Լրահոս
Օրվա լրահոսը

Տոպան (պատմվածք)

Սեպտեմբեր 09,2016 17:34

Հորս մահից հետո, իմ սիրելի սպիտակ շունը ոռնում էր ու հարևաններին քնել չէր տալիս: Կլինեի այն ժամանակ մի տասներկու տարեկան: Այնպես ստացվեց, որ մոտ մի տասը կիլոմետրի վրա գտնվող մեր հողամասից տուն տանող ճանապարհը Տոպանը սովորել էր: Հորս հիվանդանալուց հետո տեսնելով տիրություն անող չկա, եկել էր: Օրերից մի օր, երբ հայրս հիվանդ պառկած էր, մեկը թաթերով քերում էր դուռը: Բացեցինք դուռը, տեսանք մեր Տոպանին, որի ընդգծված կողերը հատիկ-հատիկ կարելի էր հաշվել: Տեղավորեցինք մեր տան անավարտ կցակառույցում:

Սովորել էր Տոպանը իր նոր կացարանին, թեև նեղվածք էր, կեղտոտ էր… Տոպանի ծանր կյանքն էր սա: Հայրս հիվանդ էր, Տոպանին տիրություն անելու ժամանակ չկար:

Հորս ծնունդն էր, երբ մեր բակի սպիտակավուն լակոտին, որին թաղի տղերքի հետ թռցրել էինք հարևանությամբ գտնվող շենքի փողոցային քածի տակից, տարել էի տուն: Երեխեքը մեր բակի դժգոհեցին այնքան, մինչև նոր շուն չգտան: Տոպանը տեղավորվելով պատշգամբում՝ մուրաբաների դարակում, ամբողջ գիշերը նվնվում ու լացում էր, փորձերով քերել դարակը իր փոքրիկ թաթիկներով:

Հայրս չեր սիրում տնային կենդանիներին: Հաջորդը օրը նրա ծնունդն էր, որպես նվեր գրկեցի ու բերի Տոպանին: Նայեց-նայեց ու որոշեց տանել մեր հողամաս: Հաղթանակը իմն էր, Տոպանը որդեգրված էր:

Այգու հարևանը՝ Սերոբ ամին, մի օր հորս ասաց, որ իր քած հովվաշան լավ թուլաներից մեկին կնվիրի, իսկ այս «բալոնկային» ճիշտ կլինի գետը նետել : Բայց մի օր այգի մտնելիս երեք ամսական Տոպանը այնպես վրա պրծավ, որ Սերոբ դային միանգամից մտափոխվեց. «Այնպես է վրա տվել,- մատով ուղեց դեպի Տոպանը,- որ նույնիսկ հարյուր տարվա շուն պահողիս սիրտն է կախ ընկել»:

Տոպանը չեր կպնում հավի ճտերին, անգամ եթե մի ամբողջ օր հաց կերած չեր լինում: Երբ հավի բույնի մուտքի մոտ էր, ճտերը իջնելիս նրան որպես աստիճան էին օգտագործում՝ ցատկում նրա մեջքին ու գնում գործերով:

Մի անգամ ես ու Տոպանը առվակում լողում էինք, երբ մեզ մոտեցան զինվորներ մի շիշ գինով: Գլխներին տվել էր գինին, նրանք Տոպանին չեին թողնում մոտենալ ափին, բռնում ու նետում էին նորից առուն: Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում իմ անողնաշարության համար, որ թույլ տվեցի այդ զինվորներին Տոպանի հետ այդպես վարվել: Այդ օրը ես առաջին անգամ դավաճանել էի իմ ընկերոջը:

Տոպանն արդեն մեկ տարեկան, հասունացած ջլերով շուն էր: Ինչքան էլ ուժեղ վազեիր, քեզ էր հասնում ու գլորում գետնին: Գլխավորը՝ նրա պես ուժեղ պահակ չկար: Վայ թե մեկը մտներ իր տարածքը, պրծում չկար: Մի օր ես ու ընկերս էինք հողամաս գնացել, կողպեքը ինքը պիտի բացեր, ով մոռացել էր, որ Տոպանը մեծացել ու նախկին հաֆհաֆող շնիկը չէ: Նա դուռը բացեց ու արխային ներս մտավ: Մինչը ընկերոջս օգնության կանչը լսեցի, Տոպանը մռութը կոխել էր նրա փորի մեջ: Վազելով եկա ու Տոպանին մի կողմ գցեցի: Ոտքի վրա երեք տեղում Տոպանի ատամնաշարի մխրճոցն էր, բարեբախտաբար փորը միայն քերել էր՝ չէր հասցրել: Ընկերոջս հայրը ռազմական վիրաբույժ էր, տեսնելով այդ սաստիկ խորությամբ վերքերը, միայն ասաց, որ բան չկա՝ յոդ քսիր, ու վերջ:

Հարևանները գանգատվում էին, համ էլ դժվար է բնակարանի կիսակառույցում մեծ շուն պահելը: Հորս մահից հետո հողատարածքը անտերության էր մատնված:

Քնեցնել չէինք ուզում, ուրիշների մոտ փորձել ենք պահել, հետ էր դառնում տուն նույնիսկ գյուղերից: Մնում էր հեռացնել մեզնից, ավելի հեռու մի տեղ տանել ու բաց թողնել չոլերում: Ամենամարդկային տարբերակը:

Սարսափելի տեսարան էր, ավտոյի ետևից մինչև շնչասպառություն վազում էր: Կանգնեցնում էինք ու նորից տեղավորում մեքենան:

Մի քանի փորձից հետո, մեր ծանոթին խնդրեցինք կատարել նույնը… Տանել սահմանամերձ գյուղերից մեկը…

Տոպանին սպասում էի, հույս պահում, որ այս անգամ էլ կգա: 15 տարի է անցել, երբ մեկ-մեկ նման սպիտակ շուն եմ տեսնում, թվում է, թե Տոպանն է, ու ինձնից անկախ ցանկություն է առաջանում ծնկի իջնել ու ներողություն խնդրել…

Տոպանին սպասում էի, հույս պահում, որ այս անգամ էլ կգա: 15 տարի է անցել, երբ փողոցում պատահաբար նման շուն եմ տեսնում… ուզում եմ ծնկի գալ, գրկել ու ասել մեկ հատիկ բառ՝ ներողություն…

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել