Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրա՞ստ եք ընդունել այլակրոն մեր հայրենակիցներին»

Սեպտեմբեր 08,2016 21:01

Սեպտեմբերի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արեւմտյան Հայաստանի ազգային ժողովի» հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների ու  Հավատքի հարցերով մշտական հանձնաժողովների խորհրդաժողովը, որի թեման էր՝  «Այլակրոն հայերը աշխարհի տարածքում», իսկ հիմնական հարցադրումը՝  «Պատրա՞ստ եք ընդունել մեր բնօրրանում եւ այլ վայրերում ապրող այլակրոն մեր հայրենակիցներին՝  ինչպես որ կան»:

Միջոցառման սկզբում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ապա  1890-ական թթ. Արևմտյան Հայաստանում ծնված «Զարթիր լաո» հայրենասիրական երգի երաժշտությունը:

2

Խորհրդաժողովը բացվեց Արմենակ Հարմանտայեանի խոսքով: Նրա ձեւակերպմամբ, մեր հայրենիքը միշտ էլ բաժան-բաժան է եղել տարբեր կայսրությունների միջեւ, ու այժմ էլ մեծ ու փոքր կայսրությունների վերածված պետությունների նպատակները չեն փոխվել:   Խոսելով մահմեդական հայերի մասին՝ Հարմանտայեանը փաստեց, որ նրանց հիշում են միայն խորհրդաժողովների ժամանակ, մինչդեռ նրա խոսքով, մեր երկիրը գրված օսմանցիների հետնորդները փորձում են «յուրացնել» մահմեդական հայերին, իսկ նրանց պատմաբանները փորձում են հիմնավորել, որ նրանք իբր թուրքական ցեղերի են պատկանում: Բանախոսը անդրադարձավ նաեւ վրացիների կողմից պետական ծրագրով հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը յուրացնելուն, Նոր Ջուղայի խաչքարերի սպանդին ու այլ ցցուն փաստերի:

Արմենակ Հարմանտայեանը կոչ արեց համախմբել, ասելով. «Հայը հայ է իր գենով եւ ծագումով»:

Պատմաբան Վլադիմիր Պետրոսյանը խոսեց հետեւյալ հարցադրման մասին՝ ո՞րն էր ճիշտ, հավատափոխ լինել, բայց մնալ բնօրրանում, թե՞ պահպանել հավատը՝  հեռանալով ծննդավայրից: Նրա համոզմամբ, ճիշտը առաջին տարբերակն էր, ու արդեն 21-րդ դարում այլադավան հայերի հանդեպ պետք է վերաբերմունքը փոխել:  «Չէ՞ որ Տիգրան մեծը հեթանոս էր, քրիստոնյա չէր, բայց նրան պաշտում ենք»: Նրա խոսքով, աշխարհի մեծ մասում ապրում են հայազգիներ, որոնք չեն մոռացել իրենց արմատների մասին, հետեւաբար կրոնը չպետք է խոչընդոտ լինի միասնական լինելու ճանապարհին:  Պատմաբանը հիշեց, թե ինչպես էր պաշտոնական մի պատվիրակության կազմում 1988-ին մեկնել Մադագասկար, հանդիպել մի մարդու, որը բնավ նման չէր հայի, բայց նա պատմում էր, որ նախնիները հայեր են եղել ու 1830-ականներին Ֆրանսիայից Մադագասկար են տեղափոխվել:

Բոլոր բանախոսները շեշտադրում էին համազգային համախմբումը եւ պատմական ու ներկայիս հայրենիքի կորցրած տարածքները վերադարձնելու վճռականությունը: Միջոցառմանը, ի թիվս այլոց, մասնակցում էին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզեանը, Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Էռնեստ Գրիգորյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930