ԲՀԿ-ում չի քննարկվել նոր կառավարության ձևավորման ժամանակ նախարարական պորտֆելներ ստանձնելու հարցը, եթե անգամ նման առաջարկ լինի:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նման քննարկումներ իրենք չեն ունեցել: Սակայն տիկին Զոհրաբյանն անհրաժեշտ է համարում, որ հանրությանը, քաղաքական ուժերին և խորհրդարանին տրվի այն հարցի պատասխանը, թե ինչու հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը:
Վերադառնալով ԲՀԿ-ի` ապագայում նոր կառավարության կազմում հանդես գալու-չգալու հեռանկարին, Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Անկեղծ ասած` տրամաբանություն չեմ տեսնում մի քանի ամսվա համար նման ծրագրեր կազմել: Այս օրերին խոսում են ազգային համաձայնության կառավարության մասին. նման քննարկումներն ինձ համար ընկալելի ու հասկանալի չեն, մանավանդ, երբ խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի ամիս ժամանակ»:
Տիկին Զոհրաբյանի համար անընդունելի է այն քծնանքի շքահանդեսը, որ ծավալվում է Կարեն Կարապետյանի` վարչապետի թափուր պաշտոնին հավակնող թեկնածուի շուրջ. «Ինձ զարհուրեցրեց և ուղղակի նողկալի էր ստորաքարշության, լաքեյության, քծնանքի այն շքահանդեսը, որ Հանրապետական և ընդհանրապես տարբեր պատգամավորներ ու այլ գործիչներ ծավալեցին մամուլում առ վարչապետի նոր թեկնածու: Ինձ մոտ դեժավյուի տպավորություն եղավ: Ես հիշեցի, որ նույն մարդիկ նույն կերպ, նույն բառամթերքով, նույն ջանասիրությամբ քծնում էին Տիգրան Սարգսյանին, նույն մարդիկ նույն ածականներով քծնում էին Հովիկ Աբրահամյանին: Այդ քծնանքը կարելի էր ներառել Գինեսի գրքում: Հիմա նույն մարդիկ նույն ոգևորությամբ սկսեցին քծնել ապագա վարչապետին»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը սա պետական համակարգի ողբերգություն է համարում ու մտահոգություն հայտնում, որ քանի դեռ այդ համակարգում շարժիչ ու մղիչ ուժը քծնանքն ու ստորաքարշությունն են, լաքեյ լինելը, մեր երկիրը շատ լուրջ խնդիրներ կունենա զարգացման առումով:
Հեգնելով՝ տիկին Զոհրաբյանը «քաղաքական դաշտի քծնողների կաստային խորհուրդ է տալիս իրենց քծնանքի բառաֆոնդում թարմություն մտցնելու համար մանրամասն ուսումնասիրել Սուքիասյանի հոմանիշների բառարանը. «Գնացեք կրկնուսույցների մոտ քծնանք, ստորաքարշություն արտահայտող ածականների նոր համախումբ ամբարելու համար, որ այդքան դեմոդե չլինեք»:
Տիկին Զոհրաբյանը չգիտի`ով է լինելու ապագա վարչապետը, բայց նրան մի հորդոր ունի. «Դուռը փակեք բոլոր նրանց առջև, ովքեր այս օրերին ինքնամոռաց, քրտինք մտած քծնում են Ձեզ: Նրանք հատուկ տեսակ են, առաջին դավաճաններն են նրանք, վաղը նույն ջանասիրությամբ քծնելու են Ձեր հաջորդին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ