Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը ցուցադրական ելույթով կմասնակցի «Բուդո» արեւելյան մարտարվեստների փառատոնին

Սեպտեմբեր 08,2016 19:11

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը համատեղ Հայաստանում առաջին անգամ կազմակերպում են ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն:

Այսօր նախարարությունում հրավիրված լրատվամիջոցների հետ հանդիպմանը դեսպան Էյջի Տագուչին, Շագող Արեւի երկրում Շինջուկու կենդո ֆեդերացիայի ղեկավար, սենսեյ Միցունորի Մացումուրան, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը եւ «Կենդո» ակումբի նախագահ Արթուր Պողոոսյանը ներկայացրին փառատոնի կազմակերպման նպատակները:

Դեսպանն ասաց, որ աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ զբաղվում է բուդոյով եւ այս համատեղ նախաձեռնության հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի հայ ժողովուրդը, որը գիտի ձյուդոն, կենդոն եւ մյուս մարտարվեստները, ճապոնացիներին ճանաչի բուդոյի միջոցով (Բուդո նշանակում է ճանապարհ: Ա. Հ.): «Ես նույնպես կենդոյի մարզիկ եմ, ունեմ հինգերորդ դան եւ անձամբ մասնակցելու եմ կիրակնօրյա ցուցադրական միջոցառմանը», – ասաց դեսպան Էյջի Տագուչին:

Aravot.am-ի հարցին, թե, անշուշտ, ծանոթ է Հայաստանում արեւելյան մարտարվեստների դրվածքին եւ ի՞նչ կարծիք ունի, դեսպանը պատասխանեց. «Ես թե Երեւանում, թե մարզերում, մասնավորապես, Վանաձորում եղել եմ վեց ֆեդերացիաների մասնաճյուղերում եւ կարող եմ ասել, որ տպավորություններս բավականին մեծ են, քանի որ մարզվում են ոչ միայն մեծ թվով չափահաս մարդիկ, այլեւ երեխաներ, կանայք ու աղջիկներ»:

Փառատոն անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսին կայացած Սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի եւ Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հանդիպման ժամանակ:

Փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաներ եւ ակումբներ, Ճապոնիայից հրավիրված կենդոյի հինգ բարձրակարգ վարպետներ, որոնք նաեւ երկօրյա սեմինարներ կանցկացնեն Երեւանում եւ Վանաձորում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930