2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների մոնիտորինգի արդյունքում՝ Միջազգային Համագործակցությունը, Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը և Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը, համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Protection of Rights without Borders կազմակերպության եւ Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի ներկայացուցչության հետ զեկույց է կազմել: Այն կոչվում է՝ «Այրված, ծեծված ու խաբված» եւ այն նվիրված է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հիշատակին:
Այսօր զեկույցը ներկայացնելիս Նորվեգյան Հելսինկյան Կոմիտեի ավագ խորհրդական Լենե Վեթլանդն իր զարմանքը հայտնեց այդ իրադարձությունների վերաբերյալ. «Ես զարմացած եմ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից: Մենք իշխանությունների վերաբերմունքը տեսանք 2008-ի Մարտի 1-ին եւ Էլեկտրիկ Երեւանի իրադարձությունների ժամանակ: Այս տարվա հուլիս ամիսը եւս բացառություն չէր: Մարդու մի քանի հիմնարար իրավունքներ են խախտվել, խախտվել են ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային նորմերը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը: Խախտվել են խաղաղ ցույցեր անցկացնելու, ազատ արտահայտվելու իրավունքները, ոչ մարդկային վերաբերմունք եւ հալածանք է եղել: ՀՀ իշխանությունները չպետք է այդպիսի վերաբերմունք ցույց տային Սարի թաղում ցուցարարների նկատմամբ: Եթե անգամ ՀՀ ներպետական օրենքը չի նախատեսում նմանատիպ ցույցերի իրականացում, համարում է անօրինական, իրավունք չունեին նման կերպ արձագանքել: Առավել եւս՝ խաղաղ բնակիչների հանդեպ: Պետք է խոսել օրենքի անհամապատասխանությունից: Ոստիկանները ներխուժել են մարդկանց տներ, ծեծի ենթարկել եւ ոչ մարդկային վերաբերմունք դրսեւորել: Կալանավորելու ընթացքում է ուժ է գործադրել, ձերբակալելուց հետո չի տրամադրել իրավաբանական օգնություն»:
Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության կոորդինատոր Սվետլանա Վալկոն ասաց, որ իրենց մոնիտորինգի խմբի անդամները այցելել են հիվանդանոց, զրուցել տուժածների հետ: Նա ներկայացրեց զեկույցում տեղ գտած մի քանի մեջբերումներ՝ ցուցարարների խոսքերից. «Մաշկի 16 տոկոսը, այդ թվում՝ դեմքը այրած Թամար Մանուկյանը պատմել է՝ նռնակները սուլոցով վեր էին թռնում պարուրաձեւ հետագծով ու հետո ընկնում: Մեկն ընկավ իմ ոտքին, մինչեւ հասկացա, որ ինձ է կպել, արդեն բոցերի մեջ էի: Երբ պայթյունը լսեցի, կարծեցի՝ կփախնեմ, բայց արդեն բոցերի մեջ էի ու չէի կարող շարժվել»:
Անի Հարությունյանն էլ, որը ցույցի է գնացել քրոջ եւ մորաքրոջ հետ, պատմել է, թե ինչպես է խլացել. «Ես խլացել էի, բան չէի լսում, ոտքս վիրավոր էր, ծուխ էր ամեն տեղ ու դժվար էր հասկանալ, թե ուր պետք է գնալ: Մենք վազում էինք՝ ոստիկանները մեր հետեւից»:
Կարդացեք նաև
Զեկույցում նաեւ տեղ են գտել Սարի թաղի բնակիչների նկատմամբ բռնությունները, թե ինչպես են մտել տները եւ ահաբեկել, երեխաների ներկայությամբ ինչպես են ոստիկանները հորը ծեծել նրանց աչքի առաջ. «Մի երեխա այնքան է վախեցել ու այնքան խորն է թաքնվել, որ չէին կարողանում գտնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ