Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության եւ ընդդիմության տարբերակները

Սեպտեմբեր 10,2016 16:00

Երեք շոկը, որին առնչվեց հասարակությունը եւ տնտեսության` օր օրի ավելի ակնհայտ զգացվող նախադեֆոլտային, հոգեվարքային վիճակն օբյեկտիվորեն ձեւավորել են նոր քաղաքական օրակարգ` իր մեկ հստակ կետով:

Միայն հրաժարականի եւ նույնիսկ իշխանափոխության պահանջն արդեն համարժեք չէ իրականությանը: Որովհետեւ այն չի պատասխանում «իսկ ովքեր կձեւավորեն հաջորդ իշխանությունը» չափազանց կարեւոր հարցին: Ըստ իս՝ հիմա շատ ավելի խորքային փոփոխության խնդիր կա, եւ օրակարգային պահանջը պարզապես իշխանության ձեւավորումն է:

Խոսքը պետության առաջ կանգնած մեծ մարտահրավերներին, ինչ-որ իմաստով պատմական զարգացումներին եւ վտանգներին համարժեք իշխանության մասին է:
Այդ երեք շոկը նոր իրականություն ձեւավորեց: Ապրիլյան պատերազմից հետո հայ ժողովուրդն իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում անվտանգության խնդիր, ինչ է նշանակում թշնամու հարձակում, տարածքային կորուստ, եւ ինչ է նշանակում մեծաքանակ զոհեր:

Հուլիսյան շոկից հետո բոլորը հասկացան, որ դժգոհությունների ցուցանիշն աննախադեպ վտանգավոր է, եւ որ իրավիճակը ամեն վայրկյան կարող է դուրս գալ վերահսկողությունից: Սա շոկ էր թե՛ հասարակության համար, թե՛ պետական համակարգի, թե՛ օլիգարխիայի: Իշխանական էլիտան եւ օլիգարխիան, մեծ հաշվով, առաջին անգամ դադարեցին իրենց ֆիզիկապես ապահով զգալ:

Երրորդ շոկը, որը, անկախ սոցիալական եւ այլ տարբերություններից, բոլորի վրա միակերպ ազդեց, իշխանության ինքնամեկուսացման երեւույթն էր ճգնաժամային պայմաններում: Թե՛ ապրիլին, թե՛ հուլիսին իշխանությունը ինքնամեկուսացավ: Չխոսեց ժողովրդի հետ: Սա իսկական շոկ էր, որովհետեւ աշխարհի որեւէ երկրում նման բան չի լինում: Հետադարձ հայացքով պարզվում է, որ վերջին տարիներին այդպես եղել է մշտապես. բոլոր՝ քիչ թե շատ ճգնաժամային իրավիճակներում իշխանությունը «փակվել» է: Իսկ երբ իշխանությունն ինքնամեկուսանում է, ժողովուրդը սկսում է իրեն միայնակ զգալ: Աշխարհի բոլոր ժողովուրդները ձգտում են խուսափել նման իրավիճակից: Սա ժողովուրդների կարեւոր ինքնապաշտպանական հատկանիշներից մեկն է: Ժողովուրդները միշտ ձգտում են ունենալ իշխանություն, կառավարիչներ. սա ապահովության եւ անվտանգության կարեւորագույն պայմանն է: Հայ ժողովուրդը տուն առ տուն զգաց, որ իրեն միայնակ են թողել: Եվ համատարած քննարկումների, խոսակցությունների, անհանգստությունների արդյունքում ձեւավորվել է նոր իշխանություն ունենալու բնական պահանջ: Ահա այս պայմաններում իշխանությունները եւ ոչ իշխանական ուժերը ունեն գործելու ընդամենը մի քանի տարբերակ: Եվ Հայաստանում զարգացումները կախված են այդ տարբերակների ընտրությունից:

Ընդդիմության առաջին
տարբերակը

Շարունակել քսանհինգ տարվա գործելաոճը: Սկսել հռետորաբանության արմատականացում՝ մոնղոլ-թաթարներից մինչեւ հանցագործներ եւ դավաճաններ: Կախելու, լավագույն դեպքում` բանտարկելու կոչեր: Կարճ ժամանակում մեծանալու է մրցակցությունը, եւ ոչ իշխանական ուժերը փորձելու են մեկը մյուսից ավելի ռադիկալ եւ հայհոյող երեւալ: Ընդ որում, ի զարմանս իշխանության՝ մի պահ կպարզվի, որ իր պրոյեկտ-ընդդիմադիրներն էլ են ընդգրկվել այս մրցակցության մեջ, որովհետեւ նրանց կենսագործունեության այլընտրանք ուղղակի չի մնա: Սոցիալական դժգոհությունների ֆոնին մենք ընտրությունների նախաշեմին կունենանք գերլարված հասարակություն` ատելության չափազանց մեծ պաշարով: Եվ միայն այդքանը: Զրոյական օրակարգ, զրոյական տեսլական:

Կլինեն հանրահավաքներ, երթեր, երբեմն` դեպի Բաղրամյան՝ փշալարեր, ընդհարումներ, բռնություններ, քաղբանտարկյալներ: Այդ ընթացքում նրանց եւ հարթակի մի մասը կանցնի իշխանության հետ գործարքի եւ այլն: Իշխանությունը կհայտարարի ընտրության իր արդյունքները եւ իր վերարտադրման բոթը: Դարձյալ՝ ընդհարումներ, ձերբակալություններ: Արդյունքում կունենանք չափազանց թույլ եւ զրոյական հեղինակությամբ իշխանություն, թույլ եւ անիմաստ ընդդիմություն, տնտեսության կոլապս, ադրբեջանական հարձակման իրական վտանգ: Սա մի սցենար է, որում հաղթող չկա, բայց պարտվելու են բոլորը: Չի բացառվում, որ այդ ընթացքում առաջանա նոր ֆորսմաժորային իրավիճակ, եւ ընդդիմության ու իշխանության բախման արդյունքում մի պատահականություն հայտնվի իշխանության ղեկին:

Իշխանության առաջին
տարբերակը

Չի բացառվում, որ գործող վերնախավն իսկապես կորցրել է իր ադեկվատությունը, համարում է, որ ամեն ինչ նախկինի պես կառավարելի է, եւ կփորձի առանց էական փոփոխությունների գնալ մեխանիկական վերարտադրության: Նույն դեմքերով, նույն կուսակցությամբ ու իրենց սատելիտ ընդդիմադիրներով: Իսկապես չի բացառվում, որ իշխանությունը մտածի գնալ այս ճանապարհով` ջարդելով, բռնելով, առնելով: Սա կբերի կարճ ժամանակում արմատական տրամադրությունների ծայրահեղ աճի, եւ արտաքին մարտահրավերների ու տնտեսական դժվարությունների ֆոնին ուղղակի կլինեն «Սասնա ծռեր-2», «Սասնա ծռեր-3» եւ այլն: Ոչ մի իշխանավոր, ոչ մի մեծահարուստ իրեն այլեւս անվտանգ չի զգա: Քաղաքական միտքն ու քաղաքական համակարգն ուղղակի անելիք չեն ունենա: Երկիրը կդառնա Սոմալի:

Ընդդիմության
երկրորդ տարբերակը

Հիմնական մի քանի ուժերով եւ հասարակության համախմբմամբ ձեւավորվում է լուրջ քաղաքական բեւեռ, որը կկարողանա համոզել հասարակությանը, արտաքին աշխարհին, որ կարող է ընտրություններով վերցնել իշխանությունը եւ դառնալ քաղաքակիրթ իշխանություն: Իշխանություն, որը կունենա առաքելություն, իշխանություն, որը հավատում է երկրի ապագային ու պատրաստ է մեծ խնդիրներ դնել եւ լուծել:
Քաղաքական բեւեռն էապես տարբերվում է անիմաստ արմատականացումից եւ պարզ առճակատումից: Սա անհամեմատ բարդ է ու ենթադրում է կազմակերպչական, կառուցվածքային, ծրագրային մեծ աշխատանք: Մարդկային եւ մտավոր ռեսուրս: Սա ենթադրում է նաեւ զսպվածություն եւ պատասխանատվություն: Սա նշանակում է ընտրությունների վերահսկման էֆեկտիվ թիմերի ձեւավորում: Սա նշանակում է հանրային ճնշման գրագետ մեծացում` բազմահազարանոց ծրագրային հանրահավաքների միջոցով: Ի դեպ, հայհոյելու եւ ճվճվալու հանրահավաքն էապես տարբերվում է ծրագրային հանրահավաքից: Սա նշանակում է ծանր աշխատանք, բայց նաեւ սա երաշխավորում է հաջողությունը:

Իսկ հաջողությունը իշխանությունից դուրս եւ իշխանության մեջ գտնվող առողջ շրջանակների եւ անհատների միջոցով նոր իշխանության ձեւավորումն է: Սա նաեւ ենթադրում է իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս գտնվող որոշ անձանց եւ շրջանակների վերջնական հեռացումը քաղաքական, պետական համակարգից: Այս տարբերակը չի ենթադրում խոշոր արյունոտ ցնցումներ եւ ատելության անպտուղ ակումուլյացիա: Սրանից շահում են բոլորը եւ պետությունը: Իսկապես կստեղծվի մի համակարգ, որտեղ իշխանության մեջ եւ նրանից դուրս գտնվող բոլոր կարող ուժերը կլինեն պահանջարկված ու կունենան իրենց տեղը: Լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար սա միակ տարբերակն է` հաջողություններ ունենալու:

Իշխանության
երկրորդ տարբերակը

Իշխանությունը շոկերից, ստեղծված մթնոլորտից եւ առաջիկա հանրային ճնշումներից անում է հետեւություն: Ընտրական օրենսգիրքը կատարելագործվում է, նվազեցվում են կեղծիքների հնարավորությունները: Իշխանությունը հրաժարվում է «միեւնույն է` ամեն ինչ անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով» բանաձեւից:

Ստեղծվում են աշխատանքային խողովակներ` իշխանությունից դուրս գտնվող ուժերի հետ, ստեղծվում է բարենպաստ մթնոլորտ, որում անցկացվում են ընտրությունները, բնականաբար` այլեւս չի լինում քաղաքական մենաշնորհ, եւ իշխանության ու իշխանությունից դուրս գտնվող շրջանակներով ձեւավորվում է նոր իշխանություն: Սրանով իսկ նոր իրականություն է ստեղծվում երկրում: Սա նախ՝ թույլ կտա խուսափել զանգվածային պոռթկման, փողոցային հեղափոխության տարբերակից, ինչն ավելի քան հավանական է կեղծիքների պարագայում, ինչպես նաեւ զինված միջադեպերի հնարավորությունից: Սա սցենար է, որում, մեծ հաշվով, պարտվողներ չեն լինելու, եւ պետությունը շահելու է: Ինչ վերաբերում է «միեւնույն է` ամեն ինչ անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով…» ձեւակերպմանը, միեւնույն է՝ այն չի լինելու: Այն արդեն չկա: Բայց սա շատ վտանգավոր ձեւակերպում է: Այս ձեւակերպումը Հայաստանում տրամադրությունների արմատականացման, զինված պայքարի մթնոլորտի ձեւավորման գործում ունեցել է մեծ խթանիչ դերակատարություն:

Իշխանության եւ
ընդդիմության որակները

Իշխանությունն իր մոնոպոլ հեռուստաեթերով, կայքերով, թերթերով, քաղաքագետներով անընդհատ մի միտք է տիրաժավորում, թե` ընդդիմությունը չի կարողանալու միավորվել, եւ իշխանությունն այդ պատճառով կհաղթի: Իսկ իրականությունն այնպիսին է, որ խնդիրն այսօր ավելին է, քան իշխանություն-ընդդիմություն պայքարը: Սա՛ չէ հայ ժողովրդի այսօրվա խնդիրը: Սա շատ պարզունակ պատկերացում է: Ի՞նչ է նշանակում ընդդիմության միավորում: Ընդդիմության մեջ կան տեսակներ, որոնց հետ ոչ միայն քաղաքական, գաղափարական, այլեւ կենցաղային համագործակցությունն անիմաստ է: Ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք ուղղակի կառավարվում են իշխանության կողմից: Ինչի՞ մասին է խոսքը: Հասարակության եւ պետության համար շատ ավելի կարեւոր է, որ ընդդիմություն կոչվող լավայից տարբերակվեն սոլիդ, գրագետ եւ ունակ անհատներն ու խմբերը: Ինչն անպայման լինելու է:

Սրան ի հակակշիռ` իշխանությունը արտաքուստ միավորվել է: Հետո՞ ինչ: Սա չէ՞ «միավորված» իշխանության արդյունքը: Երկրի համար շատ ավելի լավ կլիներ, եթե իշխանության մեջ լինեին նախագահի ստվերից դուրս գործիչներ: Իմ ասածն ամենեւին այն չէ, որ վաղը եւեթ ընդդիմանան նրան, բայց ինքնուրույն մի միտք, մի տեսակետ, մի մտահոգություն, մի տարբերակ կարելի է, չէ՞ ասել: Իշխանության ներսում տարբեր հարցերի շուրջ կարող է գնալ հեռակա դիսկուրս, եւ սա շատ բնական է ու երկրի համար կարեւոր: «Մենք բոլորս Սերժ Սարգսյան ենք» կարգախոսով իշխանությունը էֆեկտիվ չի կարող լինել: Դրանով ո՛չ Ս. Սարգսյանին եք օգնում, ո՛չ պետությանը: Հետխորհրդային այն երկրներում, որտեղ քաղաքական եւ քաղաքակրթական փոփոխություններ եւ զարգացումներ են գրանցվել, նոր իշխանություն են ձեւավորել նրանք, ովքեր եղել են իշխանության մեջ: Եվ սա՛ է նորմալ ճանապարհը: Գործնականում անհնար է փողոցից գալ ու առանց փորձի ու գիտելիքի` գրագետ պետություն կառավարել: Դա կլինի ֆորս-մաժոր: Բայց որպեսզի այդ հնարավորինս խաղաղ գործընթացը կայանա, պետք է, որ իշխանության մեջ ձեւավորվեն առաքելություն կրող անհատներ, որոնք միտք կասեն կամ այլընտրանքային տեսակետ կարտահայտեն, նույնիսկ հրաժարական կտան` տարաձայնություն ունենալու ձեւակերպումով: Սրան զուգահեռ` ընդդիմություն կոչվող հատվածում զտվեն փորձ, գիտելիք եւ պետական մտածողություն ունեցող հատվածները: Ի վերջո` իշխանության մի հատվածի մոտ պետք է բանականությունը հաղթի պետական էֆտանազիային, իսկ ընդդիմության մեջ` զսպվածությունն ու ինտելեկտը` ճվճվոցին ու անգրագիտությանը: Թե ո՛ր տարբերակով կընթանան զարգացումները, ո՛ր մոդելով կգնա երկիրը, կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում` մարդկային գործոնից` կոնկրետ մարդկանց գործոնից: Այն, որ իշխանության մեխանիկական վերարտադրություն չի լինելու, վստահ եմ՝ հասկացել են շատերը, այդ թվում` իշխող էլիտայում: Եվ դա ոչ թե ցանկությունների արդյունք է, այլ օբյեկտիվ իրականության, այն է` Հայաստանի առաջ կանգնած նոր չափազանց լուրջ մարտահրավերները, խնդիրների մեծությունը եւ դրանք լուծելու` այսօրվա իշխանության անկարողությունը եւ ժամանակի դեֆիցիտը:

 
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր
«Համախմբում» կուսակցություն

«Առավոտ»

09.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930