«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում հնչեցրեց հերթական հնչեղ անունները, որոնք ժամանելու են Հայաստան: Դրանցից առաջինը Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբն է (լուսանկարում), որն արդեն տվել է Հայաստանում համերգ ունենալու համաձայնությունը: «Իրենք հայտարարել են, որ լավ գիտեն մեր փառատոնը:
Այդ կարգի խմբերի համաձայնությունն ստանալը պայմանավորված է նախորդ հաջողություններով, իրենք ոչ թե նայում են, թե տվյալ երկրում ինչ լավ բան կա, այլ՝ թե ով է իրենցից առաջ համերգ ունեցել: Այդ օրինակը 2012-ին մենք ունեցել ենք Ամստերդամի Թագավորական նվագախմբին՝ «Կոնցերտ Գեբաու»-ին հրավիրելիս: Վրաստանի այն ժամանակվա առաջին տիկինը ստիպված էր Հայաստանում ունկնդրել նրանց համերգը, որովհետեւ չէին կարողանում «Կոնցերտ Գեբաու»-ին Թբիլիսի տանել: Ինչ վերաբերում է Բեռլինի ֆիլհարմոնիկին, ապա մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքները, որոնք հյուրընկալել են այդ նվագախմբին: Մյուս հնչեղ անունը, որ դարձյալ տարածաշրջանային զարմանք կհարուցի, դաշնակահարուհի Մարթա Արգերիխն է: Իմիջիայլոց, Վրաստան դասական մեծանուն երաժիշտներ հրավիրելու խթանը եղել է «Երեւանյան հեռանկարները»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
09.09.2016