«Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանն այսօր «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառմանն արժանացավ կառավարության կողմից պարգևի:
Լրագրողների հարցին` ՊՊԾ գնդում պահվելու համա՞ր նա արժանացավ այս պարգևին, Սալվադոր Խեչոյանը պատասխանեց. « Ոչ թե դա էր կարևորը, այլ զուտ գնահատվել է մեր աշխատանքը: Սա միայն ինձ չի տրված, այլ ողջ շտապօգնության աշխատակիցներին, որոնց շարքերում բավական մարդիկ կային, որ չերևացին, բայց նրանց ամենօրյա աշխատանքն այնտեղ եղել է, կապ չի ունեցել, թե ինչ-որ մեկը գերության մեջ է եղել, թե` ոչ»:
Բժիշկը տեղեկացրեց, որ սա իր առաջին պարգևը չէ, երկրորդն է, բայց նախկինը հուլիսյան դեպքերի հետ կապված չէր:
Հարցին՝ ի վերջո գերության մե՞ջ էր, Սալվադոր Խեչոյանը պատասխանեց. «Եկեք չպնդենք: Գերության մասին չէ խոսքը այստեղ, սահմանափակումը մեզ տրված էր, իսկ թե ինչպես դա կբնորոշվի, թող որոշեն իրավաբանները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ