«Ազատություն» ռադիոկայանի հետ սեպտեմբերի 3-ի հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի միտումներին և հատուկ ուշադրություն հրավիրել կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամության անհամաչափության վրա: Թվում էր, թե այս գնահատականից հետո ամենաանցանկալի հիշատակումը կարող էր լինել Քի Ուեսթի փաստաթուղթը, որն անհամաչափ զիջումներով գերազանցում է կարգավորման գրեթե բոլոր ծրագրերին: Բայց Քոչարյանը չէր լինի ինքը, եթե իր «դիվանագիտական նվաճումները» չիմաստավորեր՝ սրբագրելով ինչպես՝ Քի Ուեսթի գործընթացը, այնպես էլ՝ փաստաթուղթը, որն իրավամբ կարելի է համարել Քոչարյանի հոգեզավակը:
«Իմ նախագահության 10 տարիների ընթացքում, միայն մեկ անգամ` Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն, հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»,- ասել է Ռ. Քոչարյանը:
Միանգամից ասենք, որ պնդումը, թե Քի Ուեսթում նախատեսվում էր փաստաթղթի «ստորագրման արարողություն», մեղմ ասած, արժանահավատ չի թվում, քանի որ հակասում է այն օրերի Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների հանդիպմանը նախորդած հայտարարություններին: Ասենք` հանդիպումից մեկ ամիս առաջ Ռ. Քոչարյանն իր խոսնակի միջոցով ընդգծում էր կողմերի սկզբունքային տարաձայնությունները: Ռոբերտ Քոչարյանի այն օրերի խոսնակ Վահե Գաբրիելյանը բացատրում էր, որ, եթե Ալիևի և Քոչարյանի միջև սկզբունքային համաձայնություն ձեռք բերված լիներ, բանակցությունների շրջանակը կընդլայնվեր, և ավելացնում, նրանք «չեն բանակցում խնդրի կարգավորման մանրամասների շուրջ, այլ փորձում են փոխադարձաբար ընդունելի սկզբունքներ գտնել» («Ազգ», 28.2.2001թ.): Իսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մարտի 21-ին ԼՂՀ ԱԺ քննարկումների ժամանակ հայտարարում էր, որ Քի Ուեսթը նախկին հանդիպումների շարունակությունն է, և որևէ փաստաթուղթ չի ստորագրվի: («Ազգ», 24.3.2001թ.):
Փաստաթղթի «ստորագրման արարողության» մասին պնդմանն անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այն պայմանավորված լիներ զուտ Ալիևի ապակառուցողականությունն ընդգծելու՝ Քոչարյանի ցանկությամբ: Բայց նրա խոսքի շարունակությունից հստակ երևում է, որ փորձ է արվում մտայնություն ստեղծել, թե արդեն պատրաստի փաստաթղթում գոյություն ուներ ԼՂՀ-ն Հայաստանին միավորելու մասին կետ: Իսկ Ռ. Քոչարյանի այս ձգտումն արդեն բավականին ինտրիգային է թվում՝ բանակցային գործընթացում ու ներքաղաքական կյանքում թափ հավաքող զարգացումների ֆոնին: Ու հիմա կրկին պետք է վերադառնալ կարգավորման այս փուլի ակունքներին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ի կայքում: