Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ. Կոզլարիչի և Քրամերի հոդվածը Washington Post-ում

Սեպտեմբեր 10,2016 12:10

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը և Մաքքյենի  անվան մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Քրամերը «Ժամանակն է, որ ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ» վերտառությամբ հոդված են հրապարակել ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականում:

Տարեսկզբին թվում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուլացնում է երկրի ներսում ճնշումները: Մարտին՝ Վաշինգտոն կատարվելիք այցին ընդառաջ, նա ազատ արձակեց 14 քաղբանտարկյալների: Թվում էր՝ անգամ թուլացել է ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանական լրատվամիջոցների կողմից հնչող սուր համաամերիկյան հռետորաբանությունը, գրում են հեղինակները:

Բայց ապրիլի գագաթաժողովից հետո Ալիևի վարչակարգն ուժեղացրեց ճնշումներն ազատությունների նկատմամբ: Հոդվածագիրները կարծում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող վտանգավոր վատթարացումները պահանջում են վճռական գործողություններ Միացյալ Նահանգների կողմից, մինչդեռ Օբամայի վարչակազմը լռություն է պահպանում:

Բաքվում կառավարությունը տասնյակ նոր հետապնդումներ ու ձերբակալություններ է սկսել ընդդիմադիր գործիչների, խաղաղ կրոնական հավատացյալների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ: Երկրի բանտերում փտում են շուրջ 100 քաղբանտարկյալներ: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է երկրի օդանավակայանում և նրան արգելվել է լքել երկրի տարածքը: Անցյալ ամիս ձերբակալվել է «Ազադլիք» թերթի ֆինանսական տնօրեն և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավարի օգնական Ֆայիգ Ամիրլին:  Օգոստոսին ձերբակալվել են այլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում ՌԵԱԼ շարժման գործադիր քարտուղար Նաթիք Ջաֆարլին և ՆԻԴԱ քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիս Քահրամանը, հիշեցնում են հեղինակները:

Իրավիճակը տեղում կարող է ավելի վատթարանալ: Սեպտեմբերի 26-ին Ալիևի վարչակարգը պատրաստվում է պարտադրել մի հանրաքվե, որով նպատակ ունի ամրապնդել իր իշխանությունը: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. կարող ենք վստահ լինել, որ կառավարությունն այն կանցկացնի հօգուտ իրեն: Դա նշանակում է, որ Ալիևը կարող է ավելացնել իր կառավարման ժամկետը՝ 5 տարուց դարձնելով 7 տարի, բացել փոխնախագահի նոր պաշտոն (որտեղ կարող է նշանակել իր ընտանիքի անդամներից մեկին) և նվազեցնել խորհրդարանի անդամների համար թույլատրելի տարիքը՝ դրանով էլ ճանապարհ հարթելով իր որդու՝ Հեյդարի համար: Զարմանալի չի լինի, եթե նոր սահմանադրությամբ ընտրություններն ավելի շուտ տեղի ունենան՝ վավերացնելու համար իշխանությունների քայլերը:

«Մեզ ասում են, որ խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է Ադրբեջանում ամերիկյան շահերը պաշտպանվելու համար: Գտնվելով Կասպից ծովի ափին՝ Ռուսաստանի և Իրանի միջև, 8 միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրը հարուստ է նավթով ու գազով և հանդիսանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության դաշնակիցը: Մինչդեռ ամերիկյան ոչ մի շահ պաշտպանված չի լինի, եթե Ադրբեջանի ընդլայնվող ավտորիտարիզմը վերածվի քաղաքական և սոցիալական ճգնաժամի»,- կարծում են հեղինակները:

Ավելին, Ադրբեջանը հետևում է Վլադիմիր Պուտինի մեդիայի մարտավարությանը՝ Միացյալ Նահանգներին տալով թշնամու պատկեր: Մասնավորապես, իշխանամետ Haqqin գործակալությունն իր խմբագրականներից մեկում ԱՄՆ-ին մեղադրում էր Ադրբեջանը «կորցնելու», «այն անկյուն նետելու» և Բաքվի հետ «խոցելի գործընկերությունն արհամարհելու» մեջ: Հոդվածում զգուշացվում էր, որ այդ պարագայում Ադրբեջանին այլ տարբերակ չի մնա, քան սերտ հարաբերություններ հաստատել իր անմիջական հարևանների՝ Իրանի և Ռուսաստանի հետ:

Նման պայմաններում Քրամերը և Կոզլարիչը կարծում են, որ Միացյալ Նահանգները պետք է մտածի իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու շուրջ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունների և հակաամերիկյան հռետորաբանության ֆոնին: Ընդ որում, այդ միջոցառումներում պետք է ներգրավել նաև եվրոպացիներին: Նման քայլերը պետք է ձեռնարկվեն այնքան ժամանակ, մինչև որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն և Ալիևի իշխանությունն ամրապնդող հանրաքվեն չեղյալ հայտարարվի: Թույլ տալով Ադրբեջանին իրականացնել Մոսկվայի և Թեհրանի հետ սերտ կապեր հաստատելու իր սպառնալիքները՝ առանց ԱՄՆ-ի հետ հավասարակշռություն պահպանելու, ԱՄՆ-ը կարող է տհաճ դաս տալ Բաքվի վարչակարգին:

Ադրբեջանում խնդիրն այն չէ, որ Ալիևը քիչ իշխանություն ունի, այլ այն որ նա այդ իշխանությունը կիրառում է սխալ կերպով՝ անմեղ մարդկանց նկատմամբ: Մինչ իրավիճակը տեղում վատթարանում է, ԱՄՆ-ի լռությունը կարող է մեզ դարձնել Ադրբեջանում նշմարվող մարդու իրավունքների ճգնաժամի հանցակից, եզրափակում են հոդվածագիրները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930