Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառած 4 գյումրեցիները դատապարտվեցին ազատազրկման

Սեպտեմբեր 08,2016 13:15

Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից անջատված մասով այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռը:

Ստեփան Չիլինգարյանը դատապարտվեց մեկ տարի վեց ամիս ազատազրկման, նույնքան էլ պատժաչափը նշանակվեց Հարություն Հովհաննիսյանին:

Իսկ Հակոբ Հակոբյանն ու Անուշավան Ավետիսյանը, ըստ դատավճռի, կազատազրկվեն երեք տարի վեց ամսով:

Հիշեցնենք, որ Չիլինգարյանն ու Հարությունյանը մեղադրվում էին քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով, իսկ Հակոբյանն ու Ավետիսյանը քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասով:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանից առաջարկություն է ստացել համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք եւ պայթուցիկ նյութեր հայթայթել եւ իրեն վաճառել: Հակոբ Հակոբյանը չի իմացել, որ այդ զենքերը նախատեսվում էին, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանությունը զավթելու ժամանակ: Նա նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Մյուս մեղադրյալ Հարություն Հովհաննիսյանն էլ, նույն առաջարկությունը ստանալով Անուշավան Ավետիսյանից, 2015թ. հուլիսին Գյումրիում 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել:

Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից նույն ամսին առաջարկություն է ստացել համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր հայթայթել եւ իրացնել: Նա էլ չի իմացել, որ դրանք նախատեսվում են ըստ անհրաժեշտության գործածել՝ Հայաստանում իշխանությունը զավթելու ժամանակ: Ստեփան Չիլինգարյանը 4700 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել:

Հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահել, իրացնելը…) հատկանիշներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930