ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ».- Լոս Անջելեսի քաղաքապետարանի մշակութային հարցերով յանձնախումբն ու քաղաքապետական խորհրդի անդամ Միթչ Օ՛ֆարելը մրցոյթ են յայտարարել Փոքրիկ Հայաստանում նախատեսուած մշակութային կոթողի ստեղծման համար, մասնակցութեան կոչ անելով արուեստագէտներին:
«Մշակութային այս նախագծի շրջանակներում ստեղծուելիք արուեստի գործը կը լինի հպարտութեան փարոս հայ համայնքի համար, ովքեր Լոս Անջելեսն իրենց տունն են համարում», նշել է Օ՛ֆարելը: Նա յաւելել է, որ այն կը նշանաւորի դէպի Փոքրիկ Հայաստան պաշտօնական մուտքը, եւ կը լինի Վան Նայս եւ Հոլիվուդ Բուլվար պողոտաների անկիւնում: Ըստ քաղաքապետական խորհրդի անդամի, մշտական կոթողը ներկայացնելու է հայկական մշակութային ժառանգութիւնն ու հայերի ներդրումը ԱՄՆում:
Կարդացեք նաև
Նախագծի իրականացման համար յատկացուել է 350 հազար դոլար, որը ծախսուելու է դիզայնի, արտադրութեան եւ տեղադրման համար:
«Արուեստի այդ գործը կը դառնայ փոխադարձ յարգանքի խորհրդանիշ եւ կը ծառայի որպէս մշակութային այցեվայր Լոս Անջելեսի բնակիչների համար», յայտնել է մշակութային հարցերի բաժնի գլխաւոր տնօրէն Դենիէլ Մարզելը:
Ծրագրի ֆինանսաւորումն իրականացնում են Լոս Անջելեսի քաղաքապետարանն ու Արուեստի զարգացման հիմնադրամը, որը վերականգնուել է քաղաքապետական խորհրդի անդամ Օ՛ֆերելի եւ գործընկերների կողմից:
Մրցոյթին դիմելու վերջնաժամկէտը Սեպտեմբերի 30ն է: Առաւել մանրամասների համար՝ այցելել Մշակութային հարցերի յանձնախմբի կայքը՝ https://culturela.org/grants-and-calls/little-armenia-gateway/: