Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «ռակիրովկան» կամ ՀՀ խորհրդարանական ընտրությունները վերահսկելի են դառնում ՌԴ-ի համար

Սեպտեմբեր 08,2016 13:51

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բնութագրում է որպես հերթական «ռակիրովկա»:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ համակարգային փոփոխությունների մասին հնարավոր չէ խոսել, քանի որ անգամ եթե Կարեն Կարապետյանն էլ նշանակվի ՀՀ վարչապետի պաշտոնում, միևնույն է, աշխատելու է համակարգի թելադրած քաղաքականությամբ:

Նա մասնավորապես ասաց. «Վերջին զարգացումներից հետո ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է լինելու նոր ծխածածկույթ հասարակության համար, և դա պետք է լիներ նոր կառավարությունը: Ակնհայտ է, որ Հայաստանում մեծանում էին ինքնիշխանության տրամադրությունները, սոցիալական, տնտեսական դժգոհությունը հատկապես ԵՏՄ մտնելուց հետո, դրա համար սա քայլ էր նաև խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանի համար վերահսկելի դարձնելու համար: Այդ պատճառով Ռուսաստանից բերվեց Կարեն Կարապետյանը, որ իբր թե Հովիկ Աբրահամյանի ասած նոր գաղափարների կրող է»:

armen_martirosyan-2

Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ Կարեն Կարապետյանը հայ իրականության մեջ երկար աշխատանքի փորձ ունի. «Հայաստանում շատ երկար ժամանակ է աշխատել՝ և՛ «Հայռուսգազարդում» և՛ որպես Երևանի քաղաքապետ, ուստի նա ինչ-որ նոր անձնավորություն չէ, այլ համակարգի անձանցից մեկն է և ամբողջովին տիրապետում է ներհայաստանյան իրավիճակին ու ամբողջովին այդ համակարգի համար է աշխատելու»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Կարեն Կարապետյանի նշանակումն ընդամենը թմրամիջոցի դեր պետք է կատարի հասարակության համար իրենց ցանկացած քաղաքականությունը շարունակելու հարցում:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը պատճառաբանել էր  նոր մոտեցումների անհրաժեշտությամբ. «Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին»:

Սակայն, ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ սրան հասնելու համար քաղաքակիրթ աշխարհը գնում է ընտրությունների ճանապարհով. «Մինչդեռ  ակնհայտ է, որ Հայաստանում խնդիրը դրանում չէ, այլ հենց համակարգի պահպանության մեջ: Այդ տրամաբանությունից ելնելով՝ անհրաժեշտ է, որ այս պահին փոփոխություններ տեղի ունենան, դրա համար որևէ սպասելիք նոր կառավարությունից գոյություն չունի, որևէ իրական համաձայնության կառավարության մասին խոսել չի կարելի: Սա ընդամենը ձևախեղված մոտեցումն է նրա, ինչ ժողովուրդն այս տարիներին պահանջում է՝ ժողովրդի վստահության կառավարություն, որն ամբողջությամբ կապ կունենա ժողովրդի և պետական շահի հետ»:

Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ այսպես կոչված համաձայնության կառավարությունը լինելու է ներիշխանական խավի վերականգնում. ակնհայտ է, որ իշխանական նավը ճոճի մեջ է, ուստի հավասարակշռության վերականգնում է պետք: Պարոն Մարտիրոսյանը լավատես չէ բարեփոխումների առումով, քանի որ ըստ նրա, եթե նույնիսկ ինչ-որ կուսակցություններ էլ մտնեն այդ կառավարության մեջ, ապա ակնհայտ է, որ դա ձևական բնույթ է կրելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930