Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգյան հոգևոր ճեմարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Սեպտեմբեր 10,2016 17:42

Սեպտեմբերի 10-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և այլ հրավիրյալներ:
Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո կատարվեց ուսանողների օրհնության կարգ:
Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո 2016-2017 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին իր խոսքն ուղղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
«Այսօր մենք` ճեմարանականներս, այստեղ ենք եկել` հայցելու Հայոց Հայրապետի օրհնությունը և հաստատելու մեր պատրաստակամությունը` լծվելու աշխատանքի և ուսման, որ ի լրումն ժամանակի պիտի վերածվի ու թարգմանվի ծառայության:
Այս ամենն իրականացնելու համար մեզ առաջիկա տարվա ընթացքում սպասվում են մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը, հուսով ենք, էլ առավել պիտի զարգացնի ճեմարանի կրթական մակարդակը: Հուսով ենք, որ Աստուծո ողորմությամբ կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները, ինչի շնորհիվ Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է շարունակի մնալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ճրագն հանդիսացող աչքը, որը պետք է լուսավորի ամբողջ մարմինը հանդիսացող եկեղեցին: Մեր համատեղ ջանքերով Գևորգյան հոգևոր ճեմարանը պետք է վերածվի մի կենդանի բարբառի, որը պետք է հուզի մարդկանց սրտերը, քրիստոնեական ոգին արծարծի` լիացած Ազգային Եկեղեցու սրբության վեհ սկզբունքներով», – ասաց տեսուչ Հայր Սուրբը:

10-6
Վերջինս նշեց, որ 2016-2017 թթ. ուսումնական տարվա ծրագրերի իրականացումն սկսվել է դեռևս ամռան ընթացքում, Ճեմարանի գիտական խորհրդի կողմից ակտիվորեն քննարկվել են նաև մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարկ տալու ուսումնական գործընթացի զարգացմանը: Այդ կարևոր ծրագրերից է Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթության վերածումը երկաստիճանից եռաստիճանի, ինչը շրջանավարտներին հնարավորություն կընձեռի պաշտպանելու թեկնածուական ատենախոսություններ և ստանալու աստվածաբանության թեկնածուի աստիճան: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ և հովանավորությամբ ստեղծվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Գիտական խորհրդին կից գործող աստիճանաշնորհման մասնագիտական հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի և արտերկրի մի շարք հայագետներ, պատմության և աստվածաբանության դոկտորներ:
Հայր Գարեգինը տեղեկացրեց նաև, որ առաջիկա տարում հրավիրվելու են մի շարք գիտաժողովներ աստվածաբանության, Սուրբ Գրքի, պատմության և այլ բնագավառներում: Հոկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին:
Գիտական կյանքը զարգացնելու համար նախատեսվում են մի շարք հրատարակություններ, կկազմակերպվեն արտերկրից և Հայաստանից հրավիրված մեծանուն գիտնականների դասախոսություններ, այլ ուսումնական հաստատությունների ուսանողների հետ համատեղ հանդիպումներ և քննարկումներ: Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կոնֆերանսների համար անհրաժեշտ տեխնիկայով վերազինված ընթերցասրահը` Կոմիտասի դահլիճը, կդառնա նոր ու զարգացած ռեսուրսների կիրառմամբ սեմինար պարապմունքների ու արտադասարանային հանդիպումների կենտրոն:
Հավարտ տեսչի խոսքի ազգային երգերով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:
Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը, ողջունելով հոգևոր-կրթական հաստատության տարեմուտը, հույս հայտնեց, որ 2016-2017 թթ. տարին կլինի բարեբեր ու արդյունավոր և կպարգևի արժանավոր շրջանավարտներ, Քրիստոսի լույս հավատքով զինված և հայրենիքի սիրով վառված անձեր, ովքեր կհամալրեն եկեղեցականների շարքերը:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Արցախ կատարած այցին, ի մասնավորի` արցախահայության և Հայոց բանակի զինվորների քաջարի ոգուն և զորեղ հավատին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այդ ոգու ձևավորման մեջ իր մասն ու բաժինը ունի նաև Հայոց Եկեղեցին` թեմերում սպասավորող հոգևորականներով և բանակում իրենց նվիրյալ ծառայությունն իրականացնող գնդերեցներով:

gevorgyan chemaran
Կարևորելով եկեղեցականի նկարագրի կերտման գործում մեծ առաքելություն ունեցող ճեմարանի գործունեությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի ընթացք մաղթեց հոգևոր-կրթական հաստատություններին: Հայրապետը հայցեց, որ Տերը լուսավորի ճեմարանականների միտքը, զորացնի ոգին ու նախանձախնդրությունը` բարի արգասիքներով արդյունավորելու և նոր ձեռքբերումներով պսակելու իրենց ուսումնառությունը:
Տարեմուտի հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:
Այս տարի Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններ ընդունվել է 72 սան, որոնցից 14-ը` Գևորգյան ճեմարան, 25-ը՝ Վազգենյան դպրանոց և 21-ը Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան: Քահանայից պատրաստման լսարանը համալրվել է 12 ուսանողներով:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930