Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտակցված տագնապ

Սեպտեմբեր 10,2016 17:00
merujan Ter-Gulanyan

Ուշացա, ուշացա ու չհասցրեցի առաջինն ինքս ասել, թե ինչից է, որ լուսինը ոչ միայն երկնքում է, այլ նաեւ լույս է տալիս, եւ ուշանալուս հետեւանքն այն եղավ, որ երեկ ինձ երկարուձիգ բացատրում էին այն, ինչ ես մանկությունից արդեն գիտեի:
Անշուշտ, հաճախ է պատահում, որ առաջին հայացքից թվացող չնչին պատճառները կարող են բացահայտել եւ որպես հետեւանք հարուցել մեծ իրադարձություններ, ինչպես որ մեծագույն ձեռնարկումները հաճախ ավարտվում են անհաջող եւ գրեթե աննկատ արդյունքով:

Եվ ես մի պահ ոտքի կանգնեցի, կանգնեցի եւ ուզեցի գնալ տուն եւ անմիջապես էլ հասկացա, որ ժամանակը չէ: Մտածեցի նաեւ, որ դիմացինին հուսահատության հասցնելու փորձ անողը չի կարող ժամանակը կանգնեցնել, քանի որ ժամանակի տերը ուրիշ տեղում է գտնվում, եւ ինքն է, որ տնօրինում է մեզ, մեր կամքն ու ժամանակը, եւ չհուսահատվողին սատարելու սքանչելի բնույթ ունի:

Ու ես՝ իմ հպարտ մոլորության մեջ, մտածում էի նաեւ, որ մշակույթի բարձր առաքելությունն աշխարհում հայտնվել է բոլորին հորդորելու եւ սփոփելու, որ վաղը նոր օր կբացվի, այն էլ` աշնանային:

Եվ քանի որ առօրյա զրույցների ու բանավեճերի մեջ խոսքի թողած բծերը մոռացվում են կամ երբեմն չեն նկատվում, իսկ արվեստագետի էությունը նույնիսկ տագնապի մեջ է սփոփանք փնտրում` գիտենալով մեկ պարզ ճշմարտություն. ով տաղանդավոր է, նա հոգով բոլորից մաքուր պետք է լինի, որովհետեւ ուրիշներին շատ բաներ կներվեն, իսկ իրեն` ոչ…
Չնայած որ հաճախ նա կարող է շրջապատված լինել բազմաթիվ ծերացած ջահելներով եւ չպատճառաբանված ջահել ծերերով, որոնք ամեն ինչ անում են, բայց, ափսոս, ոչինչ չգիտեն, կամ ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն անում:

Եվ նրանց տրտում զրույցները` հռոմեական արձանների անկումային տրամադրությունը դեմքներին, միշտ ավարտվում է տնտեսական ճգնաժամով, որի հայտնությունը, բոլորին մի տեսակ օտարացնելով իրարից, դարձել է այլեւս մտերմության հանգրվան…
Այնինչ կյանքը շարունակվում է, ուժեղները թուլանում են, անզորները` զորանում, աշխարհի բազմաճյուղ ճամփաներին թափառող իրադարձությունները մեզ` միամիտներիս, թվում է, թե պատահաբար են հանդիպում:

Հանդիպումներ, որոնք հաճախ ճակատագրական են լինում, եւ ոչ մի տնտեսական ճգնաժամ չի կարող փլուզել այն, որ մարդ-ցեղի ներսում ամբողջական է ու հաստատուն, որովհետեւ իրական ճգնաժամը սկսվում է մարդու ներսից` հոգու բացակայությունից, երկու մարդու անհոգի շփումից եւ տաղանդավոր մարդկանց հանդեպ զգուշավոր վերապահումից, որը չգիտակցված տագնապ է արթնացնում քնած անհոգիների աշնանային վերահասության մեջ եւ ստեղծում չգիտակցված անբախտության տրտում…
Ուր մարդը ոչ միայն չի կարողանում գտնել, ճանաչել եւ սիրել երկրորդ մարդուն, այլեւ չի կարողանում գտնել նույնիսկ ինքն իրեն, եւ այս զրնգուն աշխարհում ապրում է մենակ՝ իր օրվա հացն իր ծնկին, անհասցե ճամփա գնալով՝ առանց հասկանալու՝ ուր որ ուզում է ինքը գնալ, ուրիշները վաղուց արդեն վերադարձել են կամ վերադառնում են:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

09.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930