Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը չնայած բազմիցս անդրադարձել էր արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության շրջանում տնտեսական ցուցանիշների խնդիրներին, այսօր «Բլից ինֆո» մամուլի ակուբում կարծես ամփոփեց այդ ժամանակահատվածը: Մասնավորապես` շեշտեց, որ այդպես էլ աղքատության եւ գործազրկության մակարդակը դրական տեղաշարժ չնկատվեց՝ «Բնակչության մետ 1/3-ը մնում է աղքատ»:
Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտին կամ պակասորդին, որը պարոն Խաչատրյանը համարեց լրջագույն խնդիրներից մեկը՝ նշեց, որ վերջին ժամանակներս այս կառավարությունը միակն էր, որ ստիպված եղավ բյուջեի եկամուտները նվազեցնել՝ «Մոտ 8 միլիարդի շրջանակներում համախառն բյուջեի կտրվածքով: Ստիպված եղան բարձրացնել պակասորդի շեմը՝ 2,3 տոկոս նախատեսում էին՝ տարվա վերջում դառնում էր 4 տոկոսից ավելին: Այսինքն, ներգրավում էին ավելի շատ պարտք՝ դեֆիցիտը ծածկելու համար»:
Այս կառավարության որոշակի հաջողություններից տնտեսագետը համարեց արտահանման ցուցանիշները՝ ընդգծելով 2016 թվականը, որի համար ազդող գործոն պարոն Խաչատրյանը նշեց Թուրքիայի հանգամանքը. «Թուրքիան Ռուսաստանի հետ իր հարաբերություններում վատ դիրքերում չհայտնվեր, Հայաստանը գուցե իր արտահանման կտրվածքով եւս չկարողանար ունենալ առավելություններ»:
Տնտեսագետն անդրադառնալով ներմուծման ցուցանիշներին՝ ասաց, որ 2015 թվականի ընթացում, բոլոր տարիների հետ համեմատած, գերթե երբեք չի եղել, որ կրճատվի 1 միլիարդ 170 միլիոն ԱՄՆ դոլորով. «Այսինքն, յուրաքանչյուր ամիս, 100 միլիոն դոլարի շրջանակներում մեր բնակչությունը ներմուծվող ապրանք քիչ է սպառել: Կամ երկրի գնողունակությունն է անկում ապրել, կամ պարզապես մաքսազերծման քաղաքականության մեջ են եղել թերություններ»:
Կարդացեք նաև
Խնդիրներից մեկը Վիլեն Խաչատրյանը համարեց այն, որ այս տարի երկիրը ունեցավ 2 մեծ շոկ՝ մեկը ապրիլյան պատերազմը, մյուսը քաղաքական իրադարձությունները հուլիս ամսվա դրությամբ: Սրանք, ըստ տնտեսագետի, եւս տնտեսական ցնցումներ առաջացնող երեւույթներ էին. «Նոր եկող կառավարությունը ժառանգելու է բավականին բարդ իրավիճակում գտնվող տնտեսություն, որը պետք է առաջին հերթին վերականգնի երկրի նկատմամբ վստահությունը: Բոլոր, այսպես ասած խելացի մտքերը, որոնք կարող են կյանքը փոխել, պետք է փորձեն իրագործել: Այլ ոչ թե շրջանցեն, կամ գտնեն մեխանիզմներ՝ դրանք չիրագործելու համար»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ