Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւի ընկել ես». ոստիկանները կոտրել են ցուցարարի ծնոտն ու ծաղրել նրան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2016 13:24

Այսօր իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակեցին իրենց «Այրված, ծեծված ու խաբված» զեկույցը՝ Խորենացու եւ Սարի թաղ՝ այս տարվա հուլիսի 17-30-ը տեղի ունեցած դեպքերի մասին:

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էր դեպքերի ժամանակ տուժողներից մեկը՝ Արսեն Թադեւոսյանը:

Նա Aravot.am –ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ոստիկանները ցուցարարների նկատմամբ բռնությունների ժամանակ կոտրել իր ծնոտն ու ինչպես են իրեն ծեծել ոստիկանական բաժնում. «Երբ ես եկա Խորենացի, արդեն որոշ խնդիրներ, «անկարգություններ» եղել էին: Քաղաքացիական հագուստով անհասկանալի մարդիկ, որոնք անկարգություններ էին սարքում՝ փորձում էինք այդ հարցերը լուծել: Մեզ ոստիկաններն ասացին, որ պետք է լքենք Խորենացու բանուկ հատվածը: Մենք կանգնեցինք այգու մոտ, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին հարցրեցինք՝ այգու այս հատվածում որ կանգնենք՝ բռնություն չի՞ լինի, թույլատրելի՞ է, ասաց՝ 5 րոպե սպասեք՝ կտեսնեք: 3 րոպե անց հարձակվեցին, ձեռքերս ոլորեցին, տարան: Ոստիկաններից մեկն ասում էր՝ դեմքին չխփեք, երբ ոստիկանական պատն անցանք, արդեն սկսեցին ամբողջ ուժով հարվածել: Այդ ոստիկանը, որ ասել էր՝ դեմքին չխփեք, ինքն առաջինը խփեց ու կոտրեց ծնոտս: Ես փորձում էի պաշտպանվել, ասում էի՝ մի խփեք: Ծեծում էին բոլորին: Մեզ նստեցրին 4-րդ մեքենայի մեջ, տարան Շենգավիթի ոստիկանություն: Հենց դռնից մենք արդեն հասկացանք, որ նույնը այստեղ է սկսվելու՝ գոռոցներով, հայհոյանքներով, ծեծելով հասցրեցին առաջին հարկ՝ այսպես կոչված ընդունելության սրահ»:

arsen_tadevosyan_3

Նա ասաց, որ ինքն անընդհատ խնդրել է բուժօգնություն տրամադրել. «Ոստիկաններից մեկը՝ փոխոստիկանապետ էր, անունը չեմ հիշում, դժվար չի՝ ճշտեմ, լկտի ձեւով ձեռ էր առնում, թե երեւի ընկել ես, ամեն ինչ լավ ա: Երբ ասացի, որ ձեր համար ենք անում, ասեց՝ լավ կլինի, որ բոլորդ էլ երկրից գնանք ու պրծնենք ձեզանից»:

Արսեն Թադեւոսյանի գործը ներկայումս ՀՔԾ-ում է: Արսեն Թադեւոսյանն ասաց, որ միայն իր փաստաբանի միջամտությունից հետո են կարողացել դատաբժշկական փորձաքննության ենթարկել իրեն, այն էլ արձանագրել է, որ իր կարգավիճակը՝ որպես տուժող, ծանր չէ, քանի որ կոտրվածքը հետագա կյանքում բարդություններ չի ստեղծի. «Իմ ոսկորն ամբողջությամբ մի տեղից ջարդվել էր, մեկ այլ տեղից կոտրվել էլի: Չի կարող այդ կոտրվածքն ու ոսկորների տեղաշարժը հետագա կյանքում չխանգարել»:

arsen_tadevosyan_1

Դեպքից անցել է 1.5 ամիս, Արսեն Թադեւոսյանը դեռ լուրջ ցավեր ու խնդիրներ ունի՝ կոտրվածքների հետ կապված. «Պետք է վիրահատության ենթարկվեմ, ատամներս իրար վրա չեն նստում, ֆունկցիա չեն կատարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930