Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախաձեռնում է ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգ

Սեպտեմբեր 08,2016 13:56

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» և մի շարք հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Սույն նախագծով կներդրվի մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցումը և էլեկտրոնային նոտարի համակարգը, ինչը հնարավորություն կտա նոտարի կողմից գործողությունների` առավելապես նոտարի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված էլեկտրոնային փաստաթղթերի միջոցով կատարմանը և կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը:

Նախագծով ներդրվում է նաև լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է նաև պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը: Միաժամանակ, զգալիորեն կպարզեցվեն և կավտոմատացվեն ժառանգության հետ կապված գործընթացները: Համակարգը պետք է համակցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների բազայի հետ, որպեսզի անձի մահանալու և համապատասխան ժառանգության գործի բացման դեպքում հնարավոր լինի հստակ իմանալ կտակի առկայության մասին: Բացի այդ, նախատեսվում է կարգավորել նոտարի պատասխանատվության հետ կապված հարցերը:

Նոտարի նյութական պատասխանատվությունը սահմանափակված է միայն նրա կողմից դիտավորյալ հասցված վնասի փոխհատուցմամբ, իսկ նախագծով կնախատեսվի գույքային պատասխանատվություն նաև անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում:
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման և օգտագործման կարգը:
ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշումներ են ընդունվել

Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Հաստատված կարգով հիմք կդրվի ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը և պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը:
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը: Նման բազայի ստեղծմամբ և ներդրմամբ կբացառվեն` սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար մշակման աշխատանքների կրկնողությունները, ինչպես նաև հստակ կգնահատվեն ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների հնարավորությունները:

Այլ որոշումներ

Գործադիրը փոփոխություն է կատարել «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» սեպտեմբերի 2-ի որոշման մեջ. սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 24՝ 17-ի փոխարեն:
Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում. ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված եկամուտների գումարն ինն ամսում 5.0 մլրդ, իսկ տարում 15.0 մլրդ դրամով ավելացնելու հաշվին նշված չափով համապատասխանաբար ավելացվել է «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների ինն ամսվա և տարեկան գումարները: Կարևորելով ընդունված որոշումը գործադիրի ղեկավարը նշել է , որ այն կնպաստի բիզնեսի զարգացմանը:

Բյուջեի կատարման գործընթացի արդյունավետ կազմակերպմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ, լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության աշխատակազմի «Վարչական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրի գծով առկա 31 մլն դրամի տնտեսումն առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ կուղղվեն նաև 2016թ. պետբյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում ընթացիկ տարվա գործունեության ընթացքում առաջացած տնտեսումները, տարեկան կտրվածքով՝ 600 մլն դրամ:
Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Միջոցառումը կնպաստի ՀՀ տեղական արտադրության արտադրատեսակների ճանաչողության մակարդակի բարձրացմանը, այդ ոլորտում համագործակցության խթանմանը։

Վտանգավոր քիմիական նյութերի միջազգային առևտուրը կանոնակարգելու, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում:

Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարով՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 13-ը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ Մերի Ղևոնդյանը նշանակվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Վարչապետը շնորհավորել է նրանց և մաղթել բեղմնավոր աշխատանք:

Նիստի ավարտին Հայաստանում սրտի վիրահատական ծառայությունների հետ կապված հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: «ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկին համահունչ՝ 2015թ. հունվարից մեկնարկեց «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը: Պետպատվերի գինը վերանայվել է՝ 1.100.000 դրամի փոխարեն սահմանվել է 700.000 դրամ՝ ոչ դեղապատ ստենտի տեղադրման համար: Այսօր կարող ենք փաստել՝ հաջողվեց պետպատվերի գները նվազեցնել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արդյունքում յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ: Միաժամանակ տեղեկացվել է, որ նվազել է նաև հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվող «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղի ներկրման գինը՝10 հազարից դառնալով 4210 հազար դրամ: Արմեն Մուրադյանն, անդրադառնալով առհասարակ դեղերի շուկայական գներին, հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Այսպիսով՝ օգոստոս-սեպտեմբերին դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930