Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. ՀՀ ոստիկանությունը, ի դեմս Վլադիմիր Գասպարյանի, նամակներին չպատասխանելը «բնավորությո՞ւն» է դարձրել

Սեպտեմբեր 08,2016 14:50

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տևական ժամանակ է, ինչ նամակներ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն այդպես էլ պատասխաններ չի ստացել: Առաջին հայացքից սա անհավանական է. տրամաբանությունը հուշում է՝ օրենքի պահապանն առաջինը ինքը պետք է հարգի օրենքը:

Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 23-ին ՀՀ ոստիկանապետին եմ դիմել հետևյալ հարցով. «Սույն թվականի հունիսի 19-ին https://hetq.am-ում հրապարակվել է «Խարդախությամբ հափշտակել են շախմատիստուհու՝ հանրապետության նախագահի նվիրած համակարգիչը. գործը չի բացահայտվում» հոդվածը, որին, վստահ եմ, ծանոթ եք և ձեռնարկել եք որոշակի գործողություններ»: Խնդրել եմ տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել գործը, հույս կա՞, որ խարդախները կգտնվեն ու ՀՀ նախագահի նվիրած համակարգիչը կվերադարձնեն տիրոջը:

Ս.թ. օգոստոսի 12-ին մեկ այլ նամակով «Բարև Երևանը» պահանջել է աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին, ով Սարի Թաղում անկարգություններ հրահրողներից ու կազմակերպիչներից էր:

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է.

«Առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման ժամկետները.

Քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին:

Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն, ըստ էության, լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ:

Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:

Քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ, ըստ էության, ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն և իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր»:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930