«168 ժամի» զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն։ Հայաստանում դեռ չեն մարել խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանն ուներ կարգավորման ծրագիր, ինչը ենթադրում էր տարածքային զիջումներ, որը, ըստ խոսակցությունների, մերժվել է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է ներկայումս կատարվում բանակցային գործընթացում, և բանակցություններում ինչպիսի՞ զարգացումը կկանխարգելի նոր պատերազմը Ղարաբաղում։ Ի՞նչ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը։
– Ռուսաստանը հայկական տարածքները հանձնելու որևէ ծրագիր չուներ այս կամ այն կտրվածքով։ Առավել ևս, չէր կարող լինել ոչ մի ճնշում Երևանի նկատմամբ այս ուղղությամբ։ Եթե նման ճնշում իրականում լիներ, ապա մենք
կտեսնեինք իրական բողոքի ակցիաներ հայկական քաղաքների փողոցներում, այլ ոչ թե ընդդիմության առանձին թույլ միջոցառումներ։ Այսպես կոչված՝ «ռուսական ծրագիրը» հատուկ, նպատակաուղղված տեղեկատվական լցոնում էր հայկական հասարակության համար, որպեսզի սրի տրամադրությունները Ռուսաստանի նկատմամբ։
Կարդացեք նաև
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են հանդիպել՝ որքան ասես, որպեսզի շարունակեն երկարաձգել բանակցային «հետապրիլյան» գործընթացը, այդ բանակցությունների արդյունավետությանը ոմանք դեռ հավատում են։ Ի դեպ, հենց Հայաստանին է ձեռնտու իրերի նման դասավորությունը։ Ուստի Երևանը կարող էր գտնել, մտածել հավելյալ բանակցային ձևաչափեր, որոնք իրենց նոր լինելու հաշվին կարող էին երկարացնել պաուզան։ Պատերազմն Ադրբեջանի տեսանկյունից կարող էր կանխվել միայն տարածքների վերադարձի գործընթացի մեկնարկով՝ փաթեթային կամ փուլային։
Հայաստանի տեսանկյունից դժվար է պատկերացնել իրավիճակ, որը կարող է կանխել նման պատերազմը, քանի որ Հայաստանը չի պատրաստվում հանձնել նույնիսկ մի քանի բարձունք. Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացում կերկարաձգի գործընթացը, առանց առանցքային, հիմնական հարցի՝ Ղարաբաղի և Ղարաբաղին հարակից շրջանների հարցի լուծման, դա կլինի ժամանակի երկարաձգում։ Քաղաքական տեսության համաձայն՝ այս պատերազմի կանխարգելման միակ իրատեսական տարբերակը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հուսալի միությունն է։ Բայց լիբերալ–առևտրային համակարգերի պայմաններում, որոնք գործում են և՛ այնտեղ, և՛ այնտեղ, և՛ այնտեղ, և որոնք գործում են հօգուտ սեփական հյուծման, դա անհնար է։ Բայց սա արդեն այլ թեմա է։ Բայց բոլորը, չգիտես ինչու, մոռացել են այն մասին, թե ինչ էր ասվել, առաջարկվել ՌԴ նախագահի կողմից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմպրոմիսի մասին։ Այստեղ կարող են լինել տարբեր հետաքրքիր տարբերակներ, բայց նույնիսկ «կոմպրոմիս» բառը վերացել է քննարկումների դաշտից։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում