Երկու տարի առաջ սեպտեմբերի 16-ին, ժամը 04-06-ի սահմաններում, առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի դիմեց անբուժելի հիվանդությամբ տառապող կալանավոր Սուրեն Գաբրիելյանը: Վերջինս կալանքի տակ էր գտնվում 2014 մարտի 20-ից եւ պահվում էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մինչ «Նորք» տեղափոխվելը: Ներկայումս Ս. Գաբրիելյանը գտնվում է հետախուզման մեջ՝ Հայաստանից դուրս է:
«Առավոտը» լուսաբանել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական գործընթացները: Համաձայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի, դատարանը հաստատված համարեց այն, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ Սամվել Օհանյանը, Ռազմիկ Ղաբուլյանը, Մեսրոպ Մարտիրոսյանը, «անթույլատրելի կապի մեջ մտնելով Ս. Գաբրիելյանի հետ, նրա իսկ առաջարկով օգտվել են հանձնուքներով կալանավորին փոխանցված սննդամթերքից, միասին ընթրել են»: Ապա քնով էին անցել, լյարդաբանական բաժանմունքի հիվանդասենյակում կալանավորի անկողինը հետագայում հայտնաբերել էին դատարկ, սառնարանի վրա էլ գտել էին նրա բջջային հեռախոսները: Դատարանը նրանց համար պատիժ նշանակեց տուգանք՝ համապատասխանաբար՝ 400 000, 300 000 եւ 350 000 ՀՀ դրամի չափով:
Ըստ պահակախմբի ղեկավարի, կալանավորին առավոտյան այցելել էր նրա հորեղբոր որդին՝ բերելով բաժակների մեջ պատրաստված սուրճ, ապա նրա պաշտպանը:
Պաշտպանի հեռանալուց հետո Ս. Գաբրիելյանին այցելել էր նրա կինը՝ բերելով սննդամթերք: Կնոջից հետո այցելել էր սրտաբանականի բժիշկը: Իսկ երեկոյան ժամը 9-10 ժամանակահատվածում կալանավորի մոտ էր մտել երեսունհինգ տարեկան մի տղամարդ, բերել էր հատուկ կապրոնե տարաների մեջ լցրած թան, ուտելիք: Դատավճռին կարծես թե համաձայն էին քրեակատարողականի աշխատակիցները, այն անգամ չբողոքարկվեց, մինչդեռ դատարանում բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխանը չկա մինչ օրս:
Այս հարցադրումներին պատասխանելը կարեւոր է հետագայում նման աշխատակիցների միջոցով անթույլատրելի անփութության, պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերը կանխելու համար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այդ օրը ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի պահակակետում ծառայության են նշանակվել ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ Ռ.Ղաբուլյանն ու Մ. Մարտիրոսյանը:
Դատարանում պարզվեց, որ նրանց հրահանգավորել էր պատասխանատու Ա. Մոսինյանը: Մինչդեռ, ՀՀ քրեակատարողական ծառայության մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, հատուկ նշանակության ստորաբաժանումը գործում է միայն քրեակատարողական հիմնարկի վարչության պետի անմիջական ղեկավարությամբ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի պետ Զորիկ Արզումանյանը դատարանում սննդի հետ կապված հարցի կապակցությամբ հայտնեց, թե. «Եղել են դեպքեր, երբ Ս. Գաբրիելյանի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվելու ընթացքում այցելել է հիվանդանոց, սակայն արտառոց դեպք չի նկատել»:
Մինչդեռ, ՀՀ ԱՆ 21.11.2011թ. քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին 195-Ն հրամանի պահանջներից մեկն էր՝ քաղաքացիական առողջապահական հաստատությունում՝ պահակակետում նշանակվում է երկու կրտսեր ծառայող՝ մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվարկով՝ յուրաքանչյուր հերթափոխից: Այս ՔԿ աշխատակիցները տեղյակ չէին նախարարի հրամանից, պահպանության ապահովման առանձնահատկությունից:
Աշխատանքային օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն էլ, աշխատանքային օրվա հերթափոխից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց չորս ժամ հետո, հանգստանալու, սնվելու համար տրվում է կես ժամից ոչ պակաս տեւողությամբ ընդմիջում: Մինչդեռ, այս աշխատակիցների ոչ հանգստանալու, ոչ ընդմիջման մասին խոսք չգնաց, նրանք ամենն իրականացրել էին կալանավորի հաշվին:
Թե դատարանում, թե ԱԱ ծառայությունում, երբ հարուցվել էր քրեական գործը, չպատասխանվեց այն հարցին, թե ում մեղքով սննդի եւ հանգստի հարցը չի կատարվել պատշաճ: Նաեւ խոսվեց մի բացթողման մասին, որը մեղմ է բացթողում որակելը. աշխատողները չեն ենթարկվել դատաբժշկական քննության, չի պարզվել, թե նրանք իրենց վստահված պահակակետում քնե՞լ են, թունավորվե՞լ են, ինչո՞ւ է կտրուկ վատացել նրանց առողջական վիճակը:
Հիշեցնեմ, որ դատարանում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Վարդան Խալաֆյանը միջնորդություն էր արել, խնդրել դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Նա հայտնել էր, որ փախուստի օրը կալանավորի համար բերված սուրճը եւ սննդամթերքն ուտելիս գլխապտույտ, փորացավ են ունեցել եւ ապա քնով են անցել կալանավորի պահպանությունն իրականացրած իր պաշտպանյալները:
Փախուստի գիշերը Ռազմիկն ավագ Ս. Օհանյանից թույլտվություն է խնդրել՝ հանգստանալու համար գնալու հիվանդանոցի կողքի սենյակներից մեկը, Ս. Օհանյանը բանալիով փակել էր կալանավորի սենյակի դուռը, հեռացել են:
Հիվանդանոցում առկա է եղել 7 տեսախցիկ:
Հետաքրքիր էր, երբ մահվան ելք ունենար այս գործը, տեսախցիկները կաշխատեի՞ն:
Ո՞վ պատասխան տվեց այս տեխնիկական «սխալի» համար:
Ի դեպ, արդարադատության նախարարի նշյալ հրամանը «բացառում է հիվանդի հաղորդակցումը բուժման հետ անմիջական կապ չունեցող անձնակազմի եւ այն անձանց հետ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:
Հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայող Սամվել Օհանյանն այդ օրը առանց վարչության պետի հրամանի զենքով ուղարկվել է պահակակետ, որի իրավական հիմքը բացակայում էր: Ըստ էության՝ նա մեղավոր չէր:
Փախուստից մեկ տարի հետո, նույն օրը արդարադատության նախարարի հրամանով պահպանության ոլորտում իր աշխատանքները պատշաճ կատարելու համար «Գերազանց ծառայության համար» կրծքանշանի արժանացավ արդարադատության գնդապետ Մանվել Հարությունյանը:
Իսկ «Անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգեւատրվածների մեջ էր նույն այդ օրը պարգեւատրված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Հարություն Ալեքսանյանը:
Քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն է իրականացվել. ըստ ծառայողական քննության եզրակացության՝ հաստատվել է, որ աշխատակիցները թույլ են տվել սահմանված կարգի խախտումներ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
08.09.2016
Հնարավոր է, որ Արթուրիկնա կազմակերպել կալանավորի փախուստը իր ծառայողներին զոհաբերելով: ))))
Հերթական անգրագետ գեներալի և իր թիմակիցների անփույթ գործունեության հետևանքնա:
Իրավապահ մարմինները անպայման կխրախուսեն Օսիկյանին դրա համար: ))