Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Ես երբեւէ ինձ թույլ չեմ տա ասել այն, ինչը չի ասում Գագիկ Ծառուկյանը»

Սեպտեմբեր 08,2016 17:48

«Բավական սերտ հարաբերություններ ունեմ ԲՀԿ-ի հետ եւ բազմաթիվ անգամներ նման կարծիքներ լսել եմ: Բայց իմ կարծիքը կասեմ`Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից դուրս գալուց հետո քաղաքական դաշտը բավականին տխուր իրավիճակում հայտնվեց: Նա կարողանում էր լայն մասսաներ հավաքել, մարդկանց գրավել`իր մարդկային տեսակով ու կերպարով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը`պատասխանելով հարցին՝ վերջին շրջանում բավական ակտիվ են դարձել խոսակցությունները`Գագիկ Ծառուկյանի`մեծ քաղաքականություն վերադարձի մասին, ԲՀԿ տարածքային կառույցներն անգամ արդեն հորդորներով են հանդես գալիս, որ պարոն Ծառուկյանը վերադառնա. փետրվարյան իրադարձություններից հետո տեսնո՞ւմ եք նրա վերադարձի հնարավորությունը, ինչպես կարձագանքի հանրությունը, ինչպե՞ս դա կանդրադառնա պարոն Ծառուկյանի վարկանիշի վրա:

Տիկին Սարգսյանի կարծիքով, քաղաքական դաշտում կա մեծ ընտրազանգված, որը այսօր էլ պատրաստ է ձայն տալ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարվող կուսակցությանը: Մարզերում, տարբեր հանդիպումների ժամանակ, ինքը հակասական կարծիքներ է լսել: Որոշ մարդիկ հարցեր են հնչեցնում`ինչո՞ւ այդպես արեց, ի՞նչ կերպ կարող է վերադառնալ: Լսել է նաեւ այսպիսի մոտեցում`Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչներից էր, որը երկրում կարող էր իրավիճակ փոխել եւ այսօր էլ նրա հետ հույսեր են կապում:

«Ես կարծում եմ, որ շատ մարդիկ տեղյակ չեն պարոն Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալու իրական պատճառներից: Ժողովուրդը տեսել եւ լսել է այն, ինչը նրան մատուցվել է: Բայց այդտեղ շատ ավելի խորքային խնդիրներ կային: Այդ պահին նա ստիպված էր այդպիսի որոշում կայացնել»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ ինքը մասամբ տեղյակ է այդ խնդիրներից. «Բայց կարծում եմ, որ դրանք բարձրաձայնելու իրավունքն ունի միայն Գագիկ Ծառուկյանը: Ես երբեւէ ինձ թույլ չեմ տա ասել այն, ինչը չի ասում Գագիկ Ծառուկյանը: Այդ օրերին շատ իրադարձություններ եղան եւ ստեղծվեց մի իրավիճակ, երբ Գագիկ Ծառուկյանն այլընտրանք չուներ: Մեղավորներ չփնտրենք, քանի որ մեղավոր են բոլոր նրանք, ովքեր իր հետ համագործակցում էին եւ ինչ-որ պահի կարծես թե Գագիկ Ծառուկյանը մնաց մենակ»:

Լյուդմիլա Սարգսյանն այժմ ոչ միայն հավանական է համարում Գագիկ Ծառուկյանի վերադարձը, այլ` «ես շատ կցանկանայի, որ վերադառնար»: Այդպիսով, ըստ նրա՝ եւ առաջիկա խորհրդարանական ընտրապայքարը հետաքրքիր կդառնար`մրցակցության իմաստով, եւ չեն փոշիանա այն մեծ ընտրազանգվածի ձայները, որոնք պատրաստ են ձայն տալու Գագիկ Ծառուկյանին: Եթե նա չվերադառնա, մեր զրուցակցի կարծիքով, այդ ձայներին ՀՀԿ-ն կտիրանա, ինչը ցանկալի տարբերակ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930