Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյա կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:
Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը ՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն