Աբովյանում աղբամանները քչություն են անում,
մարդիկ էլ աղբը փողոցներում են լցնում
Տարածքների համաչափ զարգացում մեր երկրում չկա, սակայն գոնե երեւանամերձ քաղաքներն ու մարզերը համեմատաբար պետք է զարգացած լինեին, հենց միայն այն պատճառով, որ մայրաքաղաքի հետ կապն ավելի շատ է: Երեւանին համարյա կպած Աբովյան քաղաքը առաջին հայացքից էլ խեղճությամբ է աչքի ընկնում: Այս քաղաքի քաղաքապետերը գալիս-գնում են, սակայն աբովյանցիների համար կենցաղային մի շարք խնդիրներ այդպես էլ չեն լուծվում: Ո՛չ փողոցային առեւտուրն է վերանում, ո՛չ մայթերն են վերանորոգվում, ո՛չ աղբահանությունն է պատշաճ կազմակերպվում, ո՛չ էլ բակերն են բարեկարգվում: Չնայած ամեն տարի քաղաքապետարանը հաշվետվության մի հսկայական ցուցակ է ներկայացնում, թե որքան գումարով ինչ են արել:
Աբովյանի ամենավերջին քաղաքապետը Վահագն Գեւորգյանն է:
Կարդացեք նաև
«Մայթերը վերանորոգել, բակերը բարեկարգել, Աբովյանը կանաչապատել, պատշաճ ուշադրություն դարձնել աղբահանությանը, սանիտարական վիճակին, ջրահեռացմանը, ասֆալտապատել, փոսալցման աշխատանքներ կատարել, ոչ մի չվերանորոգված դպրոց պիտի չլինի». այս խոստումներն աբովյանցիներին Վահագն Գեւորգյանի նախընտրական բուկլետից են, որոնք նախընտրական շրջանում առատորեն բաժանվել են քաղաքի բնակիչներին: Մեկ տարի անց աբովյանցիները մատնացույց են անում այն բոլոր խնդիրները, որոնք քաղաքապետը պետք է գոնե մասամբ լուծեր:
Եթե Աբովյանի կենտրոնում գոնե որոշակի խնամք է տարվում, ապա բնակիչների խոսքերով՝ ծայրամասերում «ավերակ վիճակ» է:
Սարալանջը նույնպես անտեսված թաղամասերից է: Դեպի Սարալանջ տանող ճանապարհին անգամ մի աղբաման չկար, որպեսզի անցորդները աղբը ոչ թե փոսերի մեջ ու փողոցում լցնեն, այլ աղբամանների:
Այստեղ նույնպես մայթերը «բռնագրավված» են խանութների կողմից. միրգ-բանջարեղեն, գիշերային շապիկ, կոշիկ, կենցաղային իրեր. ամեն ապրանք կգտնես խանութներից դուրս` մայթերին դրված: Աբովյանցիների խոսքերով՝ հաճախ մայթերն այնքան են ծանրաբեռնված լինում կրպակների կողմից կամ այնքան անբարեկարգ են, որ մարդիկ ստիպված են լինում փողոցով երթեւեկել` վտանգելով թե՛ իրենց եւ թե՛ երեխաների կյանքը: Այն դեպքում, երբ գյուղմթերքների համար հատկացված երկու շուկաները գրեթե դատարկ են:
Ի դեպ, քաղաքապետ Գեւորգյանը նույնպես Սարալանջում է բնակվում եւ ամեն օր այդ ճանապարհով է երթեւեկում:
Այս քաղաքում ջրահեռացման խնդիրն էլ տարիներով չի լուծվում: Բնակիչների խոսքերով՝ անձրեւոտ օրերին «Սաֆարի» սուպերմարկետին կից փողոցով, որը դեպի միկրո է տանում, գետեր են գոյանում:
Քաղաքապետը խոստացել էր թափառող շների հարցերն էլ լուծել, սակայն, աբովյանցիների խոսքերով, իրենց քաղաքում այդ հարցն այդքան էլ սուր չի դրված:
Փոխարենը սարալանջեցիների համար էլեկտրամատակարարման հարցն է լուրջ խնդիրներ առաջացնում: Նրանց խոսքերով՝ ամեն անգամ, երբ Աբովյանում քամի է բարձրանում, Սարալանջի լույսերն անջատվում են: Պատահել է, երբ մարդիկ օրերով առանց լույսի են մնացել:
Ինչպես տեղեկանում ենք Աբովյանի քաղաքապետարանի կայքէջից, 2016 թվականին Աբովյանի բյուջեն եղել է 1 միլիարդ 737 միլիոն 468300 դրամ:
Ասֆալտապատ փողոցների վերանորոգման համար նախատեսված է եղել 72 միլիոն 444 հազար դրամ, 334 միլիոն` աղբահանության համար, փողոցների լուսավորման համար էլ` 53 միլիոն 700 հազար դրամ: Համաձայն կայքի տվյալների՝ տարեկան պլանը թերակատարվել է -388512 276 դրամով:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
09.09.2016
Այն, որ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան դա փաստ է, բայց չտեսնել կատարվող աշխատանքներն ուղղակի չի կարելի!!! Քաղաքում փոխարինվել էլ, կամ տեադրվել են մեծ աղբամաններ, կատարվել է լայնածավալ փոսալցման աշխատանքներ, թափառող շները նույնպես քչացել են, շատ թաղամասերում գիշերային լուսավորության հարցն է լուծվել… Քաղաքի փողոցներն իրենց ապրանքներով լցրել է ոչ թե քաղաքապետն այլ հենց աբովյանցիները, Սարալանջի էլէներգիայի խափանումների համար քաղաքապետին բողոքելու փոխարեն թող ՀԷՑին բողոքեն!!! Իսկ քաղաքապեը դեռևս վատ չի աշխատում…
Հարգելի Գարիկ, փողոցային առեւտուրն օրենքով արգելված է եւ դրա պատասխանատուն տեղական ինքնակառավարաման մարմինն է, տվյալ դեպքում Աբոյանի քաղաքապետարանի Տրանսպորտի, առևտրի եւ սպասարկումների կանոնակարգման բաժինը: Ինչ վերաբերում է կատարված աշխատանքներին, ապա համայնքի ղեկավարը հենց նրա համար է ընտրված, որպեսզի լուծի քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրները, որոնց լուծման համար տարեկան բյուջեով գումարներ են նախատեսվում: Քաղաքցու իրավունքն է խոսել չլուծված խնդիրների մասին, որոնց թվում է նաեւ էլէներգիայի հարցը: Հոդվածում, ինչպես նկատեցիք, որեւէ մեկը չէր ասում, որ հոսանքագծերի հարցով պետք է Աբովյանի քաղաքապետը զբաղվի. աբովյանցիները, պարզապես, բարձրացրել են իրենց հուզող հարցերը: