Մաս-ռեսթլինգի Հայաստանի հավաքականը Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացված մաս-ռեսթլինգի աշխարհի առաջնությունում նվաճել են երեք մեդալ: Հովհաննես Հովհաննիսյանը՝ 70 կգ քաշային կարգ եւ Կարեն Մարտիրոսյանը՝ 80 կգ բարձրացել են պատվո պատվանդանի արծաթե աստիճան, իսկ 60 կգ քաշային կարգում Նարեկ Թադեւոսյանը արժանացել է բրոնզի:
Մեր պատվիրակությունն արդեն վերադարձել է Երեւան: Հայաստանի Մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավար Արտավազդ Նալբանդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեր բոլոր հինգ տղաները լավ են հանդես եկել: «Երկու հոգու՝ 90 կգ Սերոբ Ժամկոչյանին եւ 125 կգ Դավիթ Եղիազարյանին, չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել, բայց նրանք պայքարից դուրս մնացին միայն կիսաեզրափակչում: Չոլպոն-Աթայում մեր տղաների առջեւ ելան նաեւ ադրբեջանցիներ ու բոլորն էլ հանդիսականի վերածվեցին հայաստանցիների ձեռքով: Առանձնապես տպավորիչ էր Նարեկ Թադեւոսյանի հաղթանակը, որը ոչ մի շանս չտվեց աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիր ադրբեջանցուն», – ասաց Արտավազդ Նալբանդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արտավազդ Նալբանդյանի ՖԲ էջի