Լրահոս
Օրվա լրահոսը

Նեղանալ չկա

Սեպտեմբեր 10,2016 10:00

«Շկիդ» հանրապետությունը» հրաշալի խորհրդային ֆիլմում կա այսպիսի մի դրվագ: Դպրոց է գալիս ռուս գրականության ուսուցիչը, բայց փոխանակ իր առարկան դասավանդի՝ որոշում է շահել երեխաների սիրտը եւ սկսում է նրանց հետ միասին բավականին թեթեւսոլիկ երգեր երգել: Երբ նրան հեռացնում են դպրոցից, նա սկսում է բողոքել, որ չկարողացավ իրագործել իր ծրագրերը, որոնք ուղղված էին երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նրան չհասկացան, նրան խանգարեցին:
Այդ ֆիլմը ես հիշում եմ ամեն անգամ, երբ որեւէ պաշտոնյա հրաժարական է տալիս կամ՝ երբ նրան հանում են աշխատանքից (տվյալ դեպքում կարեւոր չէ), եւ նա որոշ ժամանակ անց սկսում է թվարկել, թե ինչպիսի հրաշալի գործեր է արել եւ, ամենակարեւորը, դեռ պատրաստվում էր անել, եթե «չար ուժերը» նրան չխանգարեին:

Հատկապես հաճախ են նման բողոքներ հնչում այն մարդկանցից, որոնք հավակնում են «բարեփոխիչի» դափնիներին: Այդպիսին էր, օրինակ, Տիգրան Սարգսյանը: Այնպես չէ, իհարկե, որ հայրենի օլիգարխիան նրան չէր խանգարում եւ բոլոր հնարավոր մեթոդներով նրա դեմ չէր պայքարում: Գումարած դրան՝ Երկրորդ նախագահն էր դժգոհ, որ կորցրել է իր ազդեցությունը, մասնավորապես, տնտեսական որոշումներ ընդունողների վրա: Բայց, հիշեցնենք, 2008 թվականին վարչապետի պաշտոնին նա մանկապարտեզից չէր եկել՝ այդ պահին Տիգրան Սարգսյանը քաջ ծանոթ էր հայկական իրականությանը եւ, ավելին, մասնակցում էր այդ իրականության արատավոր կողմերի «կերտմանը»: Այնպես որ՝ բողոքել, նեղանալ, թե ինչու նախագահն ինձ բոլոր հարցերում չէր սատարում՝ այ, եթե սատարեր, ինչե՜ր կանեի՝ այդ ամենն անիմաստ է:

Իհարկե, այդ ամենը հրապարակավ չէր ասվում, բայց Հայաստանում դժվար չէ իմանալ, թե ազդեցիկ դեմքերից ով ինչ է մտածում, որովհետեւ այդ դեմքերն ունեն բազմաթիվ ոչ պաշտոնական «խոսնակներ»: Նման մոտիվներ էի ես զգացել նաեւ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել քաղաքապետի պաշտոնից: Սկզբում «դրայվ» կար, հետո կորավ՝ չգիտես որտեղ: Բայց եթե մարդը համաձայնում է որեւէ պետական պաշտոնի, նա պետք է մինչեւ վերջ պայքարի՝ իր գաղափարներն իրականացնելու համար: Եթե Պողոսը կամ Պետրոսը նրան խանգարում են, ապա նա կամ պետք է նրանց համոզի, որ սխալ են, կամ հասնի նրանց պաշտոնանկությանը, կամ էլ, այո, հրաժարական տա, բայց՝ հրապարակավ բացատրելով, թե որն էր իր գործընկերների սխալը: Ոչ թե հեռանա «անձնական պատճառներով»՝ նեղացածի տպավորություն թողնելով:

Ակնհայտ է, որ օլիգարխիան խանգարելու է նաեւ Կարեն Կարապետյանին՝ նա «յուրային չէ», որովհետեւ ոչ թե հայկական, այլ ռուսական օլիգարխիայի ներկայացուցիչ է: Բայց բոլոր դեպքերում նրա պաշտոնավարման հետ կարելի է որոշակի հույսեր կապել միայն այն դեպքում, եթե նա մի քանի ամսից չնեղանա եւ չգնա՝ «խոսնակների» միջոցով բողոքելով, թե նրա փայլուն ծրագրերի իրականացմանը խանգարել են: Չէ՞ որ մենք դարձյալ գործ ունենք միանգամայն չափահաս եւ փորձառու անձնավորության հետ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բանը նրանում է,որ մեր բոլոր վարչապետներին տրվել էին պարտականություններ և պատասխանատվություն և չէին տրվել իրավունքներ:Եթե գործը տապալվում է,մեղավոր է վարչապետը,եթե հաջողվում է՝նախագահի շնորհիվ է:Վարչապետները հիմնականում նման էին այն բռնցքամարտիկին,որի ձեռքերը հետևին կապված են և նա պետք է մենամարտի ընդիմության,բնակչության,օլիգարխիայի դեմ,որոնց ձեռքերը ազատ են:Վարչապետներ պետք է լինեն կւսակցության լիդերները,որոնք գլխավորել են ընտրարշավը և որոնք կախված չեն նւյնիսկ նախագահից:ՎարչապետՀ. Բագրատյանը կառավարության նիստում ի ցույց էր դրել ուժային նախարարներին հաճախակի բացակայությունների համար և այդ նախարարներն էլ պահանջեցին նրա հրաժարականը….

  2. Լավատես says:

    Մեծ գործերում մանրուքներ չեն լինում, մեծ հաղթանակներում էլ մանր հաղթանակներ չեն լինում: Այն ինչ լինում է՝ դա աստծո կամքն է եւ եթե քո ու աստծո կամքը համընկնում են՝ դա է հաղթանակը: Մեր կրոնը մեզ պետք է սովորեցնի ցանկացած հարցում հասնել աստծո կամքի եւ մեր մարդկային կամքի նույնությանը՝ լինի դա մեծ թե աննշան ցանկություն: Դրանով է մարդ դառնում աստծո ընտրյալ: Իսկ աստծո հանդեպ մեղքը նա է, երբ քո ու աստծո ուզածը՝ այսինքն՝ անցած իրականությունը իրար հետ չեն բռնում: Կարճ ասած, ով իր նպատակին չի հասնում՝ լինի մարդ թե ազգ, ուրեմն ինքն ա մեղավոր:

  3. Հրանտ Պապիկյան says:

    ՝՝Շկիդ հանրապետությունը՛՛ շատ հաջողված և ուսուցանելի ֆիլմ է: Այդ ուսուցչի հետ կապված Ձեր բերած օրինակին համաձայն եմ: Հեռացողները հաճախ նեղացած կեցվածք են ընդունում, որ թաքցնեն իրենց թերացումները: Բայց այդ նույն դրվագը ես այլ տեսանկյունից եմ միշտ համեմատում մեր իրականության հետ: Եթե հիշում եք, այդ ուսուցչի դասերից ոչ ոք չէր բացակայում և նա մեծ ՝՝ժողովրդականություն՛՛ էր վայելում, քանի որ նա աշակերտներին թույլ էր տալիս անել ինչ խելքներին փչի, իսկ ինքն էլ հայհոյախառն չաստուշկաներ էր երգում նրանց համար: Այդ դպրոցի աշակերտները իրենց համարում էին ՝՝ՇԿԻԴ՛՛ հանրապետության քաղաքացիները, և փաստորեն նախապատվությունը տալիս էին հենց այդ հայհոյող, տգետ և խաբեբա մարդուն:
    Երբ նրան հեռացրին, աշակերտները ապստամբություն բարձրացրին, պատանդ վերցրին ուսուցիչներին, ջարդուփշուր արեցին դասասենյակները և պահանջում էին ետ բերել ու դպրոցի տնօրեն կարգել այդ տգետին….
    ՈՉԻՆՉ ՉԻ՞ ՀԻՇԵՑՆՈՒՄ…
    սա ուղղակի ասում եմ, որ ՝՝ժողովուրդի կամքը՛՛ կամ ՝՝քաղաքացիների ընտրությունը՛՛ վերամբարձ բառակապակցությունները երբեմն իրենց հիմքում ամենևին էլ այն չեն պարունակում, ինչը իրականում պետք է այդ քաղաքացիներին:
    Իմ կարծիքով մարդկության պատմության մեջ առաջին ազատ քվեարկությունը դա Պիղատոսի կողմից ժողովրդին թույլատրած՝ դատապարտյալների միջից մեկ հոգու ներելու և կյանք շնորհելու ընտրությունն էր Հիսուսի և Վարրավայի միջև: Թե նրանցից ում ընտրեց ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, բոլորդ էլ լավ գիտեք…

    • Հ.Շ. says:

      հետաքրքրական եւ տպաւորիչ վերլուծում մըն է՝ թէ այդ ֆիլմին եւ թէ մեր այժմու կացութեան

      հիմնական խորքին հետ, համաձայն եմ

      միայն թէ վերջին օրինակը, որ բաւական ցնցիչ է,
      նրբութեան մը մատնանշման կարիքը ունի, կը կարծեմ

      այդ ժողովուրդը Պիղատոսին ժողովուրդը չէր,
      այլ անոր հեղինակութեան տակ ստրկացած ժողովուրդ մը,
      որու այդ ընտրանքը քաջալերուած էր նաեւ իր ղեկավարներուն կողմէ, որոնք Յիսուսի մահը կ’ուզէին

      իսկ Պիղատոսի ժողովուրդին վայելած «ժողովրդավարութեան» փառաւոր սուտն ու կեղծիքն ալ արդէն ուրիշ նիւթ է… “panem et circenses” !

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930