Աշնանը զարթոնք է ապրում ինչպես կրթական, այնպես էլ մշակութային կյանքը: Սոսե մայրիկի անունը կրող միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 23-ին: Այդ առթիվ մամլո ասուլիսով հանդես եկան կինոփառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը, ժյուրիի անդամներ՝ կինոգետ Անետա Երզնկյանը և դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը:
«Սոսե» ամենամյա միջազգային կինոփառատոնն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Դրա շրջանակներում կցուցադրվեն խաղարկային և վավերագրական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր:
Ռիտա Խալաթյանը ներկայացրեց «Սոսեի» հիմնական ուղղվածությունը: Փառատոնի հիմնական ծրագրի թեման է հասարակությունում և ընտանիքում կնոջ դերը, նրա համար կարևոր արժեքները, իրավունքներն ու խնդիրները:
«Հիմնականից բացի սահմանված են նաև «Հատուկ» և «Ուսանողական» ծրագրերը: Այս տարի «Հատուկ» ծրագիրը ներառում է երկու թեմա: Մեկը կրում է «H2O» խորագիրը, որը կընդգրկի էկոլոգիական խնդիրներին վերաբերող աշխատանքները, և «Անկախություն» թեման, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանի անկախության 25 ամյակին, այլև ներառում է մարդու անձնական անկախությունից մինչև ազգերի ինքնորոշման իրավունքը»,- հայտնեց փառատոնի նախագահը: Իսկ «Ուսանողական» ծրագրում թեմայի սահմանափակում չկա:
Կարդացեք նաև
Փառատոնին մասնակցելու համար 61 երկրից 336 հայտ է ներկայացվել, որոնցից նախնական ընտրությունն անցել են 104-ը՝ 38 երկրից: Հայաստանից ներկայացված ֆիլմերից փառատոնին մասնակցելու իրավունք է ստացել 12-ը: Ֆիլմերը գնահատում է միջազգային ժյուրին:
Կինոփառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա «Իմպերիալ» հյուրանոցում սեպտեմբերի 23-ին, որին կհաջորդեն ցուցադրությունները: Հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը դիտելու «Կինոպարկում», Փարաջանովի տուն-թանգարանում, Նարեկացի արվեստի միությունում: Ծրագրվում է ցուցադրություն անցկացնել նաև Գյումրիում: Ֆիլմացանկը շուտով կտեղադրվի փառատոնի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
Դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, կիսվեց ֆիլմերից ստացած իր առաջին տպավորություններով՝ նշելով, որ ամենաշատ արծարծված թեման կնոջ միայնության ձգտումն ու հասարակությունից մեկուսանալու կարիքն է. «Սա նկատելի է թե՛ երիտասարդների աշխատանքներում, ովքեր, թվում է, պիտի ավելի լավատեսական հայացքներ ունենային, թե՛ ավագ սերնդի ներկայացուցիչների ֆիլմերում: Երկար մտածելուց հետո եկա այն եզրահանգմանը, որ կնոջ այսքան ընկճվածությունը խոսում է նաև այսօրվա տղամարդու պատկերի մասին: Ինձ թվում էր՝ այս խնդիրը միայն Հայաստանում է տարածված, բայց, ինչպես պարզվեց, այն աշխարհի ցանկացած կետում իրեն զգացնել է տալիս»:
Զրույցի ավարտին բանախոսներն ընդգծեցին, որ այս տարի հանդիսատեսի հետաքրքրվածությունն ավելի մեծ է: «Բազմաթիվ զանգեր ու նամակներ ենք ստանում տարատեսակ հարցերով և արձագանքներով, ինչը թեև փոքր, բայց, ամեն դեպքում, ձեռքբերում է մեզ համար»,- նշեց Խալաթյանը:
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ