իշխանության պատը կարելի է եւ պետք է ճեղքել միայն ժողովրդական կամքով, ժողովրդի որոշմամբ: Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք, ժողովրդի կամարտահայտման նպաստավոր պայմաններ ստեղծելու համար եւ սա է լինելու մեր քաղաքական գործունեության նպատակն ու իմաստը:

Բայց, կրկնում եմ, իշխանափոխության որոշումը պետք է կայացնի ժողովուրդը եւ այդ որոշումը պետք է լինի տեսանելի եւ ապացուցելի: Եթե ժողովուրդը ուզում է փոփոխություն, նա պետք է ցուցադրի իր կամքն ու որոշումը, ընդ որում՝ դա պետք է անի մոտակա բոլոր առիթներով:

Այդպիսի առիթ են առաջիկայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց նշանակությունը մենք երկար տարիներ զարմանալիորեն թերագնահատել ենք, արդյունքում հանրապետության գյուղապետերի եւ համայքապետերի 90 տոկոսը հանրապետականներ են: Տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ քվեարկում են գյուղապետի հանրապետական թեկնածուների օգտին եւ մեզ հետ հանդիպումների ընթացքում պահանջում փոփոխություններ անել, իշխանափոխություն անել Հայաստանում:

Սիրելի հայրենակիցներ. ուզում եմ առանձնահատուկ ընդգծել: Եթե նույնիսկ հանրապետականի, կամ արբանյակ կուսակցությունների անդամ գյուղապետի կամ ավագանու անդամի թեկնածուն ձեր ազգականն է, դասարանցին կամ հարեւանը, նրան ձայն տալով դուք քվեարկում եք Սերժ Սարգսյանի օգտին, վստահության քվե եք տալիս գործող իշխանությանը, ամրացնում այդ իշխանությանը: Սրանից հետո Սերժ Սարգսյանին հեռացնելու, իշխանությունը փոխելու ձեր պահանջները ընդամենը զրույց են, խոսակցություն, կենաց:

Քաղաքական ամենակարեւոր գործողությունը ձեր քվեն է, ձեր ձայնը, որ դուք շատ հաճախ տալիս եք Սերժ Սարգսյանի թիմակիցներին:

Նման քայլ անելով դուք հարվածում եք փոփոխությունների հնարավորությանը, դառնում թալանի եւ անկման քաղաքական հենարան: Եթե դուք ուզում եք փոփոխություն, նույնիսկ գյուղապետի կամ ավագանու ընտրություններում չպետք է քվեարկեք իշխող կուսակցության կամ նրա գործընկերների օգտին, եւ պետք է քվեարկեք այն թեկնածուի եւ քաղաքական ուժի օգտին, որի օգտին քվեարկելը պիտի նշանակի իշխանափոխություն, որի օգտին քվեարկելը կնշանակի որեւէ քաղաքական ուժի լիազորել կազմակերպելու Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից:

Եթե ձեր գյուղում նման քաղաքական ուժ ներկայացված չէ, ուրեմն դուք ինքներդ պետք է նախաձեռնեք, որ ձեր գյուղում, համայնքում այդ կուսակցության տարածքային կազմակերպություն ստեղծվի, թեկնածուներ առաջադրվեն, որ դուք ունենաք ընտրություն, եւ այս գործընթացքում կարող եք միանշանակ աջակցություն եւ ըմբռնում ակնկալել մեզնից:

Ամենահեռավոր գյուղի գյուղապետի կամ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկողը քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին: Մեկ ընդդիմության օգտին քվեարկողը, քվեարկում է իշխանափոխության օգտին:

Հոկտեմբերի 2-ին Հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում՝ Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունենալիք ընտրություններում դուք հնարավորություն ունեք քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այսինքն իշխանափոխության օգտին:

Կապան քաղաքում հնարավորություն ունեք քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների օգտին, Արարատի մազի Նոր Կյանք գյուղում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հնարավորություն ունեք քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած գյուղապետի թեկնածուների օգտին:

Այդ ընտրությունը կատարելով դուք կփոխեք քաղաքական իրավիճակը, դուք դուռ կբացեք փոփոխությունների համար, դուք կդնեք մեկնարկը մի գործընթացի, որ անխուսափելիորեն կբերի Սերժ Սարգսյանի հեռացման:

Արեք ձեր ընտրությունը, կայացրեք ձեր որոշումը, տվեք մեզ իշխանափոխություն իրականացնելու մանդատ եւ մենք ձեզ կտանք իշխանափոխություն: Մենք չենք կարող եւ չենք որոշի ձեր փոխարեն, մեր իրականություն կդարձնենք, կյանքի կկոչենք ձեր կայացրած ցանկացած որոշում:

Սիրելի ժողովուրդ.

Հաջորդ հարցը, որի պատասխանը պետք է հնչի հենց հիմա, հետեւյալն է. իսկ ինչու՞ մենք հենց այսօր չենք հայտարարում Թավշյա հեղափոխության մեկնարկը:

Բանն այն է, որ Թավշյա հեղափոխության համար պետք է շատ կոնկրետ առիթ, պետք է առաջանա շատ կոնկրետ քաղաքական կոնֆլիկտ, որը հնարավոր լինի զարգացնել, հասցնել կուլմինացիայի եւ հանգեցնել լուծման՝ իշխանափոխության տեսքով: Շատերը կարող են հարցնել, թե արդյոք նման կոնֆլիկտ չէ այն, որ Սերժ Սարգսյանն ու իր վարչախումբը շարունակաբար թալանում են երկիրը: Սա իրողություն է, բայց այդ իրողությունը տեղ ունի վերջին 8 տարում, բայց ինչպես տեսնում ենք, Թավշյա հեղափոխություն չի դարձել:

Հաստատապես՝ նաեւ այն պատճառով, որ չենք ունեցել այդ իրողությունը իշխանափոխություն դարձնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք, որը ոչ թե մաշեցնի, մսխի իշխանափոխության հնարավորությունը, այլ իրացնի այն: Այդ ենթակառուցվածքի անունը մենք դրել ենք մեկ ընդդիմություն, ինստիտուցիոնալ ընդդիմության: Դեռ երկու տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել եմ. քանի դեռ Հայաստանում չկա ինստիտուցիոնալ ընդդիմություն, Սերժ Սարգսյանի եւ նրա վարչակազմը վերարտադրվելու է, եթե նույնիսկ Թավշյա հեղափոխության առիթներ ստեղծվեն շաբաթը մեկ անգամ:

Սա նման է ֆուտբոլային հայտնի իրավիճակին. խաղի ընթացքում կարող են բազմաթիվ գոլային պահեր լինել, բայց գոլ այդպես էլ չգրանցվի, որովհետեւ չկա այն հարձակվողը, այն թիմը, որ կարող է իրացնել գոլային իրավիճակը:

Հետեւաբար՝ Թավշյա հեղափոխության առիթ փնտրելուց առաջ պետք է այդ առիթը կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ ենթակառուցվածք ունենալ: 6000 վստահված անձ, ստվերային կառավարություն՝ իր մանրամասն եւ հասկանալի ծրագրով, ստվերային կառավարության ֆինանսավորման ժողովրդական եւ հուսալի մեխանիզմով:

Նման մեխանիզմի գոյությունը կարող է լինել ժողովրդի այն նախնական կամարտահայտությունը, որ կվկայի՝ իշխանափոխությունը սարերի ետեւում չէ եւ ինստիտուցիոնալ առումով պահանջված է: Հետեւաբար, բոլոր նրանք ովքեր ուզում են Հայաստանին բերել իրական եւ խորքային փոփոխություններ, պետք է աջակցեն այս մեխանիզմի ձեւավորմանը, Գյումրիի, Վանաձորի, Ոսկեվազի, Նոր Կյանքի, Իրինդի, Նորատուսի ընտրություններում քվեարկեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության եւ նրա առաջադրած թեկնածուների օգտին:

Սիրելի ժողովուրդ. Հայաստանի հանապետության հպարտ քաղաքացիներ.

Մենք հավատում ենք Հայաստանի ապագային, եւ ուզում ենք որ այս հավատը տարածվի ողջ Հայաստանով եւ Սփյուռքով:

Նոր դեմքեր, նոր երկիր, նոր կյանք. սա է փոփոխությունների մեր բանաձեւը, եւ դուք ունեք ընտրություն: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու՛ ես:

Աջակցեք մեզ` դարձեք 6000 վաստահված անձանցից մեկը, դարձեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ձեր ձայնը տվեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ նրա առաջադրած թեկնածուներին, քվեարկեք հանուն ապագայի, գործեք հանուն ապագահի, եւ հաղթանակը կլինի անխուսափելի:

Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Քաղաքական գնահատականների հետ լիովին համաձայն եմ. Հուսով եմ կգտնեք 6000 անվախ քացաքացի.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930