Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայ արվեստագետը մեկտեղել է ժամանակակիցն ու մոդեռնը

Սեպտեմբեր 10,2016 13:30

Վերջին տարիներին հանդիպել ենք ներկայացումների՝ բեմադրված ժամանակակից եւ մոդեռն ոճերում: Հանդիսատեսի մոտ տարաձայնություններ են առաջացնում՝ արդյոք դրանք նույն ոճե՞րը չեն: Սեպտեմբերի 23-ին «Երեւան» համերգասրահում կկայանա «Ար աստծո գաղտնիքը» բեմադրության պրեմիերան, որը ոչ լիարժեք պարային ներկայացում է, այդուհանդերձ, հագեցած է թե ժամանակակից, թե մոդեռն ոճերի պարային համարներով: Խորեոգրաֆը մեր հայրենակիցն է, իրանահայ Համբիկ Այվազյանը: «Առավոտի» հետ զրույցում մասնագետը հակիրճ ներկայացրեց ժամանակակից ու մոդեռն պարերի առանձնահատկությունները. «Ժամանակակից պարը զարգացում է ապրել 20-րդ դարի կեսերին, վաղուց արդեն դարձել է գերիշխող ժանր պրոֆեսիոնալ պարողների համար: Այն հիմնված է դասական բալետի եւ մոդեռն պարերի վրա: Իսկ մոդեռն պարերն առաջացել են փոքր-ինչ վաղ՝ հարավամերիկյան ժողովուրդների մոտ: Տեխնիկական առումով ժամանակակից պարերի դեպքում կարեւոր է բալետից ուժեղ ու հստակ ոտքի աշխատանքը, մոդեռն պարերի դեպքում՝ մեջքի ձգվածությունը եւ այլն»:
Ինչ վերաբերում է «Ար աստծո գաղտնիքը» բեմադրությանը, մեր զրուցակիցը նշեց, որ հանդիսատեսը կհանդիպի ժամանակակից եւ մոդեռն ոճերին, մեծամասամբ՝ սթիրթ դանսի, որը ներառում է հիփ-հոփ, բրեյք դանս եւ այլն:

hambik_ayvazyan-4 hambik_ayvazyan-5

Համբիկ Այվազյանը նշեց, որ սցենարական նյութը (հեղինակ եւ ռեժիսոր՝ Լուսինե Բուղայան) հնագույն թեման է՝ վաղնջական ժամանակների Ար աստծո աշխարհում հայտնվելու մասին: Նշեց նաեւ, որ թեման հավանաբար պատմաբաններին, բանագետներին, գուցե հոգեւորականներին վիճահարույց թվա, հետո էլ հավելեց, թե հենց դրանով ավելի դիտարժան ու հետաքրքիր կլինի: Խորեոգրաֆից հետաքրքրվեցինք, թե ծնունդով Սպահանից է, ինչը առաջին հերթին ասոցացվում է ավանդապահության հետ, ինչպե՞ս պատահեց, որ ընտրեց նման մասնագիտություն: «Ազդվեցի՝ կարծեմ 2006թ. դիտելով հոլիվուդյան ռեժիսոր Ջոնաթան Մուրեյ Չոյի՝ մոդեռն պարերով համեմված «Step Up» ֆիլմը, որը շարունակություն ունեցավ նաեւ 2008-ին, 2010-ին, 2012-ին եւ 2014-ին: Ողջունելի է, որ Արեւմուտքի կինոռեժիսորները անդրադառնում են տարբեր պարաոճերի՝ գեղարվեստական ֆիլմերի տեսքով: Օրինակ, կուզեի առանձնացնել եւս մեկ ֆիլմ, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Փողոցային պարերը», բրիտանացի արվեստագետներ Մաքս Ջիվի եւ Դանիա Պակսվինիի ռեժիսուրայով»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ իսկ Թեհրանում այդ պարաոճերի մասնագետներ կա՞ն, Համբիկ Այվազյանը պատասխանեց. «Ուսումս հենց Սպահանում եմ սկսել շուրջ 10 տարի առաջ, պարուսույց Փարվիզի մոտ, որը դասեր էր առել Եվրոպայում: 4-5 տարի է, ինչ Սպահան են հրավիրվում տարբեր պարաոճերի մասնագետների՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով»:

hambik_ayvazyan-2 hambik_ayvazyan-1

Խորեոգրաֆը հավելեց, որ շուրջ 5 տարի է՝ հայաստանում է, ուսանել է Եվրոպական համալսարանում, ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի որակավորում, բայց շարունակելու է պարարվեստով: Հայրենիք ոտք դնելու առաջին օրվանից համագործակցել է, իր խոսքերով՝ այսօր արդեն չգործող ժամանակակից «Curlies crew» (ղեկավարներ՝ Անի Բագրատունի եւ Լիլիթ Խաչիկյան) պարային խմբի հետ:
Հավելենք, որ Համբիկ Այվազյանը այսուհետ հանդես է գալու «Ար» թատերախմբի հետ, որի անվանումը ծագել է «Ար աստծո գաղտնիքը» բեմադրությքունից:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

09.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930