Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի թեկնածուների ճոխ ցուցապաստառներն ու գերմանացիների թել-ասեղ-մկրատով քարոզարշավը. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 10,2016 00:10

Բեռլինի լրագրության դպրոցի ու «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ կողմից կազմակերպված «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի շրջանակում Հայաստանից մեկնած լրագրողական խմբով Ներքին Սաքսոնիա երկրամասի Հաննովեր քաղաքում մասնակցեցինք Սոցիալ-դեմոկրատների կուսակցության թեկնածուների քարոզարշավին։

Նշենք, որ Հաննովերում իշխող է հենց այս կուսակցությունը, սակայն ապշեցուցիչ էր նրանց համեստ քարոզարշավը։ Եվ եթե չլիներ գովազդային իրեր պարունակող շարժական սեղանը, միգուցե զարմանայինք, որ այդտեղ քարոզարշավ է։

Կուսակցության գրեթե բոլոր թեկնածուները, որոնք մասնակցում էին քաղաքային ու շրջանային խորհուրդների (պառլամենտի) ընտրություններին, անկախ տարիքից Հաննովերի կիզիչ արևի տակ կանգնած՝ սպասում էին, որ մարդիկ անցնեն փողոցով, իրենք մոտենան ու առաջարկեն իրենց ծրագիրը։ Իհարկե, կային մարդիկ, որոնք բացարձակապես զրույցի չէին ուզում բռնվել, հատկապես երիտասարդները։

Գերմանացիները խոստովանում են, որ տեղական ընտրությունները շատ քիչ են հետաքրքրում բնակչությանը, մասնակցությունը 50-70 տոկոս է, քանի որ մարդիկ ապրում են անհոգ կենցաղային պայմաններում ու առանձնապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Այստեղ քարոզարշավն անցկացնում էին՝ շենք առ շենք, թաղ առ թաղ այցելելով։ Շարժական սեղանը բավական ճոխ էր գովազդային իրերով, ջրի շշերի, փուչիկների, գրիչների, բացիչների, նույնիսկ թել-ասեղ, մկրատ պարունակող տուփի վրա այս կուսակցության գովազդն էր (տես լուսանկարում)։

germany_1 germany_2 germany_3 germany_4 germany_6 germany_7 germany_8 germany_9

germania2 germania1 germania

Կուսակցությունը թեկնածուներին առաջադրելիս պարտադիր պահպանում է գենդերային հավասարությունը, այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հաննովերի քաղաքային խորհրդի կին անդամներից մեկը՝ Տանյա Բունդուլսը (Tanja Bunduls)։ Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունից քաղաքային խորհրդի մեջ ընտրված 25 անդամներից 13-ը կին են։ Քաղաքային խորհրդի անդամը, նույնն է, որ մեր ավագանու անդամը․ աշխատավարձ չի ստանում տեղական ինքնակառավարման մարմիններում իր գործունեության համար, սակայն խորհրդանշական փոխհատուցում է ստանում ամսական 450 եվրոյի չափով, որից 150 եվրոն տրվում է կուսակցությանը։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ուզում վերընտրվել, մեր զրուցակիցը՝ Տանյա Բունդուլսը պատասխանում է՝ սիրում եմ օգուտ տալ բնակչությանը, լուծել նրանց խնդիրները։ Այս կինն իր ընտրողների հետ կապվում է էլեկտրոնային փոստով, բազմաթիվ նամակներ է ստանում, առանձնացնում է ամենահրատապները ու կապ հաստատելով նրանց հետ՝ լինում է խնդիրներ ունեցող բնակիչների հասցեում։ Կին թեկնածուներից մյուսն էլ՝ Քրիստինե Ռանկե-Հեկը (Christine Ranke-Heck), որը նույնպես քաղաքային խորհրդի անդամ է ու ուզում է վերընտրվել, նշում է, որ իրենց երկրամասում ու քաղաքում գլխավոր խնդիրը փախստականների հարցը լուծելն է․ ոչ բոլոր կուսակցություններն են սիրում փախստականներին, իսկ Ներքին Սաքսոնիայում կան 17 տարբեր ազգությունների պատկանող փախստականներ։

Գերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասում վաղը՝ սեպտեմբերի 11-ին կկայանա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ 16 տարին լրացած յուրաքանչյուր անձ ընտրության իրավունք ունի, իսկ թեկնածություն կարող է առաջադրել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ։ Նշենք, որ ընտրողը երեք ձայնի իրավունք ունի․ նրանք ազատ են իրենց ընտրության մեջ․ կարող են միանգամից ընտրել երկու կուսակցությունների ու որևէ կուսակցության թեկնածուի, այսինքն` տվյալ դեպքում կատարել ռեյտինգային ընտրություն կամ ասենք, եթե չեն հավանում կուսակցությանը, բայց տվյալ կուսակցությունից որևէ կոնկրետ թեկնածուի են հավանում, այդ դեպքում ընտրում են կուսակցության տվյալ անդամին։

Հաննովերի քաղաքային խորհրդի կազմը, ինչպես և մեզ մոտ, կախված է բնակիչների թվից, Քրիստինե Ռանկե-Հեկի տեղեկացմամբ, այն այժմ ունի 65 անդամ, սկզբում ընտրվում են ավագանու անդամները, ձևավորվում է քաղաքային խորհուրդը, վերջինիս միջոցով էլ ընտրվում է քաղաքապետ։

gyumri_1 gyumri_2 gyumri_3 gyumri_4 gyumri_5

Հ․Գ․ Այսքան մանրամասն գուցե և չանդրադառնայինք Հաննովերի ընտրարշավին, եթե այսօր Գյումրիում չհայտնվեին իրենց ճոխությամբ ապշեցնող ցուցապաստառներ։ Օրինակ՝ Գյումրու կենտրոնական փողոցները հեղեղված էին Սամվել Բալասանյանի ցուցապաստառներով, կարծես լուսանկարների ցուցահանդես լիներ, մի տեղ խոսվում է թեկնածուի՝ փողոցները ասֆալտապատելու, մեկ այլ ցուցապաստառում 23 մլն եվրո վարկային ծրագրի համար պայմանագիր կնքելու, երրորդ ցուցապաստառում մանկապարտեզների, չորրորդում երիտասարդական պալատի վերանորոգման մասին և այսպես շարունակ։

Ու չգիտես ինչու՝ մեր թեկնածուների ցուցապաստառները պարտադիր պետք է լինեն կենտրոնական շենքերի գլխավերևներում ու շատ խոշոր չափերով։ Քաղաքի կենտրոնական հատվածների շենքերն արդեն զբաղված են ՀՅԴ-ի ու «Գյումրեցու ոգի» կուսակցությունների կողմից։ Իսկ Ներքին Սաքսոնիայում թեկնածուների ցուցապաստառների վրա առանձնապես ծախսեր արված չէին, ընդամենը համեստ լուսանկարներն էին փակցված, այն էլ սյուների վրա՝ քաղաքացիներին չխանգարող հատվածներում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930