Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդեցիկ է, երբ օտարերկրացիները շարական են հնչեցնում»

Սեպտեմբեր 10,2016 14:00

Սոնա Հովհաննիսյանը՝ մշակութային դիվանագիտության մասին

«Երեւանյան հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա էստոնական «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, որը Եվրոպայի մշտապես գործող ամենահին խումբն է՝ իր յուրահատուկ ոճով:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, անսամբլը փառատոնի հրավերով երկրորդ անգամ է Հայաստան գալիս: Ինչ վերաբերում է անվանի երաժիշտ եւ խմբի հիմնադիր Անդրես Մուստոնենին, նա խորհրդային տարիներին հաճախ է հրավիրվել Հայաստան: Տիկին Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, «Հորտուս Մուզիկուսը» լավագույնն է՝ միջնադարյան, հնագույն եւ ժամանակակից երաժշտություն կատարելու առումով, ու խմբի բացառիկ բնույթը պայմանավորված է հենց հիմնադրի՝ եզակի երաժիշտ լինելով: «Անդրես Մուստոնենը համարվում է ոչ սովորական երաժիշտ, որովհետեւ հազվադեպ է պատահում, որ մեկ անձնավորություն այդքան տաղանդաշատ լինի՝ եւ հնագույն երաժշտության մեջ, եւ ժամանակակից, եւ միջնադարի, վերջին այցելության ժամանակ էլ ցույց տվեց, որ նաեւ ջազի մեջ: Իրենց վերջին այցը կապված էր էստոնական մի մեծ ծրագրի հետ՝ «Բոլորը գնում են Հայաստան», մենք այդ համերգը հյուրընկալեցինք մեր փառատոնի շրջանակներում, թեեւ դա զուտ մեր փառատոնի հրավերը չէր: «Հորտուս Մուզիկուսին» ԽՍՀՄ-ի փլուզումից եւ մեծ ընդմիջումից հետո մենք Հայաստան ենք հրավիրել 2008 թ.՝ մի անմոռանալի համերգով: Մեր հասարակությունը հիշում էր եւ սպասում էր նրանց, ու իրենք ուղղակի զմայլեցրին գործիքային, տեմբրային հարստությամբ, կատարողական բարձր մակարդակով եւ հնագույն գործիքների իսկությամբ: Դրանք զուտ օրիգինալ գործիքներ են, որով հնչում է երաժշտությունը, այսինքն՝ «Հորտուս Մուզիկուսի» հերթական համերգը եզակի հնարավորություն է՝ կենդանի լսելու եւ առնչվելու 14-15-րդ դարերի երաժշտության հետ: Խումբը արդեն 44 տարեկան է, իրավացիորեն համարվում է Եվրոպայի հնագույն խմբերից մեկը, որն անընդմեջ գործում է այդ ժանրում: Ու այդ ամենը, բնականաբար, Անդրես Մուստոնենի անսպառ էներգիայի հաշվին է: Մեկ համերգը քիչ էր Հայաստանի համար, իրենք համաձայնեցին հանդես գալ նաեւ Բյուրականում: Դա մեծ տոն կլինի մեր երաժշտասերների համար, բացի դրանից, երկրորդ համերգի ծրագիրը ցույց կտա նրանց տաղանդի ուրիշ կողմերը»,-նշեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջերը:

«Հորտուս Մուզիկուսը» սեպտեմբերի 15-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում հանդես կգա յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, 5-6 գործ էլ՝ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից: Սոնա Հովհաննիսյանի խոսքով, շատերը «Կարմինա Բուրանա» ասելով հասկանում են Կարլ Օրֆի հայտնի ստեղծագործությունը, մինչդեռ դա ձեռագրերի ժողովածուի անունն է: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Բյուրականի երաժշտական ակադեմիային: Մեր զրուցակիցը փաստեց, որ այդ հաստատությունը իրենք մեկ տարվա ընթացքում վերածել են բարձր արվեստի օջախի եւ խորհրդանիշի, որտեզ զուգահեռ կրթական եւ համերգային նախագծեր, գիտաժողովներ են անցկացվում, Բյուրականի ակադեմիան դարձել է հետաքրքիր մի վայր, որտեղ հանդիպում են գիտնականները, արվեստագետները, քաղաքի եւ մտավորականության էլիտան: Ամռանը Բյուրականի ակադեմիայում էլ կայացել էր «Մշակութային աստղագիտություն» թեմայով գիտաժողովի փակումը: Սոնա Հովհաննիսյանը վստահ է, որ «Հորտուս Մուզիկուսի» յուրահատուկ ծրագրով բյուրականյան համերգն էլ հիշարժան կլինի:

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչները ցանկություն ունեն նման բարձրակարգ համերգները դարձնել ավանդույթ, ավելի հաճախ անցկացնել վարպետության դասընթացներ, Բյուրականն էլ դարձնել միջազգային նշանակության արվեստի հզոր դպրոց:

Փառատոնի գլխավոր մենեջերը խոսեց նաեւ հայ-էստոնական մշակութային կապերի ջերմացումից ու ապրիլին իրենց փառատոնին հյուրընկալված «Գրեմմիի» մրցանակակիր Էստոնիայի արական ազգային երգչախմբից: Նրանք 4 օր անցկացրել են Հայաստանում, առաջին համերգն էլ կայացել էր Վանաձորում: Սոնա Հովհաննիսյանն ասում է՝ Վանաձորի ունկնդիրները յուրահատուկ են եւ արժանի էին նման համերգի. «Այնպիսի տպավորություն էր, ասես այդ համերգը Պետերբուրգում էր, որեւէ հզոր մշակութային կենտրոնում, բացարձակ հասկացող ունկնդիր էր: Երգչախումբն ուղղակի գերված էր այդ ընդունելությամբ: Վանաձորից հետո հաջորդ օրն իրենք կենդանի կատարմամբ Ծիծեռնակաբերդում երգեցին: Դա խոնարհման արժանի փաստ է, որ օտարազգի երաժիշտները իրենց ստեղծագործական գործունեության մի մասը նվիրել են հայ երաժշտության ուսումնասիրությանը, սովորել են հայկական շարականներ, Պատարագից հատվածներ: «Հորտուս Մուզիկուսը» դա կատարում է աշխարհով մեկ, իսկ Էստոնիայի ազգային արական երգչախումը նոր է սովորել եւ պիտի շարունակի իր ծրագրերում կատարել: Աննկարագրելի տեսարան էր, երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հնչում էին հայկական շարականներ՝ օտարների շուրթերով, ու քանի՜ միլիոն մարդ էր դիտում: Մեկնաբաններն էլ ասում էին, որ դա «Գրեմմի» ստացած Էստոնիայի երգչախումբն է, որ հատուկ աղոթք է բարձրացնում առ Աստված՝ հայերեն լեզվով: Իսկապես ազդեցիկ էր: Հաջորդ օրը Երեւանում էլ մեծ համերգ երգեցին, անգամ հանգստյան օրը եկան Բյուրական, ու մենք ազդարարեցինք հոգեւոր փառատոնի սկիզբը: Կարծում եմ՝ արդարացի էր, որ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Միկ Ուլեոյան արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, նաեւ շարունակությունն էր նրա, որ իրենք Էստոնիայում «Քեզ հետ Հայաստան» մեծ համերգը կատարեցին: Հետաքրքիր էր, որ «Հորտուս Մուզիկուսի» հետ միասին էին նույն համերգում հանդես գալիս: Կարծում եմ, որ մեր նախարարությունը Անդրես Մուստոնենի վաստակը եւս կպատվի, որովհետեւ նա Հայաստանի մեծագույն ընկերն է: Իմիջիայլոց, Երուսաղեմի «Քեզ հետ Հայաստան» համերգին հենց Մուստոնենն էր ղեկավարում Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարում էր Կոմիտաս, Խաչատրյան, Ստեփան Ռոստոմյան»:

Սոնա Հովհաննիսյանը փաստեց, որ էստոնական մշակութային բարեկամությունը «Երեւանյան հեռանկարների» շրջանակում մեծ առաջընթաց է ապրել: «Փառատոնը համերգների շարք չէ, ունի գաղափարախոսություն, մի մեծ մեխանիզմ է, որը առաջ է հրում հասարակական կյանքը, հարցեր է լուծում: Փառատոնը բերում է կապեր մեր երաժիշտների ու կոլեկտիվների համար, ստեղծում է դաշտ՝ նաեւ արտաքին քաղաքականության համար, չէ՞ որ շատ հարցեր լուծվում են հենց մշակութային դիվանագիտության միջոցով: Իսկ «Երեւանյան հեռանկարները» այդ առումով մեծ ճանապարհ է անցել: Պատահական չէ, Եվրոպական Հանձնաժողովի կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը փառատոնը որակել է յուրահատուկ երեւույթ: Նա շնորհավորական ուղերձ էր հղել «Երեւանյան հեռանկարների» 15-ամյա հոբելյանի առիթով, որտեղ նշել էր, որ մեր փառատոնը իր անկախության 25-ամյա տոնը նշող պետության կարեւոր ձեռքբերումներից է, եւ այս փառատոնի շնորհիվ Երեւանը լրջորեն «դրվել» է Եվրոպայի մշակութային քարտեզին: Մի առանձնահատուկ պարբերությամբ Նավրաչիչը խոսել էր Եվրոպայում փառատոների դերի մասին ընդհանրապես՝ հասարակական կյանքի, փոխըմբռնման, խաղաղության, առաջընթացի եւ այլնի առումով: «Երեւանյան հեռանկարները» եվրոպական փառատոների լավագույն տասնյակում է: Ու նման փառատոնը ցանկացած երկրի տնտեսական, զբոսաշրջային եւ այլ առումներով առաջընթացի գրավականն է»,- ասում է փառատոնի գլխավոր մենեջերը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ balticguide.ee

«Առավոտ»

09.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել